Կձևավորվի՞ դե յուրե այն, ինչ գոյություն ունի դե ֆակտո

Կձևավորվի՞ դե յուրե այն, ինչ գոյություն ունի դե ֆակտո
Վահագն Թևոսյան, Ամուլսար

Ամուլսարի իրադարձությունները եւ հանքը շահագործել-չշահագործելու վերաբերյալ նիկոլփաշինյանական մեկնաբանությունը նաեւ այլ  «կողմնակի էֆեկտ» կարող են ունենալ։ Առանց այն էլ ոչ միատարր «Իմ քայլում», hիմնականում, բոլոր նրանք, ովքեր քաղաքականություն են մտել որպես բնապահպանական ակտիվիստ կամ իրենց դիրքավորել են խմբակցության, այսպես կոչված՝ սորոսական թեւում՝  Լենա Նազարյան, Էդգար Առաքելյան, Գայանե Աբրահամյան, Վարազդատ Կարապետյան, Միքայել Զոլյան, Սոֆյա Հովսեփյան եւ մյուսներ (վերջինս, օրինակ, ստամբուլյանի հարցում այս նույն թեւի հետ անհաղթահարելի գաղափարական տարաձայնություններ ունի), առաջին անգամ հստակ դեմ արտահայտվեցին՝ վարչապետի ելույթին հընթացս գրառումներ անելով, որ հանքի շահագործման հարցում իրենց հակառակում չեն համոզի։

Զուգահեռաբար, առաջին անգամ փոխխոսնակի մակարդակով առաջնորդի կարծիքից տարբերվող կարծիք հայտնվեց։ Ավելին՝ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն արտերկրից առաջարկեց, որ  «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի՝ հանք դառնալուն, կարող են, օրինակ, կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: Արդյոք կձեւակերպվի՞  այն, ինչ դե ֆակտո գոյություն ունի վաղուց, եւ արեւմտամետները կպոկվե՞ն «Իմ քայլից»՝ տարբեր հարցերի հետ կապված տարբեր կողմնորոշումների հետեւանքով։ Սորոսական թեւի ներկայացուցիչները երեկ առավել խուսափողական էին․ կա՛մ չէին պատասխանում, կա՛մ ասում էին, որ նման հարց չեն քննարկել։ 

Հնարավոր անջատումների եւ հետեւանքների մասին զրուցեցինք պատգամավոր Վահագն Թեւոսյանի հետ։

- Պարոն Թեւոսյան, չե՞ք կարծում, որ «Իմ քայլում» պառակտումներ են սկսվել։ Համաձայնեք՝ ամեն օր չէ, որ ԱԺ փոխխոսնակը թիմի առաջին դեմքից տարբերվող դիրքորոշում է հայտնում։

- Ոչ, չեմ կարծում։ Չեմ կարծում, որովհետեւ դրանք աշխարհայացքային դիրքորոշումներ են՝ ըստ էության։ Եվ դա չի նշանակում պառակտում, որովհետեւ ընդհանուր գաղափարական մասով մենք բոլորս միատարր ենք։ Ընթացիկ պրոցեսուալ առումներով հնարավոր են տարաձայնություններ, որոնք ընթացքում, մեծ հավանականությամբ, հարթվելիք են։ Լենան  տարբեր խմբերում է եղել, որոնք մշտապես պայքարել են առհասարակ որեւէ հանքի շահագործման դեմ։ Բայց վարչապետի  «լայվը»  լսելուց  հետո, կարծում եմ, որ հնարավոր էր անել եզրահանգում, եթե մենք ուզում ենք լինել իրավական պետություն, ապա ամեն ինչ պետք է անցնի իրավական ընթացակարգերով։ Հիմա եթե ինստիտուցիոնալ ընդդիմությունը կամ խմբակցության ներսում որեւէ խումբ ինստիտուցիոնալ որեւէ գործողություն կիրականացնի, կլինի նորմալ։ Ես կարծում եմ, որ համապատասխան պարտավորություններ ստանձնած մարդիկ, որոնք ասում են՝ ես լրագրող եմ, ես պատգամավոր եմ, ոչ թե Անուշ Դաշտենցն եմ, Վահագն Թեւոսյանը կամ Լենա Նազարյանը, պարտավոր են իրականացնել իրենց գործառույթներն այդ միջավայրում։ Ինչպեսեւ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, Տիգրան Ավինյանը՝ որպես փոխվարչապետ, իրականացնում են իրենց գործառույթները ինստիտուցիոնալ։ Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը ոնց է վերաբերվում Ամուլսարի շահագործմանն առհասարակ, ավելի շուտ գիտեմ, բայց կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին, բայց որպես ինստիտուցիա՝ ինքը պարտավոր է  ինչ-որ բաներ անել։ Եթե չանի, դա բարդ ինստիտուցիա է, եւ դրանով պայմանավորված՝ ինքը վատ է անելու նաեւ իր մնացած գործերը։