ԱԱԾ-ն կստուգի՝ կոռուպցիա կա՞, թե՞ չկա

ԱԱԾ-ն կստուգի՝ կոռուպցիա կա՞, թե՞ չկա
Արթուր Գրիգորյան, Հայկ Մարտիրոսյան, Ամուլսար, ԱԱԾ

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաեւ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը երեկ գրառումներ էին կատարել իրենց ֆեյսբուքյան էջերում, որոնք հայրենի դատախազությունը գնահատել է որպես առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող եւ ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով:

Այս մասին երեկ դատախազությունը հաղորդագրութուն էր տարածել՝ նշելով, որ վերոնշյալ անձինք իրենց գրառումներում հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ինչն էլ պետք է ստուգի ՀՀ ԱԱԾ-ն։

Մենք փորձեցինք հասկանալ, թե Արթուր Գրիգորյանի եւ Հայկ Մարտիրոսյանի գրառումներում հատկապես որ մասն է այդ մասին վկայում, բայց ո՛չ դատախազությունից, ո՛չ ԱԱԾ-ից չմանրամասնեցին։ ԱԱԾ լրատվական ծառայությունից միայն ասացին, որ դատախազությունից արդեն գրությունն ստացել են, հիմա նյութեր են նախապատրաստվում։
Նշենք․ Արթուր Գրիգորյանը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է կայացվել Ամուլսարի հանքի շահագործման որոշումը՝ նշելով, որ այդ որոշման մասին ինքն իմացել է դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էր։ Նա սլաքներն ուղղում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու նրա գրասենյակի ուղղությամբ՝ հայտարարելով․ «Նշանակման օրվանից սկսած՝ Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին»։ Մի քանի այլ հանգամանքներ մեջբերելուց հետո Գրիգորյանը եզրափակում է․ «Կհարցնեք՝ իսկ ինչո՞ւ են այդպես վարվում: Կոռուպցիա, սովորական կոռուպցիա»։

Թերեւս այս խոսքերն են հիմք հանդիսացել, որպեսզի դատախազությունն ուշադրություն դարձնի նրա գրառմանն ու այն ուղարկի ԱԱԾ։

Իսկ իրեն քաղաքագետ հռչակած Հայկ Մարտիրոսյանն էլ, չգիտես ինչու, մտնելով բնապահպանական թեմաների մեջ, իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ես՝ ինքս, լուրջ կասկածներ ունեի ողջ ընթացքում, որ պարզ, խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: Հիմա այլեւս այդ կասկածները չկան: Որեւէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի: Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլեւս լինել չի կարող»։