Ի՞նչ ասաց Հովիկ Աղազարյանը

Ի՞նչ ասաց Հովիկ Աղազարյանը

Կարտոֆիլագործների հետ պատերազմի հերոս, ԱԺ ՔՊ-շնիկ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դարձյալ կռվի մեջ էր ընկել, այս անգամ՝ ԱԺ նիստերի դահլիճում: Թե ինչ տղայական բառ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին, ինքն էլ չի հիշում, բայց գիտի, որ ԱԺ-ն տղայական հաշիվներ մաքրելու վայր չէ: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, երբ անվտանգության աշխատակիցները Ալեն Սիմոնյանի կանչով լցվեցին դահլիճ, Հովիկ Աղազարյանն արդեն այնտեղ չէր: Գոնե ես նրան չտեսա որևէ մեկին հրելիս կամ քաշելիս: Ի դեպ էն Վահագն Ալեքսանյանն էլ չկար, որ մի երկու հատ քացի գցեր ու Հովիկ Աղազարյանի պատիվը «փրգեր»: Տո լի գործուղման էր, տո լի գործի չէր եկել, տո լի Նիկոլն է կարգադրել ԱԺ-ում քացի չգցել: Մի խոսքով, կռիվն ինչպես անակնկալ սկսվեց, այդպես էլ ավարտվեց: Դատավոր Դանիելյանը երևի չհասցրեց էլ նայել Արթուր Սարգսյանի աչքերի մեջ: Դե պատկերացրեք, թե ինչ ռեպլիկ էր թողել Հովիկ Աղազարյանը:

Այսուհանդերձ ես կարծում եմ, որ եթե ԱԺ-ի այդ միջադեպի գործը երբևէ մակագրեն դատավոր Դանիելյանին, նա կրկին կկալանավորի Արթուր Սարգսյանին և չի էլ փորձի լսել նրան: Սա կոչվում է դատավոր Դանիելյանի մեթոդ, կամ, ինչպես Ագնեսա Խամոյանը կասեր՝ դատավոր Դանիելյանի անվան մեթոդ: Ես փորձեցի մտքոով պատկերացնել այդ դատը… Ոտքի, դատավոր Դանիելյանն է գալիս… Բոլորը կանգնում են՝ ներառյալ Հովիկ Աղազարյանն ու նրա փաստաբան Նիկոլ Փաշինյանը: Դանիելյանն սկսում է.

-Պարոն Փաշինյան, կարող եք նստել…
-Նստել միշտ էլ կհասցնեմ…
-Ես այդ մտքով չասացի:
-Ես՝ նույնպես: Պարզապես ձեր դատարանի նստարանի վրա փուշ կա, ծակում ա:
-Քոռանամ ես,- վեր է թռչում Հովիկ Աղազարյանն ու, տեղը Փաշինյանին զիջելով, ինքը նստում փշի վրա:
Դատը շարունակվում է:
-Քաղաքացի Աղազարյան, Դուք իմ թեկնածության քննարկման ժամանակ ի՞նչ ասացիք ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին:
-Բողոքում եմ,- մեջ է ընկնում Աղազարյանի փաստաբանը, Դուք իմ պաշտպանյալին այնպիսի հարցեր եք տալիս, որ նույնիսկ անհարմար է պատասխանել:
-Բողոքը բեկանում եմ: Կրկնում եմ, հարցը: Քաղաքացի Աղազարյան, Դուք իմ թեկնածության քննարկման ժամանակ ի՞նչ ասացիք ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին:  
-Չեմ հիշում:
-Ապրես,- Հովիկի ականջին շշնջում է Փաշինյանը,- անընդհատ պնդիր ոչ չես հիշում:
-Չեք հիշո՞ւմ, թե՞ դժվարանում եք հիշել:
-Չեմ հիշում, համ էլ դժվարանում եմ հիշել:
-Այդ դեպքում ես ստիպված կլինեմ դահլիճ հրավիրել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Դանիելյանին:
-Բողոքում եմ,- կրկին վեր է թռչում Աղազարյանի պաշտպանը:
Դատավոր Դանիելյանը դիմում է պաշտպանին.
-Բա էլ ինչպե՞ս կհրամայեք պարզել այս հարցը, պարոն Փաշինյան:
-Դա արդեն ձեր պրոբլեմն ա, հարգելի դատարան:
-Հասկացա, դատարանը գնում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Մնացեք տեղերում, հիմա կգամ:

Տասը րոպե չանցած Դանիելյանը վերադառնում է:

«Հանուն Հայաստանի Հանրապետության՝ վճիռ… Քննելով հպարտ քաղաքացի Պողոսի հայցն ընդդեմ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի՝ ի պաշտպանություն ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի, որն, ի դեպ, հանգիստ ննջում էր ԱԺ նիստերի դահլիճում և ոչ ոքի չէր խանգարում, որոշեեցի 2 ամսով կալանավորել Արթուր Սարգսյանին, մինչև պարզվի, թե քնից արթնանալով նրան ինչ է ասել Հովիկ Աղազարյանը:
Դատավոր Դանիելյան»: