Համաշխարհային «քաոս»՝ օդային տարածքում․ պատճառն Իրանի հարձակումն է

Համաշխարհային «քաոս»՝ օդային տարածքում․ պատճառն Իրանի հարձակումն է

Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո մի շարք խոշոր միջազգային ավիաընկերություններ բախվել են թռիչքների խափանումների հետ կապված խնդիրների, հայտնում է Reuters-ը։

Վերջին երկու օրվա ընթացքում առնվազն մեկ տասնյակ փոխադրողներ ստիպված են եղել չեղարկել կամ փոխել երթուղին, այդ թվում՝ Ավստրալիայի Qantas-ը, գերմանական Lufthansa-ն, American United Airlines-ը և Հնդկաստանի Air India-ն:

OPSGROUP խորհրդատվական ընկերության հիմնադիր Մարկ Զին նշել է, որ ավիափոխադրումների խափանումը ամենամեծն էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։ 

«Այդ ժամանակից ի վեր մենք այնպիսի իրավիճակ չենք ունեցել, երբ այդքան շատ տարբեր օդային տարածքներ այդքան արագ փակվեն, և դա քաոս է ստեղծում», - ասել է Զին Reuters-ին: 

Նրա կանխատեսմամբ, խափանումները, հավանաբար, կտևեն ևս մի քանի օր։
OPSGROUP-ի հիմնադիրը բացատրել է, որ Իրանի օդային տարածքն օգտագործում են Եվրոպայի և Ասիայի միջև թռչող ավիաընկերությունները։ Փոխադրողները ստիպված կլինեն սահմանափակվել երկու այլընտրանքային երթուղիներով՝ կա՛մ Թուրքիայի, կա՛մ Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի միջոցով:

Հայտնի է, որ Իսրայելը, ինչպես նաև Հորդանանը, Իրաքը և Լիբանանը շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, փակել են իրենց օդային տարածքը Իրանի հարվածների պատճառով։ Կիրակի նրանք վերսկսել են թռիչքները իրենց տարածքով։ Մերձավոր Արևելքի խոշորագույն ավիաընկերությունները, այդ թվում՝ Emirates Airlines-ը, Qatar Airways-ը և Etihad Airways-ը, երեկ հայտարարել են, որ իրենք նույնպես կվերսկսեն թռիչքները տարածաշրջանում՝ մի շարք չվերթներ չեղարկելուց կամ փոխելուց հետո, հայտնում է Reuters-ը։