Վաղը Գյումրին առանց հյուրերի տոնելու է քաղաքի օրը. Համայնքի բյուջեից հատկացվել է 3 մլն դրամ

Վաղը Գյումրին առանց հյուրերի տոնելու է քաղաքի օրը. Համայնքի բյուջեից հատկացվել է 3 մլն դրամ

Վաղը Հանրապետության երկրորդ քաղաքում տոն է: Ամեն տարի Գյումրին առանձնահատուկ է տոնել քաղաքի օրը՝ բազմամարդ միջոցառումներ, մեծ թվով հյուրեր, տոնախմբություն եւ հրավառություն: Այս տարի բացառիկ է: Գյումրեցիները հյուրերի չեն սպասում, բայց եկողներին էլ չեն մերժի: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը, պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով եւ մեր երկրում հայտարարված արտակարգ դրությամբ, կանցկացվի  առցանց՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով․․․:«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն, իհարկե, անսովոր կլինի, բայց, համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործելով, մենք կարող ենք սեպտեմբերի 5-ը դարձնել տարվա ամենագյումրիական օրը․․․Քաղաքի մարդիկ, քաղաքի նոր ու սիրուն, հին ու պատմական վայրերը, քաղաքի մեղեդին ու գույները՝ առցանց՝ հնարավոր բոլոր հարթակներում․․․»: Տոնական համերգին էլ հետևելու ենք էկրաններից այն կողմ:

Վաղը Գյումրիում 2 մարզական դպրոց է բացվելու, որոնցից մեկը օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անունը կրող ծանրամարտի դպրոցն է: Քաղաքապետարանի շենքում էլ նոր թանգարան կբացվի։ Տեղի  կունենան «Մայր Հայաստան» հիմնանորգված հուշահամալիրի բացման եւ Տրդատ ճարտարապետ փողոցում  սոցիալական բնակարանների հանձնման արարողություններ : Քաղաքի օրվա միջոցառումների համար համայնքային բյուջեից շուրջ 3 միլիոն դրամ է հատկացվել։

Հիշեցնենք, որ  ավագանու նիստին «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությանը նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով Գյումրու ավագանին համայնքի բյուջեից հատկացրեց 7 միլիոն դրամ: Հատկացրեցին, բայց նշեցին, որ կսպասեն իրավիճակի փոփոխությանը, եթե մինչ օգոստոսի վերջին կիրակին արտակարգ դրությունը չավարտվեց, գումարն ուղղակի կտնտեսեն: