Աննա Հակոբյան․ կերպարանափոխություն

Աննա Հակոբյան․ կերպարանափոխություն

Աննա Հակոբյանից առաջին տիկին չի ստացվում։ Ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը «թույլ չի տալիս» (ըստ վերջինիս՝ դա ՀՀ նախագահի տիկինն է), այլեւ ինքը՝ կերպարը, որ ներքին անհաշտություններ ունի, հակասություններ, իսկ դրանք առաջին տիկիններին սովորաբար բնորոշ չեն։ Անհաշտության ամենախոսուն վկայությունը՝ Ա․ Հակոբյանի կերպարը կայուն չէ, այն հեղհեղուկ է, հարափոփոխ․ տպավորություն կա, որ նույնիսկ չի ձեւավորվել։ 

Վերջին ֆոտոսեսիան դրա վկայությունն է։ Երկար ժամանակ այս տիկինը հանդես էր գալիս խաղաղության ջատագովի կերպարում, ընդ որում՝ այնքան խորն էր թաղվել այդ կերպարում, որ կարողանում էր անտրամաբանական, նույնիսկ հակահայրենասիրական մտքեր արտահայտել՝ «հանուն» խաղաղության։ Զոհված զինվորների մասին ասված «հանուն ոչնչի» արտահայտությունը («Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է եւ նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի»)  լավագույնս բնորոշում է խաղաղության վերաբերյալ սույն տիկնոջ ըմբռնումները։

«Հանուն» խաղաղության նա նույնիսկ նվաստացուցիչ քայլերի էր ընդունակ, ասենք՝ Ադրբեջանի առաջին տիկնոջն Արցախ հրավիրելու եւ միասին մուղամ լսելու չափ։ Փառք աստծո, Ադրբեջանի առաջին տիկինը պակաս ռոմանտիկ էր, թե չէ կարող էինք «դարի» հանդիպման վկաները լինել։ Կամ էլ՝ ականատեսներն այն բանի, թե ի դեմս այդ երկու տիկնանց ինչպես է մարմնավորվում ղարաբաղյան խնդրի լուծման՝ երկու ժողովուրդների համար «ընդունելի» լինելու վերաբերյալ վարչապետական հանճարեղ թեզը։

Վերադառնանք ֆոտոսեսիային, որի առաջին եւ ամենակարեւոր մեսիջն այն է, որ տիկինը փոխվել է՝ կտրուկ եւ․․․ 360 աստիճանով (իր չափումով)։ Խաղաղության քարոզչի, բազմազավակ մոր երկամյա կերպարից բան չի մնացել․ տիկինը հանդես է գալիս ակնհայտորեն նախահարձակ եւ մարտական կերպարում։ «Գնդացրորդ» Աննայի կադրը որ ինչ ասես արժե․ մենք տեսնում ենք դեպի ենթադրելի թիրախն իր թշնամանքն ու ատելությունը թափող հայ կնոջ։ Թե այդ կերպարը որքանով է համահունչ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության ռահվիրային՝ դժվարանում ենք ասել։

Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե դեմ ենք վարչապետի տիկնոջ այս նոր կերպարին։ Ընդհակառակը, նույնիսկ գոհ ենք։ Պայմանով՝ եթե այդ կերպարն «աշխատի» այնպիսի կարեւոր ոլորտում, ինչպիսին ազգային արժեքների պահպանությունն է՝ կրթության բնագավառում։ Կամ այդ կերպարը նույն «սպառազինությամբ» հանդես գա Ստամբուլյան կոչվող կոնվենցիայի առաջիկա քննարկումներում։ Միջանկյալ ասեմ, որ մեզ՝ հանրությանը, իշխանական վերնախավում այնպիսի «մարդ» ունենալը, ինչպիսին Աննան է իր ֆոտոսեսիաներում, խիստ ցանկալի է։ 

Զինվորի մորից զինվորի փոխված Աննան զուտ մոդելային չափանիշներով գուցե այլ է, չգիտեմ։ Բայց ինձ հետաքրքրում է նաեւ այդ փոփոխության ժամանակը, որն ամբողջովին համընկնում է վերջին շրջանում տարածաշրջանում կատարվող ռազմաքաղաքական փոփոխություններին, ինչպես նաեւ տավուշյան դիրքային մարտերում ձեռք բերված հաջողություններին եւ դրանց հաջորդած ճոխ պարգեւատրումներին, այսինքն՝ մեր մարտական ձեռքբերումների այնպիսի ֆետիշացմանը, որը նաեւ ռազմաշունչ Աննայի նոր կերպարն է հուշում։ Ինձ մտահոգում է նաեւ, որ այս իշխանությունները հապշտապ «հագնում» են Տավուշի սահմանապահ զինվորականի հաղթական համազգեստը եւ փորձում դրանով գերազանցել․․․ նախորդ իշխանությունների օրոք արձանագրված հաղթանակներն ու հերոսներին։ Աննա Հակոբյանի ֆոտոսեսիան ինքն իրենով հուշում է դեպի բանակը եւ զինվորը ավելորդ իշխանական սեւեռման մասին, որը սեւեռումի ուժգնությամբ արդեն իսկ քաղաքականացված է, եւ հենց այդ չափով՝ անցանկալի։

Շաբաթներ առաջ Աննա Հակոբյանը մի ֆոտոսեսիա էլ Արցախի «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցում էր արել։ Այնտեղ նա վեհապանծ ու արժանապատիվ տիրուհու կերպարում էր, եւ որքան էլ որ հավակնությունները չզսպված էին ու անհաճո, այնուամենայնիվ, չափի զգացումը հնարավորինս պահպանված էր։ 

Այս նոր ֆոտոսեսիայում առաջին բանը, որ անմիջապես աչքի է զարնում, չափի զգացման խախտումն է, իմ կարծիքով՝ բացակայությունը։ Նույնիսկ հրապարակված լուսանկարների քանակը դա է վկայում։ Էլ չեմ ասում զինվորական այն միջավայրի մասին, որը ֆոտոտաղավարի դեր է կատարել։
Բանակը ֆոտոտաղավար չէ։