Բագրատ Եսայա՞նի Երկիր Մեդիան խի՞ ճաշ չի եփում․․․

Բագրատ Եսայա՞նի Երկիր Մեդիան խի՞ ճաշ չի եփում․․․

Կարդում եմ, որ առավոտ լուսո ԱԱԾ-ականները մտել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն և տարել տնօրեն Բագրատ Եսայանին։  Գործընկերներն ասում են ՝ մանրամասներ հայտնի չեն։ Չեմ հասկանում՝ չորս տարի է նստած ենք ԱԱԾ ռելսերի վրա ու  սպասում ենք, թե հաջորդն ով է ընկնելու գնացքի տակ ու մանրամասներ չգիտե՞ք․․․

Դե որ չգիտեք, ես ասեմ։ Հ1 ես միացնում՝ ճաշ են եփում հետն էլ փահ- փահ անելով ուտում։ Հ2 ես գցում, մի ուրիշ խումբ է համ զրուցում, համ բիբար- խիյար կտրտում, համ էլ ճաշ եփում։ Արմենիայում էլ  ժարիտ- մարիտ է՝ ՀՀ գլխավոր խոհարարներով, բանով։  Լավ, բա որտեղի՞ց մի նորություն իմանամ,- մտածում ես ու Շանթ գցում։ Այնտեղ էլ մի ուրիշ խումբ է ճաշի վրա նստած։ Չշարունակեմ։ Մնացած ժամերը համարյա արխիվային հա-հա, հի-հի են գցում կամ էլ 20 տարի առաջվա վիտամին- միտամին-ը, Հայկոյի սերիալները։

 Երեկ աշխարհից անտեղյակ մի պառավ հարևանուհի ունեմ, բալկոնով ասում է․ 

«Բա ասում էին Սերժի Ռիտան մեռե՞լ է։ Ախչի էդ ի՞նչ լավ է, որ սաղ է, շատ էի սիրում։ Քանի օր է, էն ծիծաղ հաղորդմանն է մասնակցում։ Նենց էլ լավ ուրախ է, տրամադրությունս բարձրացավ»։ Մինչև ուշքի գայի, թռավ՝ սերիալս սկսեց․․․ Մի ալիք էլ կա է՜․ Նոր Հայաստան են ասում։ Ոնց որ հինը քանդել, նորն են սարքել, չգիտես՝ որ երկրի մասին են խոսում, որ այդքան երջանիկ են։ Մնացածի մասին չխոսեմ՝ լրիվ ճաշ են եփում։ Էդ դուք որտե՞ղ եք եղել, որ մենք ճաշ էինք եփում, այ ճնճղուկներ, ժողովուրդը հացի փող չունի, դուք եփեմ- թափե՞մ եք անում․․․ Էսպես որ գնաց, հեռուստատեսության աշխատողները ,,իրենց պերերիվն էլ,, հաղորդման ժամանակ կանեն։ Երկրի ղեկավարը, որ ուտել շատ է սիրում, բոլորը պիտի ուտելուց խոսեն։   
Զրույցով ընկա, մոռացա, որ Բագրատ Եսայանից պիտի խոսեի։ Բագրատ Եսայա՞նի Երկիր Մեդիան խի՞ ճաշ չի եփում։ Ճաշ չի եփում, դրա համար ԱԱԾ-ն տնօրենին տարել է։