ГАИ-ից այն կողմ այդպես էլ չանցանք

ГАИ-ից այն կողմ այդպես էլ չանցանք

Ինչու՞ ГАИ-государственная автоиспекция: Երբ հասարակության մեջ ավելի շատ քննարկվող թեմաները «գաիշնիկներն» ու հարկայիններն են, ուրեմն այդ հասարակությունը դեգրադացված է: 
Վերջերս, մի քանի անգամ առիթ է եղել նշելու, որ ՃՈ-ն՝ Ճանապարհային ոստիկանությունը, բավական առաջընթաց է ապրել՝ սպասարկման մակարդակով և բարեկրթության առումով: Լավ կլիներ այդ կառույցը մնար նախկին ГАИ-ի մակարդակում, փոխարենը՝ պատգամավորներն անցած լինեին հաջորդ level (մակարդակ): 

15-16 տարի առաջ էր, հայտնվեցի մի ավտոմեքենայում, մի բարձր պաշտոնյայի ու մի պատգամավորի հետ: Բոլորիս տրամադրությունը ինչ-որ առիթով բարձր էր, իսկ պատգամավորինը՝ նաև բավարարվածության մեծ, չէ՝ ահռելի մեծ զգացողությամբ համակված. «Օրենքն անցկացրինք, -մեծ գործ արած մարդու բավարարվածությամբ ասաց նա: Հարցրի. «Ի՞նչ օրենք»: «Երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներին առնչվող».-եղավ պատասխանը: Խոսքը վերաբերում էր բնակչության կենսամակարդակին ոչ համարժեք բարձր տուգանքներ սահմանելու մասին: 
Հիասթափված արձագանքեցի. «Քո ոգևորվածությանից դատելով, կարծեցի, թե…», Նա տնտեսական հարցերով էր զբաղվում, իսկ տնտեսությունը, այն ժամանակ, թեև երկնիշ աճով էր բնութագրվում, բայց մասնագետները լավ էին հասկանում, որ դա բնական աճ չէ և որակապես չի անդրադառնում մարդկանց կենսակերպի վրա, պահանջվում են այլ լուծումներ: Դրանով ավարտվեց մեր կարճ քննարկումը, որովհետև մեզ առջևում հաճելի միջոցառում էր սպասում…
Ներկա ԱԺ-ում մի պատգամավոր կա, որը պետք է որ իմանար իր նախկին մասնագիտությանն առնչվող հետևյալ անեկդոտը:

Թույլատրված տեղում մի «Запорожец» վազանցում է կատարում, ինչի համար տեսուչը կանգնեցնում է. «Ի՞նչ խախտում եմ արել, ընկեր լեյտենանտ».- վախվորած հարցնում է պայմանական ավտոմեքենա համարվող «Запорожец»-ի վարորդը: Տեսուչը բավական ազդեցիկ ձայնով ասում է. «Ձեզ «Запорожец» տվել են, որ յոլա գնա՞ք, թե՞ վազանց կատարեք: Տուգանք՝ 3 ռուբլի (լուրջ գումար էր)»:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժո¬ղովում ներկայացվել էր մի «օրախնդիր» նախագիծ: «Վարչական իրավախա¬խտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին առաջարկել է նվազեցնել առանց ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենա վարելու համար սահմանված տուգանքները:  Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հետաքրքիր է, այս անձնավորությունը նույն, վերևում նկարագրված, ոգևորությամբ իր շրջապատում կպատմի՞, թե ինչ մեծ գործ են արել:

Ի դեպ, այն ժամանակ խոսքը վերաբերում էր տնտեսական աճի որակը բարելավելուն. տնտեսության վիճակը վատ չի եղել, բայց ավելի կարևորվել է տնտեսության կառուցվածքը բարելավելը, երկրի տնտեսական աճը տևական դարձնելը, ի վերջո, երկիրը տնտեսական զարգացման «մայրուղի» դուրս բերելը: Մինչդեռ, այժմյան հայաստանյան և շուրջհայաստանյան խնդիրներն այլ են, սպառ¬նալիքները՝ ոչ միայն վիրտուալ, այլև՝ գործողության մեջ: Ու, այս խորա¬պատկերին, պատգամավորների թանկարժեք ժամանակը ծախսվում է այսպիսի «դարակազմիկ» օրենքներ ընդունելու վրա: 

Ասված է, չէ՞, յոլա գնացեք, բայց վազանց մի արեք: Ուր էր, մի «ՃՈ տեսուչ» սրանց տուգաներ 3, չէ՝ ռուբլով չէ, bitcoin-ով, նախագծի մշակողներից և այդ նախագիծը հավանության արժանացրածներից յուրաքանչյուրին: Լավ կլիներ նաև, որպեսզի որոշ օրենքների չարամիտ փոփոխության կամ չարամտություն պարունակող օրենքների ընդունման համար՝ քրեական պատասխանատվություն նախատեսվեր:

Գագիկ Վարդանյան