85-ամյա փառահեղ պատմություն

85-ամյա փառահեղ պատմություն

Հունիսի 21-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշելու է հիմնադրման 85 ամյակը։ Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսը կվայելի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անկրկնելի կատարումները՝ հայտնի տենորներ Պերճ Քարազյանի եւ Հայկ Թոնգուրյանի մասնակցությամբ։ Տոնական երեկոյին կհնչեն Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ ստեղծագործությունները։

Գրեթե ինը տասնյակ տարի ամբողջ աշխարհում մեծ համբավ վայելող երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: Մինչեւ 1939 թվականը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր նրա հիմնադիր Թաթուլ Ալթունյանը: 1939 թվականից մինչեւ 1944 թվականը, ինչպես նաեւ 1954-1960 թվականներին երգչախումբը ղեկավարել է Արամ Տեր-Հովհաննիսյանը: Իսկ 1961թ. սեպտեմբերից մինչ օրս երգչախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը: Իր հարուստ պատմության ընթացքում երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» (1969թ.), այնուհետեւ՝ «Վաստակավոր կոլեկտիվ» կոչմանը (1975թ.): 2012-ին երգչախմբին շնորհվել է «ազգային» կարգավիճակ:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ եւ հայտնի դասական այլ կոմպոզիտորների մեծաթիվ հռչակավոր ստեղծագործությունների կատարմամբ: Երգչախմբի նվաճումներից էր ԽՍՀՄ երգչախմբերի մրցույթի առաջին մրցանակը: Խմբի ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում արժանացել է Grand Prix մրցանակի: Երգչախմբին շնորհվել է նաեւ Շվեյցարիայի Montreux միջազգային փառատոնի մրցանակը (1999թ.): Le Figaro, The New York Times, The Boston Globe, Le Monde, The Independent, Paris Match, Meridional, Los Angeles Times, Macedonia, Le Soir, La revue du Liban, Le Provençal եւ այլ պարբերականները մշտապես ընդգծել են երգչախմբի եւ նրա գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի մասնագիտական բարձր մակարդակն ու աչքի ընկնող նվաճումները:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում երգչախումբը հանդես է եկել Փարիզի Palais des Congrès, La Salle Pleyel, Théâtre des Champs Elysées, Լոնդոնի Queen Elizabeth Hall եւ Westminster Methodist Center Hall, Պրահայի the Salle Smetana, Նյու Յորքի Avery Fisher Hall, Բոստոնի Symphony Hall, Դեթրոյթի Orchestra Hall, Լոս Անջելեսի Scottish Rite Auditorium, Մոսկվայի կոնսերվատորիայի եւ այլ աշխարհահռչակ համերգասրահներում: Կանադայում թողարկվել են երգչախմբի LITURGIE ARMENIENNE, իսկ Մոսկվայում՝ LITURGY of KOMITAS ձայնասկավառակները:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ