«Դավաճան, քեզ պետք է սատկացնել»

«Դավաճան, քեզ պետք է սատկացնել»

Օգտվելով Նիկոլի ավտոշարասյան կանգ առնելու հանգամանքից՝ Նյու-Յորքում մեկ տասնյակի չափ հայեր «ողջունել» են նրան «դավաճան, քեզ պետք է սատկացնել» բացականչություններով: 36 վայրկյանանոց այդ տեսահոլովակը շրջում է համացանցով : Հոդվածը գրելու պահին արդեն նայվել էր 5244 անգամ. բնականաբար, ես էլ նայեցի: Բայց անմիջապես ասեմ, որ դեմ եմ նման ակցիաներին՝ որքան էլ դեմ լինեմ Նիկոլի պաշտոնավարմանը: Չէ, ակցիաներին կողմ եմ, սակայն ոչ այդպիսի կարգախոսներով: Դեմ եմ, քանի որ Նիկոլի դավաճան լինելը պետք է ապացուցվի նրա կողմից նշանակված դատավորների կողմից: Որևէ մեկը չի կասկածում, չէ՞,  որ դատավորներն իրականում նշանակվում են հենց նրա կողմից: Եվ ինքը պետք է հնարավորինս երկար ապրի՝ մեռնողներին երանի տալով: Որովհետև կառավարության «դաչան» ցկյանս դատապարտվածի խուցով փոխարինելը, չեմ կարծում, թե մեռնելուց ավելի գերադասելի տարբերակ է: Ինչպես նաև աշխարհի մեծամեծների հետ շփումը բանտային «կլյուչնիկով» շփման վերափոխումը պետք է ավելի ծանր տանելի լինի, քան մահանալը: Դա՝ մեկ, և երկրորդ. հենց այդպիսի վերաբերմունքն է (բազմաթիվ այլ գործոնների շարքում) նրան ստիպում մնալ վարչապետի աթոռին՝ թեկուզ պետության կործանման գնով: Եվ երրորդ՝ դավաճան գոռալն ու «վիրտուալ» սպառնալը՝ հատկապես Հայաստանում, հոգեբանորեն նույնն է, թե կաթսայի կափարիչ վերցնելով՝ գոլորշի բաց թողնելը: 

Ի դեպ, ակցիայի մասնակիցները որևէ նորություն չփոխանցեցին Փաշինյանին: Վերջինս լավ էլ տեղյակ է, որ հայերի գրագետ մասն իրեն համարում է դավաճան: Ու անընդհատ կռիվ է տալիս այդ բնորոշման դեմ: Իսկ որ իրոք առկա է դավաճանություն՝ դրանում կասկած լինել չի կարող: Դրա վկայությունն է մի քանի հազար զոհերի գնով Արցախը թուրքին հանձնելու ծրագիրը: Այն առկա էր արդեն 2019 թվականի աշնանը: Ինչն, ի դեպ, 2021 թվականի հուլիսին բարձրաձայնվել է լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից և մնացել է անհետևանք: Ի դեպ, իշխանափոխությունից հետո ծագելու է նաև անհետևանք մնալու պատճառը: Եվ բացահայտվելու են մեղավորները: Մնացած ամեն ինչ՝ 44-օրյա պատերազմական իրողություններից մինչև այսօր, ընդամենը այդ երևույթի ածանցյալն է: Բայց քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում, ապա դատարանի համապատասխան վճիռն ուղղակի անհրաժեշտություն է: Այդ վճիռը կունենա նաև մեկ այլ դրական հետևանք՝ թիվ մեկ պատասխանատուի նկատմամբ օրինական մեղադրանքը կարող է հիմք ծառայել, որպեսզի ավելի ուշ թեթևացվեն բազմաթիվ անձանց նկատմամբ հարուցված մեղադրանքները: Դրանց նպատակը, ինչպես դժվար չէ հասկանալը, այլոց վրա տարածելով՝ թիվ մեկ պատասխանատուի վրայից մեղադրանքները հանելն է: