Չլուծվող հարցեր գոյություն չունեն

Չլուծվող հարցեր գոյություն չունեն

Ուղղակի, ամեն հարցի լուծում իր գինն ունի: Խոսքը վերաբերում է Հայաստանով անցնող հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, ըստ ճաշակի՝ միջանցք տրամադրելուն: Զարմանալի է, որ այս հարցը դարձել է աշխարհի քաղաքական առաջնորդների քննարկման թեման՝ «հեծանիվ հայտնագործելու» ակնկալիքով:

Նրանց մոտ, թվում է, մի կարծրատիպ է ձեւավորվել, որ Հայաստանում մտավոր կարողություններով օժտված գեթ մեկը չկա, հետեւաբար, ցանկալի կլիներ, որ մեզ պարզ ու առաջին դասարանցիների համար ընկալելի լեզվով բացատրեն, թե հաղորդակցային ուղիներն ինչպես են գործում, օրինակ, Բրազիլիայի եւ Արգենտինայի միջեւ, ինչպես են անվանվում եւ ինչ կարգավիճակներ ունեն Բոլիվիայով, Պարագվայով եւ Ուրուգվայով դեպի Արգենտինա գնացող հաղորդակցային ուղիները: 
Նույն հարցադրումը վերաբերում է Մեքսիկայի եւ Կանադայի, Չինաստանի եւ Եվրոպայի, Թուրքիայի եւ Հնդկաստանի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ… հաղորդակցային ուղիներին:
Մի՞թե այս՝ արդեն հայտնագործված հեծանիվը հայտնագործելու համար է Հայաստանը հասցվել պետականությունը կորցնելու եզրագծին: 

Եթե նրանց նպատակներն ազնիվ են, ապա վերոնշյալ երկրների նմանությամբ հաղորդակցային ուղիների ապաշրջափակումն այլընտրանք չունի: Բայց, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը տնտեսական մեծ ակնկալիքներ ունեն, հավանաբար, Հայաստանն էլ պետք է ունենա:
Նկատի ունենալով, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանը մոտ 30 տարի ենթարկվել է դաժան շրջափակման, ապա ստեղծված ու ստեղծվելիք բոլոր հանձնաժողովներից զատ, նպատակահարմար է թվում մեկ այլ հանձնաժողովի ստեղծումը, որի կազմում պետք է լինեն ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը: Այդ հանձնաժողովը կձեւավորի տնտեսական փորձագետների խումբ, որը ձեռնամուխ կլինի ՀՀ-ին այս 30 տարիներին շրջափակմամբ հասցված վնասների հաշվարկմանը` տնտեսության կառուցվածքի ձեւախեղում, չստացված եկամուտ, ծովային ելք չունենալու գործոնի բացասական ազդեցություն, մոտ 2 միլիոն ՀՀ բնակիչների արտագաղթ: 

Ենթադրենք՝ այդ վնասները կազմեցին 300 մլն կամ 300 միլիարդ դոլար: Կազմվում է ժամանակացույց, կատարվում առաջին վճարումը, ինչին հետեւում է հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը: Այս ընթացքում ամենամեծ, գուցեեւ անշրջելի կորուստը մարդկային կորուստներն են եղել՝ ինչպես արտագաղթի, այնպես էլ զոհվածների առումով: Զոհվածներին, ավաղ, այլեւ հնարավոր չէ վերադարձնել, բայց նրանց հանդեպ պարտավորությունը չպետք է մոռանալ: Այս առումով, առանձնապես կարեւորվում է արտագաղթածների վերադարձի խթանումը: 2 միլիոնը 500 հազար ընտանիք է: Յուրաքանչյուր ընտանիքին պետք է առաջարկել առնվազն 1 միլիոն դոլար, պարտադիր չէ կանխիկ գումարով տալ. կարող են տրվել գլոբալ ընկերությունների կորպորատիվ արժեթղթերի կամ ՀՀ-ում ինչ-որ գործունեությամբ զբաղվելու համար նյութատեխնիկական եւ այլ պահանջվող աջակցության տեսքով: 

Եթե բացահայտված գումարի չափը Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժերից վեր լինի, ապա «առաջավոր միջազգային հանրությունը» կարող է ստանձնել դրա որոշակի մասի փոխհատուցումը՝ նկատի ունենալով, որ հենց այդ հանրությունն է թույլատրել, աջակցել տարածաշրջանում այսպիսի ողբերգական զարգացումներին, դրսեւորել հանցավոր անգործություն:
Ահա, այսպես են մտածում «մտավոր ցածր կարողություն ունեցող» հայերը: Բա էլ ինչպե՞ս, եթե Հայաստանն այնպես են մաշեցրել, որ դեռ հայտնի էլ չէ՝ հնարավոր կլինի՞, արդյոք, երբեւէ վերականգնել, եթե նույնիսկ տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: 

That will be fantastic! Das wird fantastisch sein! Ռուսաստանում կասեն՝ не может быть!, թեեւ կարող են ասել նաեւ՝ это будет круто!

Գագիկ Վարդանյան