«Nikol & Co»-ի սադրանքը    

«Nikol & Co»-ի սադրանքը    

Անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով արցախցի Գրիգորյան Արմենի հանրային հեռուստատեսությամբ «բացահայտումները» հերթական հակապետական դրսևորումների շարքից են: Որոնք հրապարակվեցին «ճիշտ» պահին. ռուսական խաղաղապահները չեն կարողանում բացել Լաչինի միջանցքը: Միաժամանակ, Գրիգորյանի վերադաս Փաշինյան Նիկոլը վաղուց ինքնամեկուսացվել է Արցախի խնդրից: Ու, բնականաբար, պետք է մեղադրեր ռուսական կողմին: Գիտակցելով հանդերձ, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ միջանցքի հարցում ռուսները կարող են դիմել միայն դիվանագիտական միջոցներին: Այն էլ դրբեջանաթուրքական տանդեմի հետ, որը երբեք չի ճանաչել որևէ փաստաթուղթ՝ երբ ունեցել են այդպիսի ցանկություն և դրա հնարավորություն: Որովհետև այդ տանդեմի անդամներն այնպիսի ցեղատեսակից են, որ միջազգային կանոններին հետևում են այն ժամանակ, երբ խեղճացած են լինում:
Ինչ մնում է «մեր հերոսի բացահայտումներին», ապա դրա շնորհիվ հայաստանյան հանրությունը տեղեկացավ, որ «սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են»:

Պատճառն էլ, ըստ Գրիգորյան Արմենի, «Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու» և Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը Հայաստանին անդամակցել պարտադրելն է։ Մինչ այդ նման «խորիմաստ» մտքեր մենք լսում էինք միայն աժբականներից, որոնց թվում է, թե Հայաստանը գտնվում է Կենտրոնական Եվրոպայում: Եվ ոչ թե Հարավային Կովկասում՝ կիսաշրջապատված ադրբեջանաթուրքական տանդեմով: Սակայն որպես ընդդիմություն աժբականները կարող են հայտարարել՝ ինչ խելքներին փչի: Բայց ոչ գործող իշխանությունը... 

Այդ հանգամանքից բացի առկա է նաև մեկ այլ խնդիր. Գրիգորյան Արմենի «բացահայտումները» մերկապարանոց հայտարարություն են՝ հանրությանը մատուցված առանց փաստարկումների: Ինչը բնական է, քանի որ այդպիսիք ուղղակի բացակայում են, և հասարակության գրագետ հատվածի համար այդ «բացահայտումներն» ուղղակի իմաստազուրկ են: Իմաստազուրկ են, քանի որ ՌԴ նախագահը կամ այլ պաշտոնյաները պետք է «Nikol & Co» («Նիկոլ և ընկ.») լինեին նման քայլի դիմելու համար: Ի վերջո, ՌԴ ղեկավարությունը նիկոլանմանների թայֆա չէ, որպեսզի ինքն իրեն վարկաբեկի և Ռուսաստանի պետական շահերին հակասող գործողությունների դիմի: Ի դեպ, առողջ դատողության տեսակետից դա նույնն է, թե ռուսական ղեկավարությունն ինքն իրեն մեջքից հարվածեր: Իսկ Լաչինի միջանցքը ռուսների կողմից փակելու հեքիաթը հենց այդ օպերայից է: Ասվածը վերաբերում է նաև ս. թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելը ռուսական սադրանք դիտարկելուն: 
Ինչ մնում է ռուսական վերահսկողությամբ Սյունիքով տարանցիկ ճանապարհի գաղափարին, ապա դրա իրականացման դեպքում ներկա պայմաններում կարճ ժամանակ անց այն կանցնի թուրքերին: Համենայն դեպս, թուրքերն ամեն ինչ կանեն դա կյանքի կոչելու համար: Ու ռուսներն էլ դրա դեմ ոչինչ անել չեն կարող: Ու այդ պատճառով էլ չեն ձգտում կյանքի կոչել եռակողմ հայտարարության 9-րդ կետի այս դրույթը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Հենց այն ձևակերպումը, որի վրա հիմնվելով՝ ադրբեջանաթուրքական տանդեմը պահանջում է, այսպես կոչված, տրանսպորտային միջանցքը: 

Ինչ մնում է միութենական պետության գաղափարին, ապա Գրիգորյան Արմենը կարող է չանհանգստանալ այդ առումով. արևմտամետ Փաշինյանի վարչապետությամբ Հայաստանը հաստատ դանդաղ գործողությամբ ռումբի դեր է կատարելու այդ միության կազմում: Եվ եթե ես եմ դա գիտակցում, ապա ռուսական կողմը էն գլխից է դա նախատեսել: Եվ քանի դեռ քայլեր չի ձեռնարկում նիկոլին պաշտոնից հեռացնելու նպատակով, ուրեմն չունի նաև վերը նշված ծրագիրը: գոնե մոտակա ժամանակահատվածի համար՝ հատկապես պատերազմական իրադրության պայմաններում: Ու այդ պատճառով էլ կարող եմ պնդել, որ ոչ մի ճնշում էլ չի եղել, ու այդ ամենը հեքիաթ է: Դա, ի դեպ, անուղղակիորեն խոստովանել է նաև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, որ Ռուսաստանի կողմից իրենց ստիպելու առումով ոչինչ ասել չի կարող: Իսկ մնացածը՝ իբրև թե ռուսական «նպատակաների մեջ տեսանելի են, որ այդպիսի ցանկություններ շրջանառության մեջ գոյություն ունեն», կրկին հեքիաթների շարքից են: Եվ Գրիգորյան Արմենի ասածներն անուղղակիորեն ինչ-որ չափով և ձևով արդարացնելու միջոց:

Վերջում ավելացնեմ, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր չստորագրելը, որին այդքան ջանասիրաբար ձգտում էր ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը, հանգեցրել է նրան, որ որոշվել է տարին փակել ռուսական կողմի նկատմամբ սադրանքով: Քիչ է մնում մտածեմ՝ չնայած հեռու եմ դավադրապաշտ տեսություններից, որ ռուսական կողմի նկատմամբ կեղտոտ խաղը ծրագրվել է արևմտյան մտավոր կենտրոնների կողմից: Իզուր չէր Գրիգորյան Արմենը Լոնդոնում հանդիպում բրիտանական գաղտնի հետախուզության ղեկավարի հետ, իսկ վերջինս այնուհետև այցելել էր Երևան՝ Նիկոլին հանդիպելու: