Հայկական արտադրության թեստերը իրենց դրսևորում են այնպես, ինչպես այլ երկրներում արտադրվածները

Հայկական արտադրության թեստերը իրենց դրսևորում են այնպես, ինչպես այլ երկրներում արտադրվածները

Կորոնավիրուսի համավարակի 6-7 ամիսներին շատերին են հայտնի դեպքեր, երբ ծանրացած պացիենտի մահվան պատճառը եղել է թեստի բացասական պատասխանը, երբ բացասական թեստից հետո մարդիկ «արխային» են ընկել, այս ընթացքում թոքերն ախտահարվել են, մարդիկ կրկին դիմել են բժշկի, բայց արդեն հիվանդությունը խորացած է եղել․ 75 և ավելի տոկոս ախտահարված թոքեր, ցածր սատուրացիա։ Եվ թե մամուլում նման դեպքերի մասին քիչ է գրվել, պատճառն այն է, որ մահացածների հարազատները չեն ցանկացել նման պատմությունների հրապարակայնացում։

Իսկ նման պնդումները չհերքելու լավագույն ապացույցն այն է, որ Հայաստանում որևէ պետական մարմին պաշտոնապես չի հերքել, որ անգամ ՊՇՌ թեստերի սխալակաությունը 30-35 տոկոս է, իսկ կատարյալ կամ մոտ 4 տոկոսանոց սխալականության կարելի է հասնել միայն լրացուցիչ հետազոտություններով։ Դրանք  ցույց են տալիս ինչ-ինչ ցուցանիշներ, որոնք համադրվելով թեստի պատասխանի հետ՝ դառնում են վերջնական ախտորոշում։

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը արդեն տևական ժամանակ է՝ արտադրում է ինստիտուտի մշակած թեստերը։ Եվ սոցիալական ցանցերում ու մամուլում վերջին օրերին հանդիպեցի մեկնաբանությունների, որ թեստերի սխալականության պատճառն այն է, որ նմուշառման համար օգտագործվում են տեղական արտադրության թեստերը։

Նշված և այլ հարցերի շուրջ «Հրապարակը» զրույցել է ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ Վերջինիս հարցրեցինք, թե իրենց թեստերն արդեն օգտագործվո՞ւմ են, Արսեն Առաքելյանն էլ ասաց, որ հանձնում են ԱՆ-ին․ թե ո՞ր թեստերն են օգտագործվում՝ չի կարող ասել։

Այնուամենայնիվ, երբ հիշեցրինք 30-35 տոկոս սխալականության մասին, ինստիտուտի՝ մասնագիտությամբ կենսաբան տնօրենը նկատեց․ «ԱՀԿ փաստաթղթերում նշված է, որ որևէ ՊՇՌ թեստ չի կարող ախտորոշման հիմք լինել, և միայն թեստի, թոքերի ԿՌ հետազոտության և բժշկի կողմից կարող է արվել ախտորոշում։ Հիվանդությունը ախտորոշում է բժիշկը»,-ասաց Արսեն Առաքելյանը։ 

Ինչ վերաբերում է իրենց թեստերին, ապա Առաքելյանն ասում է, որ մամուլում շատ հաճախ սխալ և մասնագիտորեն ոչ ճիշտ բաներ են գրում։ 

Այնուամենայնիվ, Արսեն Աաքելյանը ինչպես կլինիկական փորձարկումների փուլում, այնպես էլ հիմա հետաքրքրվում է, թե ինչպես են իրենց պահում հայկական արտադրության թեստերը և ասում է՝ հայկական  թեստերը իրենց դրսևորում են այնպես, ինչպես այլ երկրներում արտադրվածները։