Ադրբեջանը հերքում է Թուրքիային

Ադրբեջանը հերքում է Թուրքիային

Օրեր առաջ թուրք ռազմական փորձագետ Օզգենը Axar.az ադրբեջանական կայքին ուշագրավ մանրամասնություններ էր պատմել տավուշյան մարտերի ժամանակ ոչնչացված գեներալ Հաշիմովի մասին: Նա ասել էր, որ Հաշիմովը 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո զինված ուժերից զորացրվելու խնդրագիր էր ներկայացրել Իլհամ Ալիեւին, քանի որ «չէր կարողացել պահել գրաված բարձունքը եւ հակառակորդին ավար էր մնացել Ադրբեջանի պետական դրոշը»: Ըստ թուրք փորձագետի, Ալիեւը չէր ընդունել Հաշիմովի հրաժարականը: Հաշիմովի կինն ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոցի պատմել է, որ ապրիլյան քառօրյայից հետո ամուսինը երկար ժամանակ բացակայել է, իսկ երբ տուն է եկել, իրենք նկատել են, որ նա առողջության հետ կապված խնդիրներ ունի:

Վիրավորվա՞ծ է եղել Հաշիմովը, թե՞ մարտական դիրքը հանձնելու եւ Ադրբեջանի պետական դրոշը թողնելու համար ենթարկվել է կտտանքների՝ դժվար է ասել: Թուրք փորձագետը նաեւ ասել է, որ Հաշիմովի զորակայանը մարտական գործողությունների վայրից գտնվել է օդային գծով 31կիլոմետր հեռավարության վրա, եւ նա ոչնչացվել է հայկական ԱԹՍ-ի հարվածից: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ մարտական ոչ մի դիրք չի հանձնվել, իսկ Հաշիմովը «զոհվել է խրամատում՝ զինվորների հետ հակառակորդի դեմ հերոսաբար մատնչելիս»:

Ստացվում է, որ հակառակորդի ռազմական գերատեսչությունը հերքում է Թուրքիային, որովհետեւ միամտություն է կարծել, թե փորձագետ Օզգենը կարող էր ադրբեջանական բանակի գերենալի մասին նման սենսացիոն տեղեկություններ հրապարակել՝ չունենալով իր երկրի պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ թույլտվությունը: Ավելի հավանական է, որ թուրքական հետախուզությունն իր աչքերն ու ականջներն ունի Ադրբեջանում եւ քաջատեղյակ է ամեն ինչից: Թուրքական կողմն, ըստ երեւույթին, Ալիեւից ավելի մեծ պահանջներ ունի, քան թվում է: Եւ եթե դրան չի հասնում ներքին պայմանավորվածությամբ, ապա դիմում է բանակային վերնախավը «պայթեցնելու» խնդիր:

Թուրք ռազմական փորձագետը կասկածել էր, թե հայկական կողմն ինչպե՞ս է ճշտորեն որոշել Հաշիմովի կոորդինատները, իսկ պահեստազորի գեներալ Այդեմիրովը պահանջել էր մանրակրկիտ ծառայողական հետաքննություն անցկացնել: Ալիեւն, ամենայն հավանականությամբ, զինվորականներից երկյուղ ունի եւ նրան չի անհանգստացնի: Փոխարենը հանրային կարծիք է ձեւավորվում «խրամատում քաջաբար կռված եւ զոհված» գեներալի մասին: Բայց Թուրքիայի հետ դիմակայությունը շատ թանկ կնստի Ալիեւի վրա: