Սյունիքի անարյուն հայաթափման ծրագիրը՝ գործողության մեջ

Սյունիքի անարյուն հայաթափման ծրագիրը՝ գործողության մեջ

Եթե անցած տարվա արտահերթից առաջ իշխանության ուշադրությունը գերկենտրոնացած էր Սյունիքի ուղղությամբ՝ այդ մարզում ամեն գնով բարձր արդյունք գրանցելու մարմաջով, ընտրություններից հետո Փաշինյանը ոչ մեկ անգամ է ապացուցել, որ ոչ միայն Արցախի, այլեւ անգամ Սյունիքի էջն իր համար փակված է։ Այդ մարզում նա ամենացցունն է զգացել իր թվացյալ լեգիտիմության ամբողջ խոցելիությունը, երբ հանկարծ իջել է զրահապատ մեքենայից ու լսել իր հասցեին ամենաթունդ հայհոյանքները՝ «սյունյաց ողջույնները»։ Որպես անհավատալի քինախնդիր արարած՝ Փաշինյանը երբեք չի ներելու սյունեցիների ըմբոստությունն ու նրանց «պատժելու» է։

Իշխանության փոքրոգության վառ ապացույցներից է այն, որ երբ պատերազմում մեր պարտությունից շաբաթներ անց Փաշինյանն ուղեւորվեց Սյունիք, սակայն Սիսիանից այն կողմ չկարողացավ անցնել, վերադարձավ Երեւան եւ հրամայեց այնտեղ ուղարկել ճանապարհային ոստիկանության մի քանի տասնյակ վերակարգ՝ սյունեցիներին ահաբեկելու, նրանց մեքենաներն անհարկի կանգնեցնելու, զննելու, տուգանելու նպատակով։ Երբ դրանից որոշ ժամանակ անց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չարժանացավ տեղացի քաղաքապետերի ընդունելությանը, որոշվեց կտրել «ըմբոստ» համայնքների սուբսիդավորումը, ասես դա իրենց լավությունն էր Սյունիքին։ Ուշագրավ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները, անգամ ծնունդով սյունեցի որոշ իշխանական պատգամավորներ, վաղուց Սյունիք չեն այցելում՝ հավանաբար կանխագուշակելով, թե ինչ ընդունելության կարժանանան։ 

Ալիեւը Սյունիքի մարզի, իր ձեւակերպմամբ՝ «Արեւմտյան Զանգեզուրի» զավթման ծրագրերի մասին խոսում է գրեթե ամեն շաբաթ, եւ այդ ամենը՝ հայկական կողմի կատարյալ անհաղորդության պայմաններում։ Հետպատերազմյան մեկուկես տարում թշնամին Սյունիքի դիրքերում միայն ամրացել, խորացել եւ հիմնավորվել է։ Անգամ ամենաձնառատ օրերին ադրբեջանցիների ինժեներատեխնիկական աշխատանքները չեն դադարել։ Ընդ որում, եթե սկզբնապես թշնամին բավարարվում էր դավադրաբար հանձնված դիրքերում իր դրոշը տնկելով, իսկ ճանապարհներին՝ հենակետերի թիվն ավելացնելով, այսօր մեզ զրկել է ե՛ւ մարզի տարածքում, ե՛ւ Հայաստանից դեպի Իրան բնականոն եւ անվտանգ երթեւեկելու իրավունքից։

Կապան-Գորիս ճանապարհն ամբողջապես փակված է մեր առջեւ։ Եթե նախկինում այդ ճանապարհին մեզ գերեվարման վտանգ էր սպառնում, այժմ դրանից նույնիսկ օգտվելն է արգելված։ Սա՝ այն դեպքում, երբ թշնամին անարգել կարող է, ասենք, հայկական պետհամարանիշերով ավտոմեքենայով Շուռնուխ կամ Որոտան գյուղերի մոտակայքով՝ Գորիսի շրջանցմամբ, Տաթեւի ճանապարհով հասնել ընդհուպ Երեւան։ Չկա որեւէ հսկիչ-անցագրային կետ, որը կկանգնեցնի նրան։ Իշխանության վարկածով՝ սա անվտանգ Սյունիքն է։ Այն, որ մեր գյուղերի եւ հանդամասերի խոր թիկունք մխրճված թշնամական հենակետերը շարունակաբար հոգեբանորեն ահաբեկում են սյունեցիներին, եւս Փաշինյանի մեծ ծառայությունն է սյունեցուն։ Ռուսական սահմանապահ ուղեկալի վրա պատասխանատվությունը բարդելու փորձերը ծիծաղելի են, քանի որ, ի թիվս մի շարք այլ հարցերի, ռուսները պարզապես ի զորու չեն մեր փոխարեն հսկելու նոր ձեւավորված ամբողջ առաջնագիծը։

Չհերքված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանցիներն ու թուրքերը երրորդ երկրների քաղաքացիների եւ կազմակերպությունների անունից հողատարածքներ են ձեռք բերում Սյունիքի մարզում։ Մեծ հաշվով, գործի է դրված Սյունիքի անարյուն հայաթափման թշնամական ծրագիրը, եւ այս տեմպերով՝ առաջիկա մի քանի տարում այն կարող է ամբողջապես անկլավացվել։ Մարզի տնտեսական ներուժը խիստ հյուծված է, առաջատար երեք ոլորտներն էլ՝ ե՛ւ զբոսաշրջությունը, ե՛ւ գյուղատնտեսությունը, ե՛ւ հանքարդյունաբերությունը, անկման փուլում են։ Զբոսաշրջության ծավալներն էապես նվազել են, գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 80 տոկոսը հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ, իսկ հանքարդյունաբերական հսկայի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ պետական մեքենայություններն ակնհայտ են։ Կառավարության՝ կոմբինատի համասեփականատեր դառնալը Փաշինյանի իշխանության խոշորագույն կոռուպցիոն սխեմաներից է եւ կարիք ունի լրջագույն հետաքննության։

Դավիթ Սարգսյան