«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ցուցադրությունը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ցուցադրությունը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրությունը։ Այս նոր ձեւաչափը կնպաստի Ծաղկաձորի՝ որպես հանրապետության զբոսաշրջության կենտրոններից մեկի այցելուների թվի աճին, իսկ քաղաքի միակ մշակութային օջախը՝ 1980թ. հիմնադրված Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, տարեկան շուրջ ութ հազար այցելու է ունենում:

Տուն-թանգարանի այցելուներն արդեն կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին եւ տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։ 1928-1932թթ. սովետական կառավարությունը, երկիրը ծանր վիճակից հանելու եւ երկրի բյուջեն համալրելու նպատակով, վաճառքի էր հանել երկրի մշակութային արժեքները, ինչը թանգարանային աշխատողներին սարսափի մեջ էր պահում: Ստալինի` 1932թ. հունվարի 24-ի հրամանի համաձայն՝ վաճառքի հանվեցին նաեւ Պետական Էրմիտաժի մշակութային արժեքները, ինչին դեմ կանգնեց ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նա դիմեց այդ տարիների համար աննախադեպ քայլի. նամակ գրեց Ստալինին ու բացատրեց, թե այդ քայլն ինչ սպառնալիքի տակ է դնում Էրմիտաժը եւ մշակութային օջախներն ընդհանրապես: Էրմիտաժում բոլորը տագնապով սպասում էին, թե ինչ է պատահելու գիտնականի հետ: Օրբելին ստացավ իր նամակի դրական պատասխանը, որը փրկեց ոչ միայն Էրմիտաժը, այլեւ երկրի շատ մշակութային օջախներ:

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» յուրօրինակ ծրագրի իրականացումը մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ թանգարանի ցուցադրությունը դարձնում է ավելի գրավիչ` հետաքրքիր ձեւաչափով ներկայացնելով Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը: