Մեր խարիսխ չունեցող նավը

Մեր խարիսխ չունեցող նավը

Նախորդ հոդվածներում, տարբեր հնարքներով, խուսափել եմ մեր Հուդայի անունը տալու տհաճությունից:

Ղալաթ անողներն ու չանողները

Մեծն Հրաչյա Ներսիսյանի որդի մեծն Լեւոն Ներսիսյանն իրեն համարում էր ազգի խարիսխը: Ասում էր իր կյանքի մայրամուտին, առանց սեթեւեթանքի, խզված, մարող ձայնով: Նրա զենքը խոսքն էր, եւ տարիքը «զինաթափել» էր նրան: Ովքեր ժամանակին լսել են նրա դասախոսություն-ներկայացումները, երջանիկ են համարում իրենց: Նա ոտքից գլուխ մտավորական էր, ազգի զավակն ու հայրը: 

Պատահաբար չհիշեցի Լեւոն Ներսիսյանին: Մեզանում, բախտորոշ ինչ-որ պահի, հանկարծ հիշում ենք, որ մտավորականներ ունենք: Ի դեպ, Հ1-ին տված հարցազրույցում մեր Փանջունին անթաքույց հրճվանքով փաստում էր` շարժումը չի ծավալվում, որովհետեւ չեն երեւում հեղինակավոր մտավորականներ: Ցավոք, էս մի հարցում նա ճիշտ է, որովհետեւ լավ գիտի, թե ինքն ու իր նախորդներն ինչ օյին են խաղացել` նրանց հեղինակազրկելու, այպանելու, «փչացնելու» համար: Հիշում եմ` ղարաբաղյան զարթոնքի օրերին ինչպես էին վանել նրանց, այդ թվում` ազգի խիղճը համարվող Ս. Կապուտիկյանին, անգամ Վեհափառ Վազգեն Առաջինին` «շպիոն» անվանելով: 
Այո, երբ հայտնվում ենք դժվարագույն, լինել-չլինելու խաչմերուկում, հիշում ենք մտավորականությանը: Այս առումով օրիգինալ է թատերական գործիչ Հ. Ղազանչյանի արձագանքը` մի ղալաթ անում են, հետո ասում` ո՞ւր է մտավորականությունը: Իսկ ես համարձակվում եմ կարծել, որ երկրի նվիրյալ մտավորականը կփորձի կանխել (եթե անգամ քարկոծվի) կատարվելիք «ղալաթը»:

Այս թեմայով ուրիշ բան հիշեցի: Երկնաքերից անցողիկներիս ներողամտորեն նայող, մերօրյա ամենայն հայոց բանաստեղծի ծիրանին վրան քաշած Հակոբ Մովսեսն արտառոց երեւալու թուլություն ունի. «Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները ղալաթ են անում, թող գնան մտածեն իրենց կաշառակեր կառավարությունների, նախարարների մասին, որոնք ամբողջ համակարգը քաղաքականացրին, այլասերեցին եւ մեր սերունդներին դարձրին կիսագրագետ»:
Եվ «կործանիչ» հարվածը՝ «ղալաթասերներին». «Կարծում եմ` ինքը մեր լավագույն 4-5 նախարարներից մեկն է` հասուն, խոհեմ, ռիսկով, այսօրվա չափանիշներով մտածող եւ, ամենակարեւորը` գալիք հասարակության մտահոգություններով»: Չտրվենք մեկնաբանելու գայթակղությանը: Միայն կեսբերան նրան հիշեցնենք դաշնակ Ա. Ռուստամյանի` ղալաթի թեմայով Հ․ Թովմասյանին տված պատասխանը...

Երկար ժամանակ է, ինչ սար ու ձոր ընկած, հարցնում ենք` որտեղի՞ց այսքան ատելություն ու մաղձ մեր հասարակության մեջ: Պարզվում է` «գերագույնից» ոչ պակաս «ամագ» ունեն մտավորականները: Ինքնասիրահարված, բայց, անշուշտ, շնորհալի բանաստեղծի` պատերազմից ընդամենը 2 ամիս առաջ «Հրապարակ»-ին տված հարցազրույցը դրա հաստատումն է: Նա անխնա է ուսուցիչների, դասախոսների, նախկին գրողների նկատմամբ. «Ուսումնական հաստատությունները եւ դրանցից ելած դպրոցի ուսուցիչները գրականության չուկչիական պատկերացումների ոլորտում են, հայրենասիրությունը խառնում են հայրենասիրական նամազի հետ, որի մոլլան էլ, ահա, կալանքից ազատվել եւ գրգռում ու գրգռում է նրանց»: Փակագծում ասեմ` երբ լսում ես 18-ամյա անդամահատված պատանու` բայրաքթարների հարվածների տակ ընկերոջը ռազմադաշտից դուրս բերելու հուզիչ պատմությունը, «համոզվում» ես բանաստեղծի «խորաթափանցության» մեջ` ճիշտ որ` չուկչիական դաստիարակություն... Նա պարզապես ատում է տասնամյակներով ժողովրդի սերը վայելած գրողներին. «Շիրազի` մեր մայրերի բռնաբարության եւ մեր մանուկների մորթի տեսարանները համարել են պոեզիայի աստվածային հրաշք»: Շարունակությունը նորմալ մարդու գլուխը չի խցկվում. «Իսկ պոեզիայի հետ անգամ հեռավոր կապ չունեցող գրական այնպիսի մի բացարձակ ոչնչություն, ինչպիսին, ասենք, Սիլվա Կապուտիկյանն է, հայտարարել են ամենայն հայոց բանաստեղծուհի»: Սա ասվում է մեկի հասցեին, ում միայն «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը բավական էր` նրան խնկարկելու համար: Ավելորդ է ասել, որ տղամարդուն վայել չէ իջնել շրիշակի մակարդակի... Հիշեցնեմ նաեւ, որ Կապուտիկյանն իր երկրի արժանապատիվ քաղաքացին էր եւ «տղամարդկություն» ունեցավ` հրաժարվել Պետական մրցանակից` դեմ գնալով երկրի առաջին դեմքին:

Մեր պոեզիայի ինքնակոչ «աքսակալի» կարծիքով` «Դասավանդողները փչացրել են անգամ շատ գեղեցիկ բանաստեղծությունների հեղինակ Պարույր Սեւակին ու Համո Սահյանին...»: Նա փորձում է «փչացնել» «Հրապարակի» ընթերցողներին. «Ես` ինքս, կասեմ հետեւյալը. ինձ համար Հենրիկ Էդոյանը հարյուր անգամ ավելի հզոր եւ մեծ ընդգրկումների բանաստեղծ է, քան ցօրս ուսուցանված Վահագն Դավթյանը եւ Հրաչյա Հովհաննիսյանը (ես անգամ ներողություն եմ խնդրում իմ ընկերոջից` իր անունը սրանց կողքը դնելու համար...)»: Շարունակում է նույն «դուխով»` երկինք հանում իր «էլիտար» գրչընկերներին, որոնցից շատերին (եւ հենց իրեն) գրասերներից քչերը գիտեն: Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ էր մշակույթի նախկին նախարարը, խղճին ու բարոյականությանը դեմ գնալով, փառաբանում սորոսական, բանակից թռած, կրթությունը, գիտությունը եւ մշակույթը բուլդոզերի տակ տված, Ճ «կլասի» ֆիզկուլտուրնիկ մի պատեհապաշտի ու հողին հավասարեցնում մեր անվանիներին: Չե´մ ասի...

Անցյալ օրը պահեստազորի գնդապետ Աշոտ Երկաթը եթերից ասում էր` ընդհանուր առմամբ, մտավորականություն չունենք, առանձին անհատներ էլ կան, ովքեր դժվարանում են կտրվել կերակրամանից: Սրա ցցուն օրինակը առանց մրցույթի միլիոնավոր դրամների պատվեր ստացած, «գերագույնի»` «Երկրի հակառակ կողմը» գրքի հրատարակիչ եւ «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն է. «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է` գնացեք: Ասում են` հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: Է՞ս է ձեր մակարդակը»: Ազգովի մեռնենք քո մակարդակին, մեզ ուրիշ թշնամի պետք չէ... Համ էլ «իշմար» ես տալիս քիրվայիդ, որ ռազմատուգա՞նք ուզի: Ճիշտ էր Թումանյանը. «Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»:

Մենք մեր տունը քանդեցինք ներսից

- Բա մենք սրա՞ն էինք արժանի,- արդարացի վրդովմունքով եթերից ասում է գրողը: - Երեւի,- ցավով ասում եմ ես,- երբ տարիներ շարունակ ազերին, մանկապարտեզից սկսած, մեր հանդեպ ատելություն էր սերմանում, մենք քիրվայության հորդոր էինք անում, երբ նրանք սպառնում էին պատերազմով, մենք չայխանա էինք բացում Արցախում... 

Երկար ժամանակ Երեւանի խիղճը համարվող Ռուբեն Հախվերդյանը մի ղալաթ արեց արցախցիների նկատմամբ եւ, պարզ է, կորցրել է խոսելու իրավունքը: Պատերազմից 4 օր առաջ մեր երաժշտության մետր Ռ. Ամիրխանյանն ասում էր. «Այսօրվա իշխանությունը մեր ժողովրդին առաջարկել է ազնվաբարո կյանք, ապրել պարկեշտ, նվիրումով, ապրել ազնվորեն, եւ այդ մոդելի մեջ ինչ կա խոցելի, ես չգիտեմ»: Նա համոզված էր, որ «վարչապետը պիտի շարունակի իր գործունեությունն այնպես, ինչպես ինքն անում է...»: 

Փանջունու կերպարը մարմնավորած Ն. Ծատուրյանի համար ընդունելի է մերօրյա Փանջունին: Նրան պաշտպանում են նաեւ բեմադրիչ Ռ. Բաբայանը եւ, ո՜վ զարմանք` Վազգեն Սարգսյանի (ում արձանը պղծեց ազերին) հարազատ եղբայր Ա. Սարգսյանը: Ուրի՜շ է Ռուբեն Բաբայանը: Զարմանում ես` ինչպե՞ս է հասցնում լինել համարյա բոլոր լրատվամիջոցներում, երբ ասելիք էլ չունի: Ասածը սա է` մեղավոր ենք բոլորս, կրթությունը կարեւոր բան է, պետք է փոխել մեր արժեհամակարգը: Խոսում է այն համոզմամբ, որ իր խոսքը դարավոր իմաստնության խտացված տարբերակն է: Ամեն միտքը մի աֆորիզմ է ու` վերջ: Օրինակ` մահն իմաստավորվում է, երբ դու մահանում ես հանուն կյանքի, ոչ թե հանուն մահվան: Ցնցո՜ղ է: Հարգելի պրն, սիրուն չէ Եղիշեին խմբագրելը: Նա ընդհանրապես դեմ է միտինգներին, որովհետեւ... կորցնում է անհատականությունը: Գանք արժեհամակարգին: Մի երգահան` Զորիկյան ազգանունով, Շիրակի թեմի առաջնորդին անվանում է «տերտեր», խոսում նրա դղյակների, սիրուհիների մասին: 
Պատերազմի օրերին, երբ հարյուրավոր զոհեր ունեինք, հայկական «Բրյուսլի» Ս. Բազինյանը եւ Գրիգոր անունով մի անհաջող կոմիկ եթերում ինքնաձիգներով կրակում են... լիմոնադի շշերի վրա: Դերասանը կատակում է` էս շիշն ա մեղավոր պապիս մահվան մեջ: Հետո կրակում են հեռուստացույցի, լվացքի մեքենայի, ձմերուկի, արքայախնձորի ուղղությամբ: Սարերից իջած ֆիդայիները փամփուշտ չեն խնայում...

Երբեմն թվում է՝ ապրում ես չեխովյան հայտնի հիվանդասենյակում, երբ ավելի ադեկվատ են թվում Սեմյոն Լազարիչը, Իվան Դմիտրիչը, Մոիսեյկան, Նիկիտան... Նոր տարվա նախօրեին ջահելների մի խումբ ուտուշ-խմուշի մեջ է: Հետո կատակախառն քննարկում` մեր «գերաստղ» Նազենի Հովհաննիսյանի... ծիծիկները մեծացնելու շուրջ: Եթերո՜վ, համընդհանուր վշտի օրերին... Իսկ հունվարի 4-ին «Համի ուժը» հաղորդմանը արվեստի ռահվիրաներ Մ. Վարդազարյանը, Եր. Երզնկյանն ու Ռ. Մաթեւսյանն են` նշում են վերջինիս «գոլդ»` 77-րդ տարեդարձը: Ճոխ սեղան է, անեկդոտներ, հաճոյախոսություններ: Գինովցած հոբելյարը երգում է` լցրեք ընկերներ, բաժակները լի... (այդ պահին շուռնուխցի Հազարապետն այրում էր իր տունը...): Տիտրերը «գնալուց» առաջ մեկը հիշում է սահմանին կանգնած տղերքին... Իսկ Ռ. Բաբայանն օրուգիշեր խոսում է արժեհամակարգից...

Այս օրերին օրինաչափ է նաեւ պատեհապաշտների «մեյդան» ընկնելը: Մտավորականների մի խումբ հանդիպեց Վազգեն Մանուկյանի հետ: Խայտառակություն. գիտության եւ կրթության կոչումավոր մարդիկ խոսում են դասաժամերից, անձնական խնդիրներից, ակնհայտորեն քծնում` չլսելու տալով հանդիպումը վարողի` կարճ կապելու հորդորները:

Օրերս «Ձայն հայրենյաց» մտավորականների նախաձեռնության հավաքն էր: Վատ չէ` շարժ կա: «Նորմալ» է նաեւ ավելորդ հուզականությունն ու ցուցադրականությունը: Արվեստի վաստակավոր գործիչ (տեսնես` ո՞ր արվեստի...) Գագիկ Մանասյանը, իրեն ոչ բնորոշ համարձակությամբ, առաջարկում է բոլոր հեռուստաալիքներով ու կայքերով չլուսաբանել «ոչխարին» (նկատի ունի վարչապետին): Հարց` այդ դեպքում ինչպե՞ս իմանալ, թե էլ ինչ «ղալաթ» է անելու նա: Եվ հետո` «ոչխար» ասածդ ինչպե՞ս է, որ մոտ 3 տարի քեզ ու բոլորիս խաղացնում է մատների վրա, էդ ի՞նչ ոչխար է, որ ազգովի չենք կարողանում կտրել «մսուրից»: Շուշան Պետրոսյանը համոզվեց, որ ներկաներն իրեն չեն մոռացել, երգեց եւ մտավորականներին պատգամեց` չվախենալ:
Հանդիպել ժողովրդի հետ. ահա միակ գործնական առաջարկությունը հավաքում:
- Ես   միշտ  կարծել  եմ,  թե  մտավորականը   գրողն  է,   երաժիշտը,  նկարիչը, քանդակագործը, արտիստը... կներեք, մտավորականը դո՛ւք չեք, մեր զինվորն է...,- սա էլ որպես ամփոփում` Աշոտ Երկաթի փշոտ խոսքերն էին:

Ի վերջո, ունե՞նք մտավորականություն, որն այս  ճակատագրական պահին կարող է դեր խաղալ մեր կյանքում: Գրողների միությունը (որը ղարաբաղյան շարժման օրերին մտավորականների, քաղաքական գործիչների համար դարձել էր յուրօրինակ շտաբ-կայան) ունա՞կ է փոխել իր անդեմ պահվածքը: Ես հույս չունեմ: Իմ ճանաչած մտավորականն Արման Թաթոյանն է, Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը, ովքեր փոխարինում են կառավարությանը, ԱԺ-ին եւ անհասկանալի ՀՀ նախագահին` միասին վերցրած: Մտավորականներ են Վեհափառն ու Արամ Առաջինը, ովքեր երկրի համար ամենածանր պահին ազգի հետ են: 
Եվ, այնուամենայնիվ, շատերս ցավով գիտակցում ենք, որ երկրի տարուբերվող նավը խարիսխ չունի, եւ Աստված գիտե, թե ալիքներն ուր կտանեն...
Կապրենք, կտեսնենք:

Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ