Վարչապետն այն անձանցից չէ, ով ձվի մեջ մազ է ման գալիս

Վարչապետն այն անձանցից չէ, ով ձվի մեջ մազ է ման գալիս

Մինչ քանի օր է՝ համացանցում ակտիվորեն քննարկում են Նիկոլ Փաշինյանի ոչ հարգալից վերաբերմունքը մաքսատան աշխատակցի նկատմամբ, երբ նրան հորդորեց «ձգված» դիմավորել վարչապետին, երեկ ԱԺ-ում նրա թիմակիցները բողոքում էին իրենց «նվաստացնող» լրագրողներից։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի թիմում ով չի ալարում, խոսում է ԶԼՄ-ներից, նրանց ոչ անաչառ լուսաբանումից եւ այլն։ Եվ ոչ ոք չի մտածում, որ այդ քննադատությունները բխում են իրենց բազում սխալներից։ 

«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելու ժամանակ պատկան հանձնաժողովի նիստում Սասուն Միքայելյանի պրոտեժե, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ՀՌԱՀ նախագահի ուշադրությունը հրավիրեց որոշ ԶԼՄ-ների վրա․ «Հեղափոխության սլաքները կարծես բոլոր հեռուստաընկերություններ չեն հասել։ Խոսքս հատկապես վերաբերում է երկխոսություն ենթադրող, հատկապես քաղաքական կոնտենտ ունեցող հաղորդումներին, երբ որոշ հեռուստաընկերություններում հաղորդավարը կարծես իր առջեւ խնդիր է դնում ոչ թե տվյալ պահին երկրի ներսում ընթացող կամ արտաքին քաղաքական վեկտորների հետ կապված հարցերը, այլ կարծես փորձում է հոգեբանորեն նվաստացնել կամ վիրավորել ոչ միայն տվյալ բանախոսին, այլեւ բանախոսի ներկայացրած քաղաքական ուժը»։ Հիշեցնենք, Լիլիթ Ստեփանյանը մի կարճ ժամանակ Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր՝ մինչեւ Սասուն Միքայելյանի որդու ընտրվելը։ Քննարկումից հետո զրուցեցինք պատգամավորի հետ։

- Ո՞ր լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների մասին էիք բողոքում, եւ Ձեր ասած այդ նվաստացնելն ինչպե՞ս է տեղի ունենում, ո՞ւմ են փորձել նվաստացնել։

- Իրականում ոչ թե խնդիր ունեմ որեւէ լրատվամիջոցի, հեռուստաընկերության անուն հրապարակել, այլ Դուք՝ որպես այդ դաշտի ակտիվ ներկայացուցիչ, կարող եք մոնիթորինգ անել եւ հրապարակել այն հաղորդումների թե՛ անունները, թե՛ հեռուստաընկերությունները, թե՛ վարողներին, ովքեր իսկապես իրենց առջեւ նպատակ են դնում ոչ թե այս պահին երկրի ներսում կամ արտաքին քաղաքականության մեջ, կամ որեւէ ոլորտի հետ կապված խնդիր վերհանել կամ տեսնել այլընտրանքներ, կամ պարզապես կանչում են, որպեսզի ինքնաարտահայտվեն։

- Դա կոչվում է նվաստացո՞ւմ։

- Շատ հաճախ բանախոսին տալիս են ոչ թե տհաճ, այլ ոչ կոռեկտ հարցեր եւ ակնկալում են պատասխան։

- Ոչ կոռեկտ հարցի օրինակ նշեք։

- Ես ասացի, որ ինքներդ կարող եք մոնիթորինգ անել։

- Մասնավոր կազմակերպություններ են, դուք ուզում եք, որ բոլորը ձե՞զ գովեն։

- Իհարկե, մասնավոր են, բայց կարծում եմ՝ իրենց ոչ մեկը չի արգելում հետեւել էթիկային, հետեւաբար, կան կոնկրետ վարվեցողության նորմեր, վարքի, խոսքի նորմեր, որ պարզապես պարտադիր են բոլորի համար, կլինեն ընդդիմադիր, թե ոչ։ Ի վերջո, ես կարծում եմ, որ առհասարակ մամուլը՝ թե՛ հեռուստաընկերություններ, թե՛ թերթեր ու էլեկտրոնային լրատվամիջոցներ, պետք է վերջնականապես իրենց դերն ու նշանակությունը դեմոկրատական երկրներում ամրագրեն, պետք է հասկանաք, որ դուք կամուրջ եք հասարակության եւ իշխանության միջեւ։

- Եթե իշխանության ներկայացուցիչը չի ասում, թե ինչպես են իրեն նվաստացրել, մենք էլ հասկանում ենք, որ ոչ հաճելի հարցից եք նեղվում, ինչպե՞ս պիտի մեզ ընդունեք որպես կամուրջ։

- Նախ՝ ինձ ոչ մեկ չի նվաստացրել, եւ ես դեռեւս որեւէ հեռուստաընկերությունից բանավեճի հրավեր չեմ ստացել, բայց եթե Դուք փորձեք մոնիթորինգ իրականացնել, կհասկանաք։

- Դուք եք նեղսրտում, ո՞ւմ են ձեր թիմից նվաստացրել, գուցե իրենց տեղն ասեք, իրենց հետ խոսենք։

- Ես խնդրում եմ՝ ամբողջ շղթայում մի առանձնացրեք «նվաստացնել» բառը։ Շատ հաճախ Դուք կարող եք քաղաքական դեբատներում, որտեղ մասնակցում են ընդդիմությունից, իշխանությունից ներկայացուցիչներ, կարող եք տեսնել, որ միեւնույն երեւույթի նկատմամբ բոլորովին հակադիր կարծիքներ են հայտնում։ Վերջին երկու օրերի ընթացքում եթե Դուք հետեւեք քաղաքական դիսկուրսներին, թե՛ տպագիր եւ հատկապես էլեկտրոնային մամուլում թիրախավորված են ոչ թե խնդիրներն ու պրոբլեմները՝ այլ անձինք։ 

- Ի՞նչ անեն, իշխանություններին չքննադատե՞ն։

- Որեւէ մեկը, ով ընտրել է հանրային քաղաքական-հասարակական գործով զբաղվել, չի կարող խուսափել քննադատությունից, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով՝ միանշանակ պետք է թիրախավորել խնդիրները։

- Մի քանի օր է՝ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսակետի աշխատակցի նկատմամբ դրսեւորած պահվածքը։ Ասում են՝ վարչապետը երկրում իրական խնդիրները թողած՝ ընկել է իրեն չձգված դիմավորած աշխատողների ետեւից։ Հիմա սա նորմա՞լ է Ձեզ համար, որ վարչապետն ազատեց աշխատողին։ Սրանից նվաստացուցիչ պահվածք ՀՀ քաղաքացու նկատմամբ դժվար է պատկերացնել։

- Ես վարչապետի պահվածքի մեջ նվաստացուցիչ տառ կամ բառ չեմ տեսել։ Իրականում ժամանակն է, որ՝ այո, բոլորը հարգեն ազգային խորհրդանիշները։
Ձգված դիմավորեք ասելով՝ վարչապետը բնավ նպատակ չունի, որ իրեն զինվորական ոլորտին հարիր կերպով ողջունեն։ Խոսքը վարչապետի մասին չէ․․․ նույնիսկ եթե ինչ-որ մեկը մտնում է ինչ-որ մեկի սենյակ, եթե ես նստած լինեմ, Դուք մտնեք իմ սենյակ, ես, այնուամենայնիվ, կկանգնեմ, կընդունեմ համապատասխան կեցվածք, նոր Ձեզ կբարեւեմ։

- Աշխատակիցը կանգնած էր։

- Այն, ինչ կատարվում է միջին օղակներում վարքագծի նորմերի նկատմամբ, իսկապես ընդունելի չէ։ Այնուամենայնիվ, սա մեր երկրի վարչապետն է, մեր երկրի առաջին դեմքն է, ով մեզ ներկայացնում է միջազգային մակարդակով։ Հետեւաբար, բոլորովին դժվար չէր լինի, որ երբ վարչապետը մտնում էր, մարդն էն դիրքով, որ կանգնած էր մի րոպե առաջ, փոփոխություն լիներ այդ դիրքի մեջ։ Ես՝ ինքս, չեմ տեսել, ներկա չեմ եղել, բայց անվերապահորեն հավատում եմ վարչապետին ու գտնում եմ, որ նա այն անձանցից չէ, ով ձվի մեջ մազ է ման գալիս։ Եթե վարչապետին հունից հանել են մաքսակետում երեւան եկած խնդիրները, ապա վստահ եղեք, որ իրականում այնտեղ խնդիրը շատ ավելի լուրջ է, քան փոխանցել է վարչապետը։

- Հիմա ոմանք զուգահեռ են տանում, որ եթե վարչապետի համար ձգված պահվածքը լավ աշխատելու չափանիշ է, ուրեմն թող ինքն էլ ձգված նստեր Ալիեւի հետ հանդիպմանը։ Մի դեպքը համարելու եք նվաստացուցիչ, մյուսը՝ գովելի՞։

- Գոյություն ունեն պաշտոնական հանդիպումներ բարձր քաղաքական գործիչների միջեւ, այդ պարագայում պաշտոնական հանդիպումների ժամանակ որեւէ մեկը չի կարող որեւէ նկատողություն անել, թե, վայ, մեկի շալվարի փողքը մի քիչ բարձրացել է, մյուսի նասկին ավելի շատ է երեւում․ գոյություն ունեն պաշտոնական արարողակարգեր, որին համապատասխան պետք է ընթանա ամբողջ հանդիպումը։ Եվ գոյություն ունեն ոչ պաշտոնական հանդիպումներ, որտեղ մասնագետները կասեն՝ ինչի առկայությունն է պարտադիր, ինչինը՝ ոչ։ Խոսել վարչապետի նստած ձեւի մասին, խնդրում եմ՝ էսքան մի իջեցրեք։ Վարչապետն ընդամենը ասում է՝ հարգանք ցուցաբերեք ազգային խորհրդանիշի նկատմամբ եւ ձեր երկրի ղեկավարի նկատմամբ։

- Իշխանություն ձեւավորած քաղաքացին իրավունք չունի՞ իր վարչապետից պահանջելու նույնպիսի վերաբերմունք։ Իրավաբաններն արդեն բարձրաձայնել են, որ, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, Փաշինյանն իրավունք չուներ դրոշի կամ ձգված չկանգնելու համար մարդուն ազատել աշխատանքից։

- Թող որեւէ մեկը չփորձի վարչապետի բարեկրթությունը շփոթել թուլության կամ թուլամորթության հետ։ Ինչ վերաբերում է Աշխատանքային օրենսգրքին, գիտեք, մեր շատ օրենսգրքերում շատ բաներ կան, որ գրված չեն, բայց, այնուամենայնիվ, պարտադիր են։ 

- Այսինքն՝ պետությունը կարելի է չգրված օրենքներո՞վ ղեկավարել։

- Ես խնդրում եմ, Դուք ամեն ինչը բացարձակ ընկալելու միտում ունեք, բայց կարծում եմ՝ հստակ հասկանում եք, թե խոսքն ինչի մասին է։ Այո, կան չգրված օրենքներ, եւ շատ հաճախ չգրված օրենքները համակարգում են շատ ավելի լուրջ միջանձնային ոլորտներ, քան գրված օրենքները։