Հայկ Մարությանի մոտ սևեռուն գաղափա՞ր է սևի դեմ պայքարը

 Հայկ Մարությանի մոտ սևեռուն գաղափա՞ր է սևի դեմ պայքարը

«Նույն ինքը՝ Մյունհաուզենը» ֆիլմում մի թագավոր կար՝ կարուձեւի սիրահար, որը հարեւան երկրին պատերազմ էր հայտարարում կամ խաղաղություն կնքում՝ հայտարարելով․ «Ողջ խնդիրը գոտկատեղի մեջ է»։ Արդեն դասական դարձած՝ սեւ ու սպիտակի մասին արտահայտության հեղինակ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, չի սիրում սեւերին եւ սեւ գույնը։ Բայց, կարծես թե, այս ատելությունը նրա մոտ վերածվել է սեւեռուն գաղափարի։ Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա եւ պահանջել վերացնել բոլոր այն ցուցանակները, որոնց հետնապատկերը՝ ֆոնը, սեւ գույնի է։ Հրահանգել են նոր գույն ընտրել, ասենք՝ կարմիր կամ դեղին։

Ըստ որում, երբ նրանց բացատրել են, որ վարձակալողները ենթարկվում են ֆրենչայզինգի (բիզնես հարաբերություններ՝ անկախ ընկերությունների ու ֆիզիկական անձանց միջեւ, որի դեպքում ֆրենչայզերը մյուս կողմին տալիս է իր բրենդի ոճը, վարկի օգտագործման իրավունքը՝ առանց դիզայնում որեւէ կետ, ստորակետ փոխելու իրավունքի՝ որոշակի վճարի՝ ռոյալթիի դիմաց), Կենտրոնի թաղապետարանում շարունակել են պնդել իրենց պահանջը։ Մենք այցելեցինք Հյուսիսային պողոտա եւ զրուցեցինք այնտեղ տեղակայված Emporiօ Armani, Massimo Dutti, Milano, «Բուրմունք» եւ այլ խանութների եւ «Բուրգեր» սրճարանի աշխատակիցների՝ մենեջերների ու տնօրենների հետ, որոնցից միայն մեկն ուղղակի նշեց, որ՝ այո, գովազդի հետ կապված խնդիր ունեն, իսկ մյուսներն իրենց պատասխաններով անուղղակի հաստատեցին, բայց հրաժարվեցին ավելի մանրամասն խոսել։ 

Milano խանութի տնօրենը, օրինակ, ասաց, որ տասը տարի առաջ հաստատել է խանութի ցուցանակի լոգոն, եւ ոչ ոք չի կարող իրեն պարտադրել հանել դա։ «Մեզ ոչ ոք չի կարա ասի՝ գույն փոխեք կամ բան»,- նշեց տնօրենը։ Emporiօ Armani-ից էլ լսելով սեւ գույնի մասին հարցս, բոլորովին չզարմանալով՝ նշեցին․ «Ինքը ֆրենչայզինգով է, բրենդն ունի իր գունային լուծումը»։ «Բուրմունք» խանութի HR ներկայացած անձն էլ շարունակ պնդում էր, որ անձամբ իրեն ոչ ոք նման բան չի ասել՝ չբացառելով, որ հնարավոր է իրավաբանին կամ մեկ այլ անձի ասված լինի։ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի պետ Կարեն Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանի նոր հայեցակարգի պահանջներից ելնելով՝ այո, նման պահանջներ դրվել են։ Ու ոչ միայն Հյուսիսային պողոտայում, այլեւ ողջ կենտրոնում։ Բայց դրանք, ըստ Կարեն Հովսեփյանի պնդման, գունային լուծումներով չեն պայմանավորված։

«Գույնի հետ կապված՝ նման խնդիր երբեւիցե չի քննարկվի, որ սեւը կապույտ լինի կամ կանաչ։ Եթե ինչ-որ հատուկ սխեմայի մեջ չի մտնում։ Կարող է ինչ-որ շենքի ճարտարապետական տեսքի հետ կապված նման առաջարկ լինի, բայց նորից եմ ասում՝ խոսքը նրա մասին է, որ ցուցանակը կրող կոնստրուկցիա չունենա, կամ շենքի ճակատը կամ քարերը գովազդով չփակվեն»։ Կարեն Հովսեփյանը բերեց հետեւյալ օրինակը՝ ենթադրենք, կա 2/3-ի վրա վահանակ, որի վրայի բառերը չեն կարող անմիջականորեն շենքի քարերի վրա լինել ֆիզիկապես։ Բայց թաղապետարանի աշխատակիցը չէր հիշում, թե արտաքին գովազդի հետ կապված ինչ խախտումներ են արձանագրել։ 

Իսկ օբյեկտների տերերը մեզ խոստացան, որ եթե մոտ օրերս քաղաքապետարանը չհրաժարվի իր անհեթեթ պահանջից, արդեն կխոսեն անվանական եւ կոնկրետ։