Ո՛չ ջեռուցում կա, ո՛չ հոսանք կա, հիվանդ են, ջերմություն ունեն․ Մարտունիում տեղակայված ժամկետային զինծառայողների մասին

Ո՛չ ջեռուցում կա, ո՛չ հոսանք կա, հիվանդ են, ջերմություն ունեն․ Մարտունիում տեղակայված ժամկետային զինծառայողների մասին

«Հրապարակ» թերթին շարունակում են փոխանցվել տեղեկություններ, ըստ որոնց հայկական ուժերի վերհսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում ժամկետային զինծառայողները մնում են բավականին ծանր պայմաններում։

«Ուրեմն, ամբողջ Ջաբրայիլի մնացած ժամկետային զինծառայողներին, որոնք ողջ են մնացել,  բերել ու տեղավորել են մի տեղում, Մարտունի քաղաքում մի դպրոց է։ Հիմա այդ երեխաներն այդ դպրոցում քնում են գետնին։ Ոչ մի հնարավորություն չկա, ոչ ջեռուցում կա, ոչ հոսանք կա, հիվանդ են, ջերմություն ունեն, ջուր էլ չկա, ջերմությամբ տառապում են, հայտնի չէ, թե ինչ հիվանդությամբ»,- հայտնեցին «Հրապարակի» լրագրողին։

Մեր զրուցակիցն ասաց, որ այնտեղ սննդի հետ կապված խնդիրներ էլ կան, զինվորներն այնտեղ գեներատոր են միացնում, մի քանի րոպեով հոսանք են տալիս, որ հեռախոսները լիցքավորվեն։ 

«Մեզ տեղեկություններ են փոխանցվել, որ Արցախում գտնվող զինծառայողները վատ պայմաններում են մնում․ թե՛ ջեռուցման հետ կապված խնդիրներ կան, թե՛ սննդի, թե՛ պահման պայմանների։ ՊՆ-ի մեկնաբանությունն է հարկավոր, ինչպես նաեւ պայմանների բարելավման ուղղությամբ ի՞նչ քայլեր են կատարվել ու կատարվում» բովանդակությամբ հարց ուղղեցինք Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին։ Նա պատասխանեց, թե «այս հարցերի պատասխաներն առավել մանրամասն Պաշտպանության բանակից կտան»։ 

Մի քանի փորձից հետո այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Արցախի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանի հետ։

Նշենք, որ ավելի վաղ մեզ կրկին տեղեկություններ էին փոխանցվել այսպիսի վիճակի վերաբերյալ։ Նաև համացանցում են տեսանյութեր տարածվել, որ զինվորները բնակվում են բավականին ծանր պայմաններում։