Մայրս, այո, փոքր փայաբաժին ունի «Արմֆարմացիա» ընկերությունում, բայց ես շահերի բախում չեմ տեսնում. Անահիտ Ավանեսյան

Մայրս, այո, փոքր փայաբաժին ունի «Արմֆարմացիա» ընկերությունում, բայց ես շահերի բախում չեմ տեսնում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո իր առաջին ճեպազրույցն ունեցավ լրագրողների հետ։

Hraparak.am-ը հիշեցրեց, որ իր նշանակումից հետո իր հետ կապված երեք խնդրահարույց տեղեկություն տարածվեց: Մեկը, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է, բայց ղեկավարելու է առողջապահության ոլորտը, նաև գրվեց, որ իր ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, բիզնես շահեր ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, և Ավանեսյանին պատկանող «Արմֆարմացիա» դեղագործական ընկերությունը մշտապես հաղթել է պետական տենդերներում։

«Այո, ես առողջապահության նորանշանակ նախարարն եմ և մասնագիտությամբ իրրավաբան եմ, նշեմ, որ միշտ աշխատել եմ առողջապահության ոլորտում և վերջին 3 տարիների ընթացքում զբաղեցրել եմ առողջապահության նախարարի տեղակալի, այնուհետև՝ առաջին տեղակալի պաշտոնը։ Եվ կարծում եմ, որ իրավաբանական կրությունը, փորձառությունը ոլորտի այն բավարար հանգամանքները կստեղծեն, որպեսզի լավագույնս փորձեմ ճիշտ քաղաքականություն մշակել։ Եվ, հենվելով, իհարկե, մասնագիտական կարծիքների վրա, հենվելով մեր ոլորտի ճանաչված բժիշկ-մասնագետների վրա, ունենալ լավագույն քաղաքականությունը առողջապահության ոլորտում»,-ասաց նորանշանակ նախարարը։

Ինչ վերաբերում է բիզնես շահերին վերաբերող հարցին, ապա տիկին Ավանեսյանը դա այսպես մեկնաբանեց․ «Նշեմ, որ իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, որևէ ձևով ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ և որևէ բիզնես շահ չունի պարոն Թորոսյանի հետ»։

Հարցին՝ ինքը, ամուսինը կամ իրենց ընտանիքից որևէ անդամ փայաբաժին ունե՞ն այդ ընկերության մեջ, Ավանեսյանն ասաց. «Ես չունեմ, ամուսինս չունի, մայրս՝ այո, փոքր փայաբաժին ունի։ Բայց ես որևէ շահերի բախում չեմ տեսնում, որովհետև առողջապահության նախարարությունը, ինչպես բոլոր գերատեսչությունները, առաջնորդվում են գնումների մասին օրենքով, և մրցույթի միջոցով մասնակցում են մի շարք ընկերություններ, և լավագույն առաջադրվող գինը հաղթում է»։

Hraparak.am-ը նկատեց, որ նախկին իշխանությունների օրոք էլ էին բազմաթիվ նման դեպքեր լինում, և ամեն օր թմբկահարում էր այդ հանգամանքը, որ, այսինքն, նախարարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, այնպես է անում, որ տենդերներում շահեն իր հետ կապ ունեցող ընկերությունները։

Ի պատասխան՝ Ավանեսյանն ասաց. «Նշեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում մի քանի անգամ ուսումնասիրվել են բոլոր պայմանագրերը, «Արմֆարմացիա» ընկերությունը բավականին վաղուց ստեղծված ընկերություն է, 1997 թվականից ի վեր այն մասնակցել է պետության կարիքների համար մի շարք տենդերների, և որևէ փոփոխություն, որևէ առաջ տանել չի եղել»։