ՀՊՏՀ ուսանողները պատգամավորներին են ուղարկել Դ. Գալոյանի արտագրությունների օրինակներ

ՀՊՏՀ ուսանողները պատգամավորներին են ուղարկել Դ. Գալոյանի արտագրությունների օրինակներ

Այն բանից հետո, երբ ակադեմիական ազնվության մասին տարբեր օղակներից հնչող անհեթեթ մեկնաբանությունների արդյունքում ԿԳՄՍ նախարարությունն իր թեթև ձեռքով որոշեց ընդհատել տնտեսագիտական համալսարանի բարեփոխումներն, ինչի արդյունքում նաև ՀՊՏՀ գիտական խորհուրդը նոր ռեկտորի ժ/պ Դ․ Գալոյանի գլխավորությամբ տապալեց  դասախոսների մրցույթի արդյունքները, մենք՝ ՀՊՏՀ ուսանողներս և շրջանավարտներս, ապացուցեցինք բոլորին, թե որքան կեղծ էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի, մի քանի այլ պատասխանատուների և մի  շարք բողոքող դասախոսների պնդումները «գրագողության», «գիտական բարեխղճության» և նմանատիպ երևույթների մասին: Ապացուցեցինք շատ կարճ ժամանակահատվածում՝ բացահայտելով Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում մեծածավալ արտագրությունների և չլսված պրիմիտիվ «copy paste»-երի բազմաթիվ դեպքեր, որոնց մասին վերոնշյալ մարդիկ համառորեն լռում են՝ հաստատելով մեր մտահոգություններն այդ կեղծ աղմուկի ետին նպատակների վերաբերյալ, և որ «ազնվությունը» պահպանելու  շինծու կոչերը չեն տարածվում հովանավորյալների վրա: Տեսե՛ք, թե անհեթեթ հայտարարություններից հետո այժմ ինչ են փորձում կոծկել հանուն Դ. Գալոյանի պաշտոնավարման՝
-    ռուսական կուրսային աշխատանքներից և սիրողական այլ աղբյուրներից մեծածավալ «copy paste»-երի մի քանի տասնյակ դեպքեր,
-    արտագրություններ բակալավրի ուսանողների համար կազմված ուսումնական ձեռնարկներից,
-    Բլոգնյուզի հոդվածի ծայրից ծայր «copy paste» դոկտորական ատենախոսությունում,
-    պրոֆեսորի կոչման համար ներկայացված գրեթե բոլոր գիտական աշխատանքները՝ արտագրված,
-    դոկտորական ատենախոսության ամբողջությամբ արտագրված առնվազն 3 ենթագլուխ, արտագրված առաջարկություններ և գիտական նորույթ….
Մինչև այժմ հրապարակված բացահայտ արտագրությունների դեպքերին կարող են ծանոթանալ բոլորը հետևյալ հղումով՝ https://forqualityeducation.wordpress.com/ կամ հետևելով «Հանուն որակյալ կրթություն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջին:

Ինչու՞ պատգամավորներից միայն մեկին հարկ չենք համարել դիմել։ Այս հարցն ունի շատ տրամաբանական բացատրություն: Այն բանից հետո, երբ Դ․ Գալոյանը, հույս ունենալով ապակողմնորոշել հանրությանը և ներկայանալ արդար լույսի ներքո, դիմեց պատասխանատու մարմիններին՝ իր  ատենախոսությունը ստուգելու խնդրանքով, մամուլը հեղեղվեց ատենախոսությունում առկա բացահայտ և մեծածավալ արտագրությունների մասին փաստերով։ Այնուհետև պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն, ով Դ․ Գալոյանի և նրա մոր մտերիմն է, և ում նախընտրական քարոզարշավը մեկ տարի առաջ ակտիվորեն լուսաբանվում էր վերջիններիս կողմից, համարձակվեց ՀՀ Ազգային ժողովի ամբիոնն օգտագործել իր մտերիմներին «շնորհակալություն հայտնելու համար»՝ հորինված հայտարարություններ անելով, թե իբր մեր արդար պայքարը քաղաքական ենթատեքստ ունի և, չգիտես ինչու, միայն Դ. Գալոյանի դեպքում առաջարկեց մոռանալ «գրագողության» մասին, որովհետև պահանջները հստակ չեն եղել: Պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, փորձելով միտումնավոր շեղել ուշադրությունն արտագրությունների, խտրական վերաբերմունքի և հովանավորչության թեմաներից, ակնհայտորեն սպառնաց նաև Ռ. Հայրապետյանին՝ վերջինիս անտեղի և անիմաստ խորհուրդներ տալով:
Քաղաքական նպատակների մասին անհիմն և անպատասխանատու հայտարարությունները բուն խնդիրը շրջանցելու վերջին հույսի փորձն էին, հետևաբար իմաստ չենք տեսնում արդարության վերականգնման պահանջով դիմել մի պատգամավորի, ով Ազգային ժողովի ամբիոնը ծառայեցնում է իր մտերիմների շահերը սպասարկելուն՝ մոռանալով արդարության, ոլորտի խնդիրների և անտրամաբանական որոշումների հետևանքների մասին:

Նշենք նաև, որ Դ. Գալոյանի արտագրությունների դեպքերի 122 էջանոց փաթեթը համապատասխան նամակներով ուղարկվել է  ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանին, ԲՈԿ նախագահ Ս․ Գոգյանին։ Անհամբերությամբ սպասում ենք նրանց  և 131 պատգամավորների ԱՆԱՉԱՌ արձագանքին:

Պայքարելու ենք մինչև վերջ, քանի դեռ ոլորտի պատասխանատուները ոտնահարում են իրենց իսկ կողմից որդեգրած հեղափոխության արժեքները՝ ցուցաբերելով ակնհայտ խտրական մոտեցում, և հասարակությունից փորձում են թաքցնել ակներև փաստեր՝ դրանով իսկ պաշտպանելով մարդկանց դեմ փուչ քրեական գործեր հաղորդողներին ու սեփական անճարությունը թաքցնելու և այլոց աչքին բարձրանալու նպատակով ստահոդ լուրեր տարածողներին:

ՀՊՏՀ ուսանողներ