«Հրապարակ». Իշխանությունը որոշել է ստեղծել «Ռոսկոմնադզոր»

«Հրապարակ». Իշխանությունը որոշել է ստեղծել «Ռոսկոմնադզոր»

Արդարադատության նախարարությունը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը շատ անորոշություններ է պարունակում։ Առաջարկվող փոփոխություններով՝ ամբողջությամբ փոխվելու է օրենքի 3-րդ հոդվածը, որը սահմանում է, թե ինչ են «զանգվածային լրատվությունը», «զանգվածային լրատվության միջոցը», «լրատվական գործունեություն իրականացնողը», եւ ով է լրագրողը։

Փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ զանգվածային լրատվության միջոցը «Խմբագրական պատասխանատվության կամ վերահսկողության ներքո հասարակությանը պարբերական հիմունքներով հանրային նշանակության տեղեկատվություն ներկայացնելու նպատակով օգտագործվող ցանկացած հաղորդակցության միջոցն» է, մինչդեռ գործող օրենքը սահմանում է, որ եթե խոսքը թերթերի, հեռուստատեսության ու ռադիոյի մասին չէ, այլ համացանցային ԶԼՄ-ների, ապա այն պետք է ունենա համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ, կայք, եւ կայքում պետք է ներառված լինեն լրատվամիջոցի անունը, լրատվական գործունեություն իրականացնողի լրիվ անվանումը եւ այլն։ Փաստորեն, առաջարկվող փոփոխություններով այսուհետ ԶԼՄ կարող են համարվել բոլոր բլոգերները, ֆեյսբուքյան էջերը, տելեգրամյան ալիքները, որոնք պարբերաբար տեղեկատվություն կտարածեն։

Առաջարկվող փոփոխություններում օգտագործվում է նաեւ «խմբագրական վերահսկողություն» տերմինը, սակայն չի հստակեցվում, թե ինչ է դա նշանակում, օրինակ՝ անհատ բլոգերը կարո՞ղ է ինքն իր նկատմամբ խմբագրական վերահսկողություն իրականացնել, թե՞ ոչ։ Այսպիսով ստեղծվում է մի իրավիճակ, երբ Perfect TV-ն կարող է համարվել լրատվամիջոց, որովհետեւ առաջարկվող փոփոխություններին ամբողջովին համապատասխանում է, այսինքն՝ տարածում է պարբերական տեղեկատվություն, չունի դոմեյն, հոսթինգ եւ այլն։

Առաջարկվող փոփոխություններում նաեւ լրիվ նոր հասկացություններ են սահմանվում՝ «հանրային իրազեկման միջոց տարածող», «էթիկայի կանոնագիր», «ինքնակարգավորման միջոցներ», «ճանաչված ինքնակարգավորման միջոցներ», «Մեդիա խորհուրդ»։ Թե ինչով է տարբերվում «հանրային իրազեկման միջոց տարածողը» «զանգվածային լրատվության միջոց» տարածողից, անհասկանալի է։

Հատկապես վիճահարուց է «Մեդիա խորհրդի» ձեւավորման կարգը։ Գրել են այսպես. «Մեդիա խորհուրդն իրականացնում է ինքնակարգավորման միջոցների ճանաչում ինքնակարգավորման մարմինների եւ էթիկայի կանոնագրերի` միջազգային չափանիշներին համապատասխանության հավաստման միջոցով: Մեդիա խորհրդի կողմից վարվում է հանրային իրազեկման միջոց տարածողների հրապարակային ռեեստրը»։ Այսինքն՝ ստեղծվում է օրենքվո նախատեսված մի կազմակերպություն` վերահսկող մարմին, որը պետք է որոշի ԶԼՄ-ների էթիկայի նորմերը, թե ինչ է կարելի վերջիններիս, ինչ՝ ոչ։ Դատելով «Մեդիա խորհրդի»  ձեւավորման սկզբունքներից, դրանում ընդգրկվելու են իշխանությունների սիրելի ՀԿ-ները` «վերջին 15 տարիների ընթացքում լրագրության ոլորտում իրավապաշտպան գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունները՝ 1-ական ներկայացուցչով»:

Նախաձեռնության հեղինակները կոնկրետ մարդկանց «վրայով» օրենք են մշակում` խոսքը «լրատվական ոլորտի ՀԿ»-ներ կոչվող փնջի մասին է, ինչպիսիք են Մեդիանախաձեռնությունների կենտրոնը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Ասպարեզ ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ այլն։  Փաստորեն, այս կազմակերպություններին լրացուցիչ լծակներ են տալիս, որ սրանք քննեն, թե արդյոք տվյալ լրատվամիջոցի էթիկայի կանոնագիրը համապատասխանո՞ւմ է «միջազգային չափանիշներին», թե՞ ոչ։ Ի դեպ, այս օրենսդրական փոփոխությունների հետեւում էլ են կանգնած նշված ՀԿ-ները։ Արդարադատության նախարարությունից մեր հարցին ի պատասխան, թե օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակմանը որ ՀԿ-ներն են ներգրավված եղել, պատասխանեցին․ «Նախագծերը մշակվել են արդարադատության նախարարության, ինչպես նաեւ «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի փորձագետների խորհրդատվական մասնակցությամբ»։

Այդ՝ «Էթիկայի դիտորդ մարմին» կոչվածն էլ կազմված է հետեւյալ անձանցից․ Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար, Լեւոն Բարսեղյան՝  Ասպարեզ ակումբի նախագահ, Շուշան Դոյդոյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Նունե Սարգսյան՝ Մեդիանախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, Ռուբեն Բաբայան՝ ռեժիսոր, Արա Շիրինյան՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ եւ այլն։
Այն, որ այս կազմակերպությունները լրագրողների շահը չեն ներկայացնում, զուտ գնահատական չէ․ ընդամենը ամիսներ առաջ մոտ 120 լրագրողներ հանդես էին եկել հայտարարությամբ՝ արձանագրելով, որ նշված ՀԿ-ները չեն ներկայացնում լրագրողական համայնքի շահերը։ Արդյունքում ակնհայտ է դառնում, որ նախ լղոզում են գործող օրենքում առկա հասկացությունները, թե ինչ է ԶԼՄ-ն, ով է լրագրողը, եւ ճանապարհ են հարթում անհասկանալի էջերի ու ալիքների համար, մյուս կողմից` ստեղծում են «Ռոսկոմնադզորի» հայկական վերսիան, որ իշխանությանը կից ինչ-որ ՀԿ-ներ որոշեն փորձառու ավանդական լրատվամիջոցների կարելին ու անկարելին։