Տրամաբանական հանգուցալուծում կամ երկրորդ կապիտուլյացիա

Տրամաբանական հանգուցալուծում կամ երկրորդ կապիտուլյացիա

44-օրյա պատերազմի պարտությունը Փաշինյանը հիմա էլ կապում է հինգերորդ շարասյան հետ։ Ի՞նչ է հինգերորդ շարասյունը։ «Հինգերորդ շարասյուն» տերմինն առաջացել Է 1936-ի հոկտեմբերին, երբ նացիստները չորս շարասյուներով հարձակվում էին Մադրիդի վրա, իսկ հինգերորդը գործում էր քաղաքում և վճռական պահին պետք Է հարվածեր թիկունքից։ «Հինգերորդ շարասյունը» շփոթություն էր տարածում, զբաղվում սաբոտաժով, լրտեսությամբ ու դիվերսիայով։ 1939-1945-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյուն» էին կոչում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալությունները, որոնք օգնում Էին ֆաշիստական զորքերին զավթելու այդ երկրները։ Հինգերորդ շարասյունը ներքին թշնամու, դավաճանի, լրտեսի հոմանիշ է։ 

Երեկվա ասուլիսում Փաշինյանը խոսում էր հինգերորդ շարասյան մասին։ Այսինքն հիմա էլ մեղքը բարդում է ներքին շարասյան վրա։ Քանի որ զուտ խոսակցական շրջանակներում է լրտեսական  թեման, ոչ մի մեղադրական եզրակացություն չկա, փորձենք միասին մտածել։ Երեկ մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարեց՝ ինձնից կախված բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի․
«Երբ մենք փետրվարին Ադրբեջանին փոխանցել ենք խաղաղության պայմանագրի թուղթը, դա եղել է թղթի մի տարբերակ, որը ես պատրաստ եմ ստորագրել: Ինչո՞ւ չեմ ստորագրել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնել այդ տարբերակին: Դա լավ նորություն կլիներ, եթե այդպես ստացվեր: Մենք ժամանակ չենք ձգում, մենք ուզում ենք թուղթ, որը ստորագրենք, բայց պրոբլեմն այն է, որ Ադրբեջանն այլ ուղղությամբ է տանում» ։ 

Ի՞նչ է ստացվում։ Օգտագործվում է խաղաղություն բառը (խաղաղության պայմանագիր)։ Մեր նման պարտված, հազարավոր երիտասարդների ոսկրակույտերով Եռաբլուր ստեղծած երկրի համար այդ բառը կախարդական նշանակություն ունի։ Դա ընտրովի բառ է՝ ժողովրդին ծնկի բերելու, երկիրը վերջնական կործանման տանելու համար։ Որովհետև ընկածը, երբ խաղաղություն է մուրում, հաղթողը թելադրում է իր պայմանները։  Ու քանի որ, ինչպես Փաշինյանն է ասում, հեղափոխությունը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասել, նա շարունակում է խաղաղություն բառով հեղափոխություն կոչվածի ծրագիրը հասցնել տրամաբանական հանգուցալուծման։ Շարունակում է խաբել մարդկանց խաղաղություն բառով։ Ինքը մնում է իշխանության՝ հենց դրա համար։ Խոսքը երկրորդ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրման մասին է։ Նախապատրաստում է ժողովրդին երկրորդ կապիտուլյացիայի։ Այնպեսի տոնով է խոսում այդ մասին, ասես Հայաստանի ժողովուրդը պիտի գնա ու խնդրի, աղաչի Ադրբեջանին, որ նա խաղաղության պայմանագիր ստորագրի՝ իր ուզած պայմաններով, ինչ Ալիևի ու իր կնքահոր սիրտը ուզի։  

Հիմա ուզում եմ հասկանաք՝ հինգերորդ շարասյունը ո՞րն է։ Հանրությունը համաձայն չէ Ադրբեջանի առաջարկած պայմաններով, որին նույնիսկ տեղյակ չէ, կեղծ խաղաղության գնալ, Փաշինյանի երազանքն է ստորագրել այդ պայմանագիրը։ Նախորդ պայմանագիրն էլ ստորագրվել է ժողովրդի թիկունքում։ Պայմանագիրը ստորագրելուց հետո  նոր պարզ կդառնա ժողովրդի համար, թե Ադրբեջանի ու Նիկոլի ընդհանուր  փորացավը որն էր։ Ադրբեջանի հետագա քայլերը, իր բնույթից ելնելով,  պարզ է՝ Հայաստան չի մնալու։ Այս պարագայում կարծես թե հինգերորդ շարասյուն փնտրտուք պետք չէ։ Հայաստանի ժողովուրդը պարզ տեսնում է, թե ով է շփոթություն տարածում քաղաքում՝ խաղաղության անվան տակ, որպեսզի մեծ պատերազմի ժամանակ ասի՝ խաղաղություն չէի՞ք ուզում, ստացաք պատերազմը։ Նիկոլ Փաշինյանը ժառանգություն է ստացել, ուժեղ երկիր, Արցախ ու այն վերածել է ավերակների։ Այսքանից հետո ի՞նքն է հինգերորդ շարասյուն փնտրում։