Նիկոլենց ուզածը

Նիկոլենց ուզածը

Կարծում եմ, որ Նիկոլենք կարող են բավարարված զգալ իրենց Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հաջիեւի այս արտահայտությունից. «Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է, եւ Բաքուն չի պատրաստվում ինքնիշխանության վերաբերյալ հարցերը քննարկել որեւէ այլ կողմի հետ: Հայերի իրավունքներն ու անվտանգությունը կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան»: Չէ՞ որ Նիկոլենց համար կարեւորը ոչ թե Արցախի կարգավիճակն է, այլ հենց «Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը», որն էլ հենց ապահովելու են ադրբեջանցիները: Համենայնդեպս, նման խոստում են տալիս: Իսկ եթե Նիկոլն անսասան կերպով շարժվում է խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով՝ ի հեճուկս ադրբեջանցիների բոլոր խոչընդոտող գործողությունների, ուրեմն պետք է վստահի նաեւ Իլհամի օգնականի հայտարարության անկեղծությանը: Որովհետեւ հնարավոր չէ «գործընկերոջը» վստահել մի՝ խաղաղության պայմանագրին հետեւելու առումով: Եվ չհավատալ մեկ այլ՝ արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովման առումով:

Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ եթե Ադրբեջանի իշխանությունն ապահովելու է վերը նշված իրավունքները, ապա ինչո՞ւ չպետք է նախաձեռնի նաեւ արցախցիների վերաինտեգրման գործընթացը: Ինչն ինքն առաջարկում էր Լաչինի միջանցքը փակելուց այս կողմ եւ երեկ էլ կատարել է դրա իրականացման կոնկրետ առաջարկություն: Այն է՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի աշխատակազմի անունից Արցախի Հանրապետության ներկայացուցիչները հրավիրվել են Բաքու՝ հանդիպման: Դրանում պետք է քննարկվեն վերաինտեգրման եւ Արցախում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցերը: Կարծում եմ, որ հենց սա էր Փաշինյանի ասած եւ նրա շրջապատի կողմից անընդհատ կրկնվող՝ արցախցիները պետք է բանակցեն Ադրբեջանի իշխանությունների հետ «մոգական» բանաձեւի վերջնանպատակը: Ինչի արդյունքում էլ, վերջապես, ինքը կազատվեր, այսպես կոչված, արցախյան բեռից:

Եթե Բաքվի հանդիպումը տեղի ունենա, ապա այն կլինի երկրորդ նմանատիպ հանդիպումը: Առաջինը, հիշեցնեմ, ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ հանդիպումն էր, որ կայացել էր մարտի 1-ին՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբում: Այդ օրը քննարկվել են Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու եւ միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու, էլեկտրամատակարարման եւ գազի անխափան մատակարարման, Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորության հարցերը: Ինչպես նաեւ ձեռք է բերվել լարվածության նվազեցման եւ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա համագործակցության պայմանավորվածություն: Հանդիպումից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն ոչ մի հարցով ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Ինչը, բնականաբար, սպասելի էր:

Առողջ տրամաբանության տեսակետից ենթադրվում է, որ նման հանդիպումների շարք կազմակերպելն իմաստ ունի, եթե առաջին հանդիպումից հետո լուծվում է դրա ընթացքում քննարկված այս կամ այն հարցը: Եվ կամ լուծման ընթացքում բացահայտվում են խնդիրներ, որ լրացուցիչ քննարկման կարիք են զգում: Բայց, ինչպես ասվեց, ոչ մի հարց էլ չի լուծվել: Կամ էլ դրանք այն թեմաները չեն, որ ունենային ինչ-ինչ չբացահայտված խնդիրներ: Դրանք ընդամենը Իլհամի կամքից կախված հարցադրումներ են՝ կցանկանա՞ լուծել՝ կլուծվեն: Չի՞ ցանկանա՝100 անգամ էլ հանդիպեն՝ լուծում չի լինելու: Իսկ եթե շրջանցվում է տրամաբանությունը, ինչը ոնց որ թե կարող է տեղի ունենալ, ապա երկրորդ հանդիպման ժամանակ կարող են առաջադրվել վերաինտեգրման, Արցախում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցերը: Ընդ որում, եթե գազը կամ էլեկտրականությունը չեն մատակարարվելու Հայաստանից, ապա լուծման ուղին դրանք Ադրբեջանից մատակարարելն է: Ինչն էլ հենց վերաինտեգրվելու մեխանիզմն է: 

Ադրբեջանցիների հետ արցախցիների շփման ջատագով Փաշինյան Նիկոլին էլ մնում է հայտարարված մամուլի ասուլիսում պատասխանել այն հարցին, թե տվյալ պարագայում որն է իր դիրքորոշումը: Կամ՝ ինչ է նա առաջարկում: Ինչ մնում է արցախցիներին, ապա նրանք վերաինտեգրվել չեն ցանկանում: Եթե այդպես է, ապա հանդիպումներ անցկացնելն էլ որեւէ իմաստ չի ստանում: Իսկ հանդիպումներից հրաժարվելն էլ առաջացնում է ռազմական գործողությունների սկսման վտանգը: Ահա, այդպիսի իրավիճակ է ստեղծվել Արցախում 2020 թվականի պատերազմի խայտառակ պարտության հետեւանքով: Այստեղ կառաջանա բնական հարցադրում՝ իսկ ռուսները, ի՞նչ են պատրաստվում անել նրանք: Պատասխան՝ դժբախտաբար, համարյա թե ոչինչ: Ընդամենը հանդես են գալիս իրադարձություններին արձագանքողի դերում: Դրա պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է, ավելի ճիշտ՝ դրա դեռեւս անորոշ ճակատագիրը: Մի խոսքով, վերադառնում ենք 1917 թվականին Մեծն Լոռեցու գրած «Թագավորն ու չարչին» բալլադի այս տողին. «Ետեւը սո՜ւր, առաջը ջո՜ւր»… Ինչպես երեւում է, հենց սա էր Նիկոլի ուզածը: