Գիտեի, որ Նիկոլն ու իր տեսակը միայն քանդելու են ունակ

Գիտեի, որ Նիկոլն ու իր տեսակը միայն քանդելու են ունակ

Ամեն, ամեն ինչ շուռ է եկել գլխիվայր, ավելի ճիշտ՝ շուռ են տալիս գլխիվայր ու կարծում եմ, միտումնավոր ու մտածված են շուռ տալիս։

Այն որ 2 տարի առաջ Նիկոլը իշխանությունը զավթեց՝ պետությունը քլունգով հիմքից քանդելու նպատակով, մեկ անգամ չէ, որ ասել եմ, հենց 2018 թվականի ապրիլից եմ ասել, բայց դա չէ էականը։

Գիտեի, ցավոք հաստատ գիտեի, որ Նիկոլն ու իր տեսակը միայն քանդելու են ունակ, բայց որ այս աստիճանի, չէի պատկերացնում։ Քանդում են պետական ինստիտուցիոնալ կառուցակարգերը, քանդում են միջպետական ու միջազգային հարաբերությունները, քանդում են հարևան պետությունների հետ դարերի պատմություն ունեցող բարեկամությունը, քանդում են-ավերում նույնիսկ մեր պատմությունը (վկա՝ Ցեղասպանության թանգարանի հետ տեղի ունեցող իրադարձությունները և Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գոյությունը)։ Ամենն են քանդում։ Պարզ մարդկային, ընկերային ու գործընկերային, նույնիսկ՝ արյունակցական հարաբերություններն են քանդում։ Քանդելու էս ինչ անսահման մարմաջ է, մի թե վերջ չկա։

Լավ, որևէ մեկը չի կարող հետ պահել Նիկոլին հատկապես՝ այս մի քանի օրվա քայլերից։ Արտակարգ դրության մեջ գտնվող երկրի ղեկավարը, կներեք արտահայտությանս, նույնիսկ զուգարան գնալու ժամանակ չպետք է ունենա, էս ինչ անսահման ՊԱՐԱՊ է, որ ամբողջ օրը ֆեյսբուքում cope-paste է անում։ Այլևս, չեմ ուզում խոսել այն մասին, որ այդ վարքագծով համատարած ոտնահարում է մարդու իրավունքները, շատերն են այդ մասին արձանագրել։

Լավ որքան պետք է ամեն ինչ շուռ տված լինեն, որ ռեստորանատերը հորդորի երկրի ղեկավարին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Սովորաբար պետական այրերն ու պետական մարմիններն են ապատեղեկատվությունից զերծ մնալու հորդոր անում, հիմա պետության առաջին դեմքին են հորդորում ապատեղեկատվություն չտարածել։ Ընդ որում որքան շատ է տարածում նման «տեղեկությունները» այնքան ավելանում են հերքումները։ Սա նույնիսկ անվանում չունի։

Այն որ պետության վարկը իջեցրել են շրիշակից ցածր, այլևս վիճարկման առարկա չէ։ Հիմա էլ երկրի ղեկավարի աթոռին բազմած Նիկոլը իրական շոշոփելի, կոնկրետ գործ անելու փոխարեն (ինչի ուղղակի պատասխանատուն է) զբաղեցնում է ժողովրդին։ Պարապությունից ֆեյսբուքում նոր խաղ է հորինել՝ մարդկանց անձնական լուսանկարներն է տարածում։ Լաաավ, դա էլ արեցիր, հետո՞։

Լուսինե Մարգարյան