Ձեզ վարակվածի պես պահեք մի քիչ

Ձեզ վարակվածի պես պահեք մի քիչ

«Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաեւ Կառավարությունը, եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ իրենք են Կառավարությանը բերել»: Նիկոլ Փաշինյանի այս հանճարեղ միտքը կարելի է մեկնաբանել մի քանի դիտանկյունից: Հայերենի մասնագետները, օրինակ, կասեն, որ 3 անգամ կրկնված «կառավարություն» բառը պետք է լինի փոքրատառով, որովհետեւ այն հասարակ գոյական է, չի կարելի մեկ առանձին վերցած կառավարություն այնքան կարեւորել, որ գրվի մեծատառով: Սա ճիշտ այն դեպքն է, երբ նախագահի եւ վարչապետի աշխատակազմերը, համապատասխանաբար, մեծատառով են գրում «նախագահ» եւ «վարչապետ» բառերը: Քանի որ վարչապետ Փաշինյանը բանավոր է հայտնել վերոբերյալ միտքը, չենք կարող ասել, որ նա այդ հասարակ բանը չգիտի: Այդուհանդերձ, Փաշինյանին խորհուրդ կտայի մեկ-մեկ կարդալ ՀՀ կառավարության պաշտոնական կայքը եւ տեսնել, թե այնտեղ ինչ աննախադեպ ակնածանք կա «վարչապետ» բառի հանդեպ:

Իսկ հիմա փորձենք Փաշինյանին հասկանալ քաղաքագիտորեն: Դրա համար նրա արծարծած միտքը պետք է բաժանել 2ւ հավասար մասի՝ «Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաեւ Կառավարությունը», եւ «Եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ իրենք են Կառավարությանը բերել»: Մեր օրերում խիստ տարածված է նման բառախաղերը մանիպուլյացիա անվանելը, բայց այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե մանիպուլյացիայի, այլ հայտնի կենդանու որակի՝ համառության հետ: Նախ՝ մի նկատառում՝ ճի՞շտ է արդյոք «եթե ժողովուրդը մեղավոր է» արտահայտությունը: Բանն այն է, որ ժողովուրդը երբեք մեղավոր կամ անմեղ չի լինում, նա այնպիսին է, ինչպիսին կա՝ կարգապահ է կամ՝ ոչ, կազմակերպված է կամ՝ ոչ: Եթե ժողովուրդը կարգապահ չէ, կազմակերպված չէ, մեղավորը միշտ կառավարություններն են, իշխանությունը, քաղաքական վերնախավը: Հետեւաբար, կարող ենք ասել, որ Փաշինյանը «եթե ժողովուրդը մեղավոր է» արտահայտությամբ ընդամենը փորձել է իր ասելիքի համար մեկնակետ գտնել:

Շատ ավելի հետաքրքիր է վարչապետի հայտարարության 2-րդ մասը, որտեղ պնդում է, որ մեղավորը ժողովուրդն է: Փաշինյանը, փաստորեն, ուզում է մեզ համոզել, որ ինքը ճիշտ էր, երբ վարակի տարածման մեղքը գցում էր ժողովրդի վրա եւ կոչ անում նրան՝ սեփական ուժերով գլխի ճարը տեսնել: Փաշինյանի վերջին լայվը հենց այդ մասին էր, նպատակը՝ ոչ մի գնով չնահանջել եւ պնդել, որ կորոնավիրուսի տարածումը տեղի է ունենում ժողովրդի մեղքով: Գուցե համաձայնեի նրա հետ, եթե ասեր՝ «ժողովրդի միջոցով», բայց «ժողովրդի մեղքո՞վ»՝ երբեք:

Եվ ամենակարեւորը: Փաշինյանը վերջապես բարբառեց մի ճշմարտություն, որի հետ առերեսվել է 2 տարի շարունակ, բայց վախեցել է խոսել՝ ընդունեց իր գլխավորած կառավարության անճարակության փաստը: Խոսելով իր նախաձեռնած «ֆլեշմոբի» տակ գրառումների, մեղմ ասած, «անբարենպաստ» հեղեղի» մասին, «հիշեցրեց» ժողովրդին, թե ի՞նչ եք ուզում, դուք չե՞ք բերել այս կառավարությանը: Ստոպ... Ժողովուրդը հեղափոխություն է արել, նախկիններին մերժել, լավ, քեզ վարչապետ է ընտրել... Սա մեծ վերապահումներով ընդունում եմ, բայց չեմ կարող ընդունել, որ ժողովուրդն է այս կառավարությունը բերել: Այն կազմավորել եք Դուք, պարոն վարչապետ: Ժողովուրդը, օրինակ, Արայիկ Հարությունյանին ԿԳՄՍ նախարար չի նշանակել, Արսեն Թորոսյանին չի վստահել առողջապահությունը, Մակունցին՝ մշակույթը, էն աղջկան՝ քաղավիացիան, Հայկոյին՝ Երեւանը... Այս ամենը Ձեր ձեռքի գործն է, պարոն վարչապետ: Ժողովուրդը վստահեց Ձեզ, ոչ թե էն բոլուկին, որ խցկեցիք ԱԺ: Եվ ուրեմն ի՞նչ է ստացվում, հիմա էլ ուզում եք ժողովրդին մեղադրել կառավարության կառուցվածքային փոփոխությունների համա՞ր: Չի ստացվի: Երեւի վաղն էլ փորձեք ժողովրդի վրա բարդել ձեր տխրահռչակ հանրաքվեի ձախողումը:

Այսքան բան: Հավելեմ, որ կորոնավիրուսով վարակվածներին խորհուրդ է տրվում մաքուր օդ եւ հոգեկան հանգստություն: Այլ խոսքով՝ վարակվել եք՝ ձեզ վարակվածի պես պահեք մի քիչ: