Հռետորական հարցեր Փաշինյանին

Հռետորական հարցեր Փաշինյանին

Կանանց միջազգային օրը Հայաստանից Արցախ գնացող գազատարը Լաչինի շրջանում պայթեցնելուց եւ վերանորոգելուց հետո գազի հոսքը կրկին կտրվեց: Պարզվեց, որ ադրբեջանցին խողովակի վրա փական է դրել, որ ինքը փակի-բացի: Մի քանի օր անց գազը կրկին հոսեց. թերեւս ստուգում էին փականի աշխատանքը եւ փորձարկում էին կատվի եւ մկան խաղը: Հաշվի առնելով մարտի ցրտաշունչ օրերը՝ Նիկոլի «կիրթ» գործընկեր Իլհամն այդպես «շնորհավորեց» արցախցի կանանց տոնը: Գազատարի փակել-բացելու ընթացքում ադրբեջանական զինվորականներն օրեր շարունակ գնդակոծում եւ ականակոծում էին Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ եւ Խանապատ գյուղերը: Հետո անցան հոգեբանական ագրեսիա իրականացնելուն. առաջինը փորձարկեցին Խրամորթի բնակչության վրա: Նպատակը գյուղացիներին ստիպելն էր, որ լքեն իրենց բնակավայրը: Դա որոշ չափով նրանց հաջողվեց՝ գյուղից տարհանվեցին կանայք ու երեխաները, որոնք երկար ժամանակ չէին վերադառնում իրենց տները: 

Դրանից ոգեւորված՝ թշնամին նախորդ շաբաթ նույնը կրկնեց Փառուխի նկատմամբ, եւ որպեսզի լարվածությունը թուլացվի, ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությունն առաջարկել էր կատարել զինվորականների հայելային հետքաշում: Հայկական կողմը կատարել էր խնդրանքը (թե՞ հանձնարարությունը), իսկ ադրբեջանական կողմը, իհարկե, ոչ թե հետ էր քաշվել, այլ օգտվել էր դրանից: Ադրբեջանցիներն անմիջապես զբաղեցրել էին գյուղը եւ շարժվել դեպի նրա վերեւում գտնվող Քարագլուխ բարձունքը: Դա զբաղեցնելու դեպքում Ասկերանի ողջ շրջանը կդիտարկվեր այնպես, կարծես լիներ ձեռքի ափում: Նաեւ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հայկական կողմի հետ դիրքային մարտից, որի ընթացքում մենք 3 զոհ տվեցինք (թշնամին իր զոհերի մասին չհայտնեց, բայց ենթադրվում է, որ եղել է 5-6 զոհ), եւ խաղաղապահների միջամտությունից հետո մի քանի գագաթ ունեցող Քարագլխի հիմնական բարձունքը մնաց մեր ձեռքում: 

Փաստական տվյալների ներկայացումից անցնենք մեկնաբանություններին: Առաջին մեկնաբանություն՝ թուրքը մնում է թուրք: Եթե այդպես չլիներ, գազատար պայթեցնելով չէր «շնորհավորի» արցախցի կանանց տոնը: Եվ հումանիտար աղետ չէր ստեղծի խաղաղ բնակիչների՝ հատկապես մանուկների, կանանց ու ծերերի համար: Մեկնաբանություն երկրորդ (ենթադրաբար)՝ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը, բնականաբար՝ Մոսկվայի հանձնարարությամբ, գիտակցված չէ՞ր ստեղծել, արդյոք, հայելային հետքաշման իրավիճակը: Որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեսներ, թե ինչի կարող է հանգեցնել իր առաջարկած հերթական «հանճարեղ» գաղափարը:

Չնայած ավելի տարածված է այն պատկերացումը, թե ռուսական խաղաղապահ ուժերը, չգիտես ինչու, չեն կատարել իրենց անմիջական պարտականությունները: Մեկնաբանություն երրորդ՝ էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որ Փաշինյան Նիկոլը հասկանա, որ թշնամի երկրի ղեկավարի հետ, որը գլուխը կորցրել է հաղթական պատերազմից հետո, պարտվողական խաղաղություն կնքել հնարավոր չէ:

Իսկ այժմ անցում կատարենք Քարագլուխ բարձունքի ուղղությամբ ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ մեկնաբանության մի հատվածին. «Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը եւ չի խախտել դրա որեւէ դրույթ… Այդ հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ հայկական բանակի մնացորդների եւ ապօրինի հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերում Ադրբեջանի տարածքից դեռ չի իրականացվել։ Ուստի հայտարարության դրույթները խախտում է Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը»։ 

Հիմա կրկին վերհիշենք, թե ինչ է գրված եռակողմ հայտարարության 4-րդ կետի սկզբում: «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Այսպիսով, «զինվելով» ադրբեջանական հայտարարությամբ եւ եռակողմ հայտարարության 4-րդ կետով, երկու-երեք հարց ուղղենք 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Ոչ հարգելի պարոն Փաշինյան, երբ Ձեր մասնակցությամբ մշակվում էր եռակողմ հայտարարության տեքստը, ի՞նչ եք պատկերացրել «հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ» արտահայտության առումով: Քանի որ խաղաղապահ զորակազմը վաղուց տեղակայված է, ապա դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ վաղուց պետք է դուրս բերվեին նաեւ հայկական զինված ուժերը: Հաջորդը՝ հայկական զինված ուժերը պետք է ամբողջությա՞մբ դուրս բերվեին, թե՞ ոչ: Եվ վերջինը՝ Իլհամ Ալիեւի հետ եղե՞լ է, արդյոք, որեւէ պայմանավորվածություն հայկական զինված ուժերի դուրսբերման ժամկետների վերաբերյալ: 

Վերը ներկայացված հարցերի առումով 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետում ոչինչ նշված չէ: Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ, որ ենթադրեմ, թե անձամբ Նիկոլից կստանամ իմ տված հարցերի պատասխաները: Կարծում եմ, որ սրանք ավելի շատ հռետորական բնույթի են, որոնք սովորաբար մնում են անարձագանք: Բայց հավատում եմ, որ դրանք բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ մի գեղեցիկ օր Փաշինյան Նիկոլին կտրվեն այլ պայմաններում: Եվ նա ստիպված կլինի պատասխանել բոլոր այդ հարցերին:

ՀԳ. ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանցիների շարունակական ներխուժումների վերաբերյալ ոչինչ գրված չէ 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում: Բայց դրանք տեղի են ունենում (վերջինը Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք ներխուժումն էր), իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զերծ է մնում դրանց գնահատական տալուց: Անկախ Նիկոլի գնահատական տալ-չտալուց՝ կարո՞ղ եմ պնդել, որ տվյալ դեպքում եռակողմ հայտարարության դրույթները խախտում է ոչ թե Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը: