Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 3

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 3

Մեր այսօրվա ողբերգական, օրհասական վիճակի հիմքը դրվեց 2018 թվականի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ իրենք պայքարում էին: Հետո պիտի պարզվեր, որ, ի տարբերություն առողջ, բանական, դատող մարդկանց, հեղափոխականները պարտությունից չեն ամաչում, պարտությամբ հպարտանում են: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների: Օր երրորդ. 2018-ի, 2019-ի, 2020-ի եւ 2021-ի ապրիլի 3։ Ինչից ուր հասանք։

2018-ի ապրիլի 3

Հեղափոխական Նիկոլ Փաշինյանն ասում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ունենք 2 ներկայացուցիչ՝ Էդմոն Մարուքյան, Արտակ Զեյնալյան: Մասնակցում են նիստերին եւ ի հեճուկս ՀՀԿ մեծամասնությանը հաջողվում է այնպիսի օրենսդրական նախագծեր սղղացնել, որ չենք էլ հասցնում հետեւել, թե գիշերներն ինչ են փոփոխում»: Հետո պիտի պարզվեր, որ օրենսդրության գիշերային փոփոխությունները, մի քանի ժամում հրատապության կարգով մի քանի ընթերցմամբ օրենքներ ընդունելը, գիշերով արձաններ տեղադրելը, պետական պաշտոնյաների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելն ու նման այլ ծածուկ քայլերը թավշյա հեղափոխականների սիրելի զբաղմունքն են դառնալու:

2019-ի ապրիլի 3

Պետական եկամուտների կոմիտեի հեղափոխական փոխնախագահը՝ «Նակոլկա Շուշո» մականունով, հրաժարվում էր հրապարակել շաքարի, բանանի եւ հավի մսի ներկրումների մասին տեղեկությունը՝ ըստ ընկերությունների եւ ծավալի։ Հեղափոխականների մերժած իշխանության տարիներին սա բաց տեղեկություն էր: Պակաս «գաղտնապահ» չէ նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: ՊԵԿ կատարած ստուգումների մասին հարցին կիսառ-պռատ պատասխանելուց հետո ասում է. «Ավել բան չունեմ ասելու, պատասխանեցի այնքան, որքան հարմար գտա»: Քաղաքացու հաղթանակի համար պայքարող ուժի ներկայացուցիչը, ահա, այսպես արհամարհում էր քաղաքացուն:

2020-ի ապրիլի 3

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացումներից, աննախադեպ մեծ պարգեւավճարներից հետո էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասում է. «Կառավարությունը նախատեսում է իր ֆինանսական ծախսերի ավելացում, այդ թվում, եթե անհրաժեշտ համարվի, նաեւ պարտքի ավելացման հաշվին»: Հեղափոխականների օրոք Հայաստանի արտաքին պարտքն աճեց միլիարդներով ու հասավ 9 միլիարդ դոլարի:
 
2021-ի ապրիլի 3

2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտված իշխանության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասում է, որ Ադրբեջանին զինած ու սատարած եւ մեզ պարտություն բերած Թուրքիայի հետ կարող ենք բարեկամություն անել, առնվազն թշնամի չլինել: Նազարյանի կուսակցական ընկեր Սասուն Միքայելյանը հակառակ կարծիքի է. «Թուրքը մեր դարավոր թշնամին է: Կարող է ինչ-որ կապեր ունենալ տնտեսական, բայց ո՞նց կարա Թուրքիան մեզ բարեկամ լինի, դա անհնարին է, դա պատմականորեն է ապացուցվել՝ թե՛ երկրորդ հազարամյակի սկզբին, թե՛ հիմա: Ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի, մենք միշտ պետք է զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»: Սա «Մեկ թիմ, հազար կարծիք» տրամաբանության հերթական դրսեւորումն էր: Եվ ով գիտի՝ գուցե նաեւ նման տեսակետների պատճառով Սասուն Միքայելյանն այլեւս պատգամավոր չէ։

Արեգ Մարգարյան