Այդ պատգամավորները, ովքեր հարվածել են ընդդիմությանը, պետք է, որ մանդատները վայր դնեն. Արմեն Բադալյան

Այդ պատգամավորները, ովքեր հարվածել են ընդդիմությանը, պետք է, որ մանդատները վայր դնեն. Արմեն Բադալյան

Ամիսներ առաջ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը   հայտարարեց, որ   այս խորհրդարանը իր մակարդակով լավագույն խորհրդարանն է ՀՀ պատմության մեջ: Օրենսդիրում այսօր ականատես եղանք  «թավշյա, ոչ բռնի» ծեծկռտուքին: Հասարակության մոտ անընդունելի էր Սասուն  Միքայելյանի պահվածքը։  Շատերը զարմացած են, որ պատգամավորին ոչ  հարիր վարքագիծ է  դրսեւորել  նույնիսկ այն ժամանակ,  երբ երկրի վարչապետը նիստերի դահլիճում նստած էր։ 
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով  փոխվել են անունները, կառավարիչները, սակայն  կառավարման համակարգի էությունը նույնն է մնացել.  «Երբ, որ 2018թվ.-ին Հայաստանի իրադարձությունները տեղի ունեցան, թվում էր, որ դրանից հետո Հայաստանի կառավարման համակարգը փոփոխվելով, կվերացվի սուպերվարչապետի համակարգը, եւ քաղաքական համակարգի էությունը էապես կտարբերվի նախկինում,  մինչեւ 2018թ մայիսյան իրադարձությունների եղած քաղաքական համակարգից  եւ գործելու մեթոդաբանությունից: Բայց մենք տեսնում ենք, որ այդ մեթոդաբանությունը չի փոխվում: Ոչ միայն չի փոխվում, այլ բազմիցս կրկնվում է: Մասնավորապես՝ մենք տեսնում ենք, որ ինչպես նախկինում էին ընդդիմության նկատմամբ շատ խիստ, բացասական վերաբերվում այն ժամանակվա քաղաքական մեծամասնությունը, ընդուպ հասնում էր նաեւ բռնությունների,  եւ դա արդարացնում էին, մեղադրելով ընդդիմությանը: Նույնը այսօր է տեղի ունենում,  երբ որ բռնություն է կիրառվում ընդդիմության պատգամավորի նկատմամբ, եւ վարչապետի կողմից արդարացվում է դա՝ մեղքը բարդելով, նույն փոքրամասանության վրա: Սա ցույց է տալիս, որ էությամբ բան չի փոխվել, ընդամենը անունները են փոխվել, կառավարիչնեն են փոխվել, կառավարչման համակարգի էությունը նույնն է մնացել:
Հարցին՝ արդյո՞ք վարչապետը ներկայությունը որեւէ դերակատարություն չունեցավ, որ տեղի չունենար ծեծկռտուքը, Բադալյանը պատասխանեց. «Եթե վարչապետի ներկայությամբ է տեղի ունեցել ծեծկռտուք, երկու տեսակետ կա, կա՛մ հաշվի չի առնվում վարչապետի ներկայությանը, իսկ դա նշանակում է, որ  նրանք, ովքեր այդ բռնությունը իրականացրել են, արհամարհում են վարչապետին, կա՛մ ներքուստ գիտեն, որ  վարչապետի կողմից դա հավանության է արժանանալու: Ինչը  ցույց տվեց ԱԺ-ում վարչապետի ելույթը, երբ որ վարչապետը մեղքը բարդեց ընդդիմադիրների վրա:

-Պարո՛ն Բադալյան,  դրա հետ մեկտեղ   նաեւ դատապարտեց Սասուն Միքայելյանին, իր խմբակցությանը: 

-Այո դատապարտեց, բայց նախկինում էլ էին ասում, որ իշխող քաղաքական ուժի մեծամասնությունը դատապարտում է, բայց դատապարտելը քիչ է: Այդ պատգամավորները, ովքեր հարվածել են ընդդիմությանը, նրանք պետք է, որ մանդատները վայր դնեն: Բայց էդպիսի բան չկա: Նախկինում էլ է այսպես եղել,  շատ պատգամավորներ իրենց այսպես էին պահում ե՛ւ այն ժամանակ,  ե՛ւ հիմա, դրանով ցույց տալով իրենց քծնանքը իրենց ղեկավարի նկատմամբ: Ցույց տալով, որ տես շեֆ,  մենք հանուն քեզ ինչերի ենք ընդունակ: Փոխվել են պատգամավորները, բայց իշխող քաղաքական ուժի մոտ  այդ քծնանքի հոգեբանությունը  մնացել է, որն էլ մեզ ստիպում է ասել, որ կառավարման համակարգի էությունը չի փոխվել: 

- Հնարավո՞ր է այս իրավիճակը փրկելու համար, ինչ-որ մեկին «զոհաբերի» վարչապետը:

-Չեմ կարծում, որովհետեւ վարչապետը արդեն մեղավորությունը բարդել է ԼՀԿ-ի վրա,  որ նրանք  սադրեցին, եւ իրենք էլ՝ ստիպված պատասխանեցին: Այսինքն՝ մեղավորները այն կողմ են, սեւերն են, ոչ թե սպիտակները:  Եթե մանդատը դնեն նշանակում է, որ ընդունում են իրենց մեղավորությունը: Կարող է, ինչ-որ ներքին ստիպի մանդատը վայր դնել, բայց արդեն ոչ  այս կոնտեքստում, այլ իր անձնական հարցերից ելնելով, որպես  առիթ  կարող է օգտագործել վարչապետը: