Կասկադի արտաքին տեսքը կպահվի, ներսի տարածական լուծումները կարդիականացվեն

Կասկադի արտաքին տեսքը կպահվի, ներսի տարածական լուծումները կարդիականացվեն

Երեւանի իշխանություններն ուզում են ավարտին հասցնել Կասկադի շինարարությունը: Քաղաքապետարանը մտադիր է ամբողջությամբ բարեկարգել Կասկադ համալիրն ու տարածքում գտնվող փոսորակը։ Երեւանի ավագանու նիստում այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով մասնավորապես նշել է, որ բանակցություններ են ունեցել Գաֆէսճեան հիմնադրամի հետ եւ եկել համաձայնության, որ Կասկադի փոսորակը, որը 2002 թվականի մայիսին համայնքի կողմից նվիրաբերվել էր Գաֆէսճեան հիմնադրամին (հարակից տարածքի հետ), ամբողջությամբ վերադարձվի Երեւան համայնքին։

«Մենք հետագայում հնարավորություն կունենանք մասնավոր ներդրողների աջակցությամբ ավարտել փոսորակի աշխատանքները Կասկադ համալիրին համահունչ։ Մտադրություն կա այնտեղ կառուցել Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենք։ Կունենանք նաեւ ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա Երեւանում ակտիվացնել մշակութային կյանքը»,- ասել է Հ․ Սարգսյանը։
Մտահղացման համաձայն` Կասկադը պետք է Կենտրոն վարչական շրջանը կապի Արաբկիր եւ Զեյթուն համայնքների հետ։ Նախագծելով Կասկադը, հեղինակները` ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը եւ Ասլան Մխիթարյանը, ավարտեցին Ալ․ Թամանյանի նախագծած Երեւանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված՝ «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը հյուսիս-հարավ ուղղությամբ։ Կասկադ համալիրի գլխավոր գաղափարն ազգային վերածնունդը ներկայացնելն էր։ Բայց մինչ օրս անավարտ է մնում համալիրի վերեւի հատվածը։

Կասկադի համահեղինակ ճարտարապետ Ասլան Մխիթարյանից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ է քաղաքապետարանի ծրագրերից,  մասնակցո՞ւմ է այդ քննարկումներին, ինչպե՞ս են տարվելու աշխատանքները, որպեսզի հանկարծ ընդհանուր համալիրի ճարտարապետական տեսքը չտուժի։ «Ինձ հետ խորհրդակցել են, ինքս էլ մասնակցել եմ խորհրդակցություններին եւ ուզում եմ՝ ինչով կարող եմ, մասնակից լինել այդ աշխատանքների կատարմանը, որպեսզի, ինչպես Դուք նկատեցիք, համալիրի ճարտարապետական տեսքը չտուժի, եւ այն, ինչ քաղաքն ունի եւ ընդունել է, նույն ճարտարապետական հորինվածքով շարունակենք մինչեւ վերջ եւ շարժասանդուղքներով կապ ստեղծենք կենտրոնի ու հանգստի գոտու հետ»։

Ինչ վերաբերում է այնտեղ Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքի կառուցմանը, ապա Ա․ Մխիթարյանը նկատում է. «Դա շատ արդիական է, եւ բացի Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքից, մենք նաեւ առաջարկում ենք, որ լինի ճարտարապետության կենտրոն, որը կներկայացնի մեր ժամանակակից ճարտարապետությունը, ինչպես նաեւ մեր միջնադարյան ճարտարապետության հայտնի գոհարները, այսինքն՝ դառնա մի կենտրոն, որտեղ ժամանակակից արվեստի հետ միասին կներկայացվեն նաեւ աշխարհում կատարվող ժամանակակից ճարտարապետության թեմաները»։

Այն, ինչ հիմա քաղաքային իշխանությունները նախատեսում են, ի սկզբանե նախատեսված եղե՞լ է։ «Այդ ընդհանուր ճարտարապետական լուծումը կա, եւ հիմա դա զարգացվում է, որ այն լինի ոչ միայն Գաֆեսճյանի թանգարան, այլեւ լինի քաղաքի համար, եւ ժամանակակից արվեստը ներկայացվի ավելի մեծ ծավալով»։ Այսինքն՝ նոր նախագիծ չի՞ արվելու, հնո՞վ են առաջ շարժվելու։ «Արտաքին տեսքը պահվում է, իսկ ժամանակի հետ կապված, ներսի նախագծային տարածական լուծումները պետք է արդիականացվեն եւ ըստ պատվերի կատարվեն։ Այսինքն՝ պետք է լինեն արդի, ժամանակակից արվեստի թանգարաններ, ճարտարապետական կենտրոն, որը քաղաքում եւս մեկով կավելացնի մշակութային կենտրոնների թիվը»։

Կասկադի վերին հատվածում այդքան տարածք կա՞։ «Վերեւի հատվածը համարյա հավասար է ներքեւի հատվածին` 150 մետր երկարությամբ եւ 50 մետր լայնությամբ, թեքության վրա դա հսկայական ծավալ է, որտեղ կարող է լինել ե՛ւ թատրոն, ե՛ւ համակարգչային կենտրոն, ե՛ւ ժամանցի վայր։ Այն, ինչ կապված է արվեստի հետ, կարող է այդտեղ ի կատար ածվել: Պետք է լինեն սրահներ, որտեղ պարբերաբար կլինեն ցուցադրություններ: Այդ ամֆիթատրոնն էլ կարող է ե՛ւ բացօթյա լինել, ե՛ւ ներսում լինել, մենք քաղաքում չունենք լավ ակուստիկայով ժամանակակից դահլիճ, դրա համար կարող է լինել 300-500 տեղանոց մի լավ դահլիճ, շարժասանդուղքներն էլ պետք է շարունակվեն մինչեւ հուշարձանի հարթակ, որպեսզի մարդիկ ոտքով չբարձրանան ու իջնեն»,- ասում է Ա. Մխիթարյանն ու ընդգծում, որ Գաֆեսճյան թանգարանը մնում է Գաֆեսճյանին, միայն վերեւի անմշակ տարածքն է վերադարձվում քաղաքին:

Հեղինակ ճարտարապետը դեռ տեղյակ չէ, թե մասնավոր ինչ ներդրողներ կան, որոնք կցանկանան ներգրավվել այս գործընթացի մեջ. «Դեռ քաղաքապետարանը պետք է տենդեր հայտարարի, ու նոր այդ որոշումը կայացնեն: Լավ կլինի, որ դա լինի շուտափույթ, որովհետեւ իրոք ժամանակն է, այս քանակի շինարարություն քաղաքում, իսկ Կասկադի վերեւը մնում է այդպես փոսորակ, դա մեր քաղաքին վայել չէ»: