Ադրբեջանը փաստացի ՀԱՊԿ-ի մի մասն է․ Արթուր Խաչիկյան

Ադրբեջանը փաստացի ՀԱՊԿ-ի մի մասն է․ Արթուր Խաչիկյան

«Հրապարակի» զրուցակիցը ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

- Պարոն Խաչիկյան, ՀԱՊԿ նիստին հետևելիս տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանն այդ կառույցում մյուսներից օտարված է, ու նրանց կողմից տեղ- տեղ էլ քամահրանքի արժանացած։ Այդ վերաբերմունքը Հայաստանի՞ նկատմամբ էր, թե՞ ՀՀ վարչապետի։

-  Ես չեմ կարող ասել, թե անձնական ինչ հարաբերություններկան, կարող եք ուղղակի նայել Պուտինի դիրքին, հայացքին և նրա մարմնի լեզվին, երբ նա նստած էր մեր ներկայացուցչի կողք, այդտեղ ամեն ինչ ասված էր։ Իսկ ինչ վերաբերում է մեր ներկայությանը ՀԱՊԿ-ում, ապա, այո, մենք այնտեղ արդեն դարձել ենք օտարված երկիր, իսկ ինչո՞ւ եք Դուք զարմանում․ մենք մեր քաղաքականությունը ուղղորդում էինք պրոարևմտյան, պրոդեմոկրատական սկզբունքներով, կարծում էինք, թե դեմոկրատական աշխարհը մեզ կփրկի, այսպես ասած պոկեցինք մեր նախկին դաշնակիցներից, բայց նոր դաշնակիցներ մենք ձեռք չբերեցինք։ Այսինքն՝ մենք ընկանք 2 աթոռների մեջտեղում։

- Հիմա, երբ ՀԱՊԿ-ն համաձայնության չեկավ Հայաստանին օգնություն տրամադրելու հարցում, այդ կառույցը լքելու կոչերն ավելի են շատացել։ Ձեր դիտարկմամբ լքե՞լ ՀԱՊԿ-ն, թե՞ շարունակել մնալ նրա կազմում։

- Պետք է մտածել դրա հետևանքների մասին, իհարկե, ՀԱՊԿ-ն իրեն այնպես չպահեց, ինչպես որ մենք ցանկանում էինք, և ինչպես որ հարկն էր։Չկատարեց իր պարտավորությունները, բայց պետք է ուղղակի հաշվարկել, թե մենք ինչ ունենք շահելու, եթե այնտեղից դուրս գանք։ Նրանք Ադրբեջանին վերաբերում են որպես իրենց ընկերոջ, բարեկամական երկրի, և Ադրբեջանը փաստացի այդ կազմակերպության մի մասն է, և նրանք մեզ նայում են որպես պրոարևմտյան, հակառուսական, հակաբելառուսական, հակաբռնապետական պետություն, այո, նրանք բռնապետներ են, և դրա համար էլ մեզ այնտեղ չեն ընդունում։ Իսկ թե այնտեղից դուրս գալով մենք ինչ կշահենք, այդտեղ արդեն քաղաքական ռիսկեր կան՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կարող են փոխվել, եթե այնտեղից դուրս գանք։ Լավ կլիներ՝ այս 4 տարվա ընթացքում, եթե մենք այդքան ցանկանում էինք հրաժարվել Ռուսաստանից և գնալ դեպի Արևմուտքը, լավ կլիներ ինչ-որ արևմտյան այլընտրանք ստեղծվեր, բայց դա էլ չարվեց։ Ցավոք սրտի, մենք չունենք որևէ հրավեր, որևէ երաշխիք ո՛չ Ֆրանսիայից, ո՛չ եվրոպական մյուս երկրներից, ո՛չ ԱՄՆ-ից, որ նրանք կարող են ապահովել մեր անվտանգությունը։

-  Ասացիք, որ ՀԱՊԿ բռնապետական երկրները մեզ ընկալում են որպես հակաբռնապետական երկիր, իսկ Արևմուտքում մեզ դեմոկրատական համարո՞ւմ են։

- Երևի ընդունում են, բայց Արևմուտքը՝ եվրոպական երկրների ներկայացուցիչներին ու Միացյալ Նահանգները շահեր ունեն Ադրբեջանում։ Ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում։ Այսինքն՝ հնարավոր է, որ մեզ կարող են ինչ-որ գեղեցիկ բառեր ասել, այո, կարող են ասել, որ մենք ժողովրդավարական պետություն ենք, բայց, ցավոք սրտի, Եվրոպայի ներկայացուցիչը հայտարարեց, որ Բաքուն իրենց վստահելի գործընկերն է, տիկին Ուրսուլան այնտեղ էր, և Հայաստանում անգամ կանգ չառավ ճանապարհին, որ գոնե ինչ-որ ձևով խոսի մեր թավշյա ղեկավարների հետ, պարզվեց, որ դա իրեն չէր հետաքրքրում, իրեն Բաքվի նավթն ու գազն էին հետաքրքրում, իսկ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը մի քանի օր առաջ ասաց, որ իրենց շահերը Ադրբեջանում են, իսկ երբ սենատոր Մենենդեսը ասում էր, թե ինչպես կարող են օգնել Ադրբեջանին, երբ այդպիսի խախտումներ են լինում, էթնիկ զտման վտանգ կա, իրենք ուղղակի քաղաքակիրթ ձևով անտեսեցին այդ հարցն ու ընդամենը ասացին, որ կօգնեն, որ խաղաղություն լինի, բայց թե ինչ պայմաններով խաղաղություն, դա չեն ասում։

- Հայաստանի իշխանությունները, կարծես թե, հակված են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար։

-  Այդ պայմանագրի 2 ձև կա՝ մեկը ռուսական, որտեղ անցյալում խոսվում էր Արցախի ինչ-որ ապագա ստատուսի մասին, հիմա արդեն դրա մասին էլ ռուսները շատ քիչ են խոսում, Արևմուտքը դրա մասին ընդհանրապես չի խոսում։ Թե որն են ընտրելու, դժվար է հասկանալ, երկուսն էլ վատն են մեզ համար։ եթե ռուսականը մի փոքր ավելի լավն է, ինչ-որ հույս այնտեղ կա, որ ապագայում կքննարկվի Արցախի կարգավիճակը, չնայած՝ դա էլ են արդեն մի կողմ դնում ռուսները։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը հիմա պատերազմում է ամբողջ Արևմուտքի հետ, նրա դաշնակիցները հիմա փաստորեն Թուրքիան ու Ադրբեջանն են, և մենք դա չտեսանք։ Ինչպես միշտ, մենք չկարողացանք ճիշտ կողմնորոշվել, տեսնել, թե ինչպես են շահերն ու ուժերի բաշխումը ինչպես է փոխվում մեր տարածաշրջանում, մենք դա բաց թողեցինք, ռուս- թուրքական մերձեցումը գնում էր 10 տարուց ավելի, և մենք պետք է հետևություններ անեինք՝ տեսնելով, որ մեզ շրջապատում են։ Բայց մենք դա չտեսանք , և ավելի վատ արեցինք․ առճակատվեցինք Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ արդեն առճակատման մեջ ենք, և մեր հույսները դրեցինք Արևմուտքի վրա, դրա համար էլ հասանք այս վիճակին, որի մասին մենք միշտ զգուշացնում էինք, բայց լսող չկար, ցավոք սրտի։