Գարնանային գիշերահավասարից ժամեր առաջ

Գարնանային գիշերահավասարից ժամեր առաջ

Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան պաշտպանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության եւ իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն հենց Ղարաբաղի եւ Բաքվի ներկայացուցիչների միջեւ։ Եթե Լավրովի այս հայտարարությունն իջեցնենք միջին վիճակագրական բեսեդկայի մակարդակի, ապա կարելի է ասել, որ Լավրովն ամբողջ աշխարհի հայության աչքի առաջ գնդակահարեց Փաշինյանին: Չգիտեմ: Ես այդպես եմ մտածում եւ ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գետինը մտնի այս հայտարարությունից հետո: Լավրովն ասում է՝ հոպ, Հայաստան, այսինքն՝ Նիկոլ, դու ես ասել, որ Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղի բնակիչների անվտանգության եւ իրավունքների ապահովման հարցերն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելուց, եւ ես համաձայն եմ: Արարատ Միրզոյանն այդտեղ շշկռվում է, նույնիսկ մոռանում, թե ինչի համար է եկել Մոսկվա: Թե բա՝ Լավրովի հետ Լաչինի միջանցք ենք քննարկել, բան-ման… Դե իսկ Արարատ Միրզոյանի մտքի թռիչքը, հայ հոգեբույժները վկա, հնարավոր չէ իջեցնել միջին վիճակագրական բեսեդկայի մակարդակի: Ինչեւէ, Լավրովն այդ օրը որոշել էր Նիկոլին ու Արարատ Միրզոյանին նույն պատի տակ գնդակահարել եւ ոչ թե առանձին-առանձին, այլ մեկ կրակոցով: «Մոսկվան խրախուսում է կողմերին՝ դա անել (նկատի ունի ղարաբաղցիների եւ Ադրբեջանի իշխանությունների բանակցությունները՝ Էդ. Ա.)»,- ասել է Լավրովն ու իսկույն հիշել Դոնբասի գլխով անցածը: Միրզոյանը, ասես առաջին դասարանի աշակերտ, բերանը բաց լսում էր Լավրովի պատմությունը: Լսում էր ակնապիշ, ինչպես իր «աղջիկ» ժամանակներում կունկնդրեր, երբ ինքը քաղաքականությունից հեռու էր այնքան, որքան հայտնի կենդանին տուռնիկից:   

Իսկ Լավրովը շարունակում էր պատմել. «Իհարկե, մեզ համար կարեւոր է հասկանալ, թե որքանով են որակյալ լինելու այդ պայմանավորվածությունները: Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ապա կան շատ նորագույն պատմության օրինակներ, նույնը խոսվել է Մինսկի համաձայնագրերում, թե ինչ իրավունք ունեն բնակիչները։ Ուկրաինայի արեւելյան հատվածը պետք է ունենա մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այս լեզվով ուսուցանելու, այս լեզվով ապրելու, աշխատելու, իրենց մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն ունենալու եւ ինչ-որ հատուկ կապեր ունենալու իրենց հայրենակիցների հետ։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր: Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ 10 տարի առաջ ստորագրված պայմանագրով նախատեսված են նաեւ լեզվի, տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի իրավունքները։ Մոտավորապես նույն իրավունքներն անհրաժեշտ կլինեն ղարաբաղցիներին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներին այդ երկրների հավատարմության հաստատման համատեքստում: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արժանապատիվ կվարվեն նրանք, ումից կախված կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»: Եվ այսքանը լսելուց հետո Արարատ Միրզոյանը չի՞ մեռնում, գետինը չի՞ մտնում, գոնե կեսբերան կմկմար, տրտնջար, ասեր՝ անհամեմատելի բաներ եք իրար հետ համեմատում, պարոն Լավրով, ո՛չ Ղրիմը, ո՛չ Դոնբասը, ո՛չ Պրիշտինան երբեւէ քաղաքական կարգավիճակ չեն ունեցել, անկախություն չեն հռչակել իրենց պետական սահմանների մեջ, մինչդեռ Արցախը եղել է ԽՍՀՄ-ի ինքնավար մարզերից մեկը, որ Մոսկվայի մի անկապ որոշումով ներառվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում: Կարելի էր, չէ՞, Լավրովի ուշադրությունը հրավիրել նաեւ ժամանակագրությանը, թե երբ Արցախը հռչակեց իր անկախությունը, եւ երբ ու ինչ պայմաններում դա արեցին Ղրիմը, Դոնբասը, Պրիշտինան, ինչու ոչ՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան: Հավանաբար, Արարատ Միրզոյանին Երեւանից զանգել էին արդեն. «Հիմար-հիմար դուրս չտաս ու Նիկոլին ք.քը չգցես»: Եվ Արարատ Միրզոյանը Լավրովի պատմությունները լուռ լսեց մինչեւ վերջ: Հենց ծպտուն հաներ՝ Լավրովն իջնելու էր «բերնին». «Բա մեծ-մեծ խոսում էիք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Բա պաշտպանեիք Հայաստանը: Ձեզ որ մնար՝ էս մի բուռ Ղարաբաղն էլ կտայիք…»: «Բերնին» իջնելը՝ դեռ ոչինչ, կարող է մի հատ էլ «տփեին» Արոյին: Ու լավ էր, Արոյին հարցրին Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին: «Հայաստանում տենց բան չկա, սաղ սուտ ա, տասնյակ հազարավոր ռուսներ իրենց լավ են զգում Հայաստանում, բիզնես են անում…»,- պատասխանեց ՀՀ արտգործնախարարը:

Իսկ ինչո՞վ էր այդ ժամերին զբաղված Նիկոլ Փաշինյանը: Պարզվում է՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն էր զանգել ժողվարչապետին, որ հասկանա, թե ինչու է Արարատ Միրզոյանն ընկել Լավրովի «դրբի» տակ, որ մի հատ էլ ՀԱՊԿ-ի գովքն է անում, հայտարարում սեղանի վրա գտնվող ինչ-որ փաստաթղթի մասին, որից իբր չեք հրաժարվել… «Վայ, Բլինքեն ջան, էդ ինչե՞ր ես ասում, քաղաքավարության կանոններն են պահանջում այդպես խոսել, բայց ես ու դու հո գիտե՞նք, որ մենք ՀԱՊԿ-ին հանում ենք տարածաշրջանից: Դու էն ասա, մեզ խոստացած օգնությունը ե՞րբ կհասնի: Արդեն բռնելու գեներալ չի մնացել, իսկ Ալիեւը զորք է կուտակում սահմանին…»:

- Անհոգ եղիր, Նիկոլ ջան, Ալիեւի հետ մենք կխոսենք, դու շարունակիր գեներալներին բռնել եւ ՀԱՊԿ-ն հեռացնել տարածաշրջանից, այլապես Լավրովը Դոնբասի սցենարով է ուզում լուծել Ղարաբաղի հարցը:

ՀԳ. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ո՛չ Մոսկվայում էր, ո՛չ էլ նրան ԱՄՆ Սենատից էին զանգել: Նա կառավարության դաչաների տարածքում զբոսնում էր (մարզվում էր) ու ձեռքի հետ էլ հետեւում իրադարձությունների զարգացմանը: Մեկ էլ միամիտ՝ ոտքը դնում է բանանի լպրծուն կեղեւի վրա ու… Սկզբում հանրությանը տեղեկացրին, որ ձեռքի կոտրվածքը փակ է, բայց հետո Սիմոնյանն իր առողջ ձեռքով ՖԲ-ում գրեց, որ ինքը հասարակությունից թաքցնելու բան չունի՝ կոտրվածքը լավ էլ բաց է, եւ վիրահատության կարիք կա: Չգիտեմ, կապվա՞ծ են, արդյոք, այս իրադարձություններն իրար հետ, թե ոչ, բայց փաստ է, որ դրանք տեղի են ունեցել մեկ օրում եւ բացառապես ՔՊ-շնիկների մասնակցությամբ: Իսկ ամենամտահոգիչն Ալեն Սիմոնյանի ընկնելն է: Շախմատում կա այդպիսի սնոտիապաշտություն՝ երբ ֆիգուրը պատահաբար ընկնում է, ասում են՝ վատ նշան է: