Հույս ունեմ, որ Հայֆայից հետո ցեղասպանությունը կճանաչեն Թել Ավիվն ու Երուսաղեմը

Հույս ունեմ, որ Հայֆայից հետո ցեղասպանությունը կճանաչեն Թել Ավիվն ու Երուսաղեմը

Իսրայելի՝ մեծությամբ երրորդ քաղաք Հայֆան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունն ու արարողությունը տեղի են ունեցել երեկ՝ Հայֆա քաղաքի գլխավոր հրապարակներից մեկում։ Քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմի նախաձեռնությամբ հրապարակն այսուհետ նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արարողությանը ներկա են գտնվել նաեւ Իսրայելում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի բարձրաստիճան այրեր, Հայֆա քաղաքի ավագանու անդամներ եւ Իսրայելի հայկական համայնքների ներկայացուցիչներ։

«Հրապարակի» հետ զրույցում իսրայելցի քաղաքական վերլուծաբան Յարոն Վեյսը նշեց, որ Հայֆայի քաղաքապետն ուժեղ կամք է դրսեւորել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, քանի որ տարատեսակ ճնշումների է ենթարկվել։ 
«Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ քաղաքային խորհուրդն անկախ որոշում է կայացրել՝ ճանաչել եւ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նրանք դա արեցին՝ քաղաքի ամենաայցելվող եւ ամենահիմնական հրապարակներից մեկն անվանակոչելով ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Հայֆայի հայկական համայնքի ներկայացուցիչները, որոնք ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներն են ու արմատներով հիմնականում Կիլիկիայից են, տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Տիկին Կալիշ-Ռոտեմը խիզախ ու վճռական քայլ կատարեց՝ ընդդիմանալով Թուրքիայի եւ Իսրայելի ազդեցիկ անձանց ճնշումներին: Բացի այդ, ուզում եմ շնորհավորել Հայֆայի հայկական համայնքին, որի՝ տարիներ տեւած աշխատանքը վերջապես իր արդյունքը  տվեց։ Հույս ունեմ, որ Հայֆայից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքները կլինեն Թել Ավիվն ու Երուսաղեմը։ Հայֆայի քաղաքային խորհրդի այս քայլը համարվում է խիզախ եւ բեկումնային: Այս ամենը տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ»,- ասաց Վեյսը։

Իսրայելցի քաղաքական վերլուծաբանը նշեց, որ, ցավոք սրտի,  Իսրայելի կառավարությունները տարիների ընթացքում խուսափել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրային կապերը մեծացնելու նպատակով։ Վեյսը շեշտում է, որ Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի ինչպես Իսրայելի քաղաքապետերի, այնպես էլ կառավարության եւ հատկապես իսրայելական լրատվամիջոցների վրա։

Մեր զրուցակիցը նշում է, որ հատկապես այս օրերին Իսրայելն օրեցօր ավելի ու ավելի է նմանվում թուրքական վարչակարգին, քանի որ տեղի ունեցող՝ վարչակարգի փոփոխության հետեւանքով այս պահին փորձ է կատարվում՝ դատարանները քաղաքական գործիչներին ենթարկելու ու նրանց անկախությունից զրկելու։

«Ինձ համար ցավալի փաստ է նաեւ այն, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, որը, ցավոք, օգտագործվում է հայերի վրա հարձակվելու համար։ Հայերի էթնիկ զտումները սոսկ պատմական իրադարձություն չեն. սա մի իրադարձություն է, որը տեղի է ունենում այս օրերին նաեւ Արցախում։ Ահա թե ինչու Հայֆայի քաղաքային խորհրդի որոշումը պետք է փայփայել հատկապես այս օրերին՝ ընտրելով լինել պատմության ճիշտ կողմում՝ Իսրայելի ներսում եւ դրսում տարբեր կողմերի սպառնալիքներին դիմակայելով»,- եզրափակեց Յարոն Վեյսը։

Մեր ձեռքում է հայտնվել Իսրայելում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի նամակը՝ ուղղված Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմին, որտեղ դեսպանը խոսում է Իսրայելի եւ Թուրքիայի ամուր կապերի մասին եւ հորդորում է Հայֆայի քաղաքապետին՝ արգելել ցեղասպանության ճանաչման արարողությունը, քանի որ նման բան երբեւիցե տեղի չի ունեցել։ Թուրքիայի դեսպանը չի մոռանում նշել նաեւ հենց Թուրքիայի մեծագույն ջանքերով հայրենազուրկ դարձած միլիոնավոր սիրիացիներին։ Վերջինս Հայֆայի քաղաքապետին զգուշացնում է, որ քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լրջորեն վնասել թուրք-իսրայելական ամուր կապերին։