«Հրապարակ». Որեւէ լումա առանց նրա իմացության եթե տեղից շարժվի, շատ ծանր կնստի շարժողի վրա

«Հրապարակ». Որեւէ լումա առանց նրա իմացության եթե տեղից շարժվի, շատ ծանր կնստի շարժողի վրա

«Հրապարակի» զրուցակիցը նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

-  Հրաչյա Սարգսյանն անսպասելի հրաժարական տվեց։ Առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններ են։ Իսկ ահա երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն նորից քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալեց։ Մեկ ամիս առաջ կալանավորվել էր փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը՝ քովիդի հետ կապված քրեական գործի շրջանակներում, իսկ երեկ՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Քաղաքապետարանի շուրջ ստեղծված այս քրեաիրավական վիճակը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:

- 2018 թվականից Հայաստանում անիշխանություն է: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ոչնչացնել մեր բոլոր պետական ինստիտուտները: Այսօր ոչ մի ինստիտուտ չի գործում: Ես ուզում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին: Նա իր 5 ժամ տեւած ասուլիսի ժամանակ խոսեց իր իսկ թիմակիցների դղյակների եւ միլիոնավոր ունեցվածքների մասին՝ նշելով, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, սակայն ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին, այսօր ԱՄՆ Պետդեպի զեկույցում ԱՄՆ Պետդեպը, ի դեպ, որի սիրած տղան է Նիկոլը, արձանագրել է, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա: Ամենաարտառոցն այն է, որ ԱՄՆ Պետդեպն արձանագրել է, որ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում երբեք նման իրավիճակ չի եղել: Այս ձերբակալությունները, ըստ իս, կապված են հենց համակարգային կոռուպցիայի հետ: Ինչ-որ բան երեւի չեն կարողացել կիսել, ինչ-որ բան տեղ չի հասել: Արսեն Թորոսյանի դեմ սկսված արշավը եւս այդ մասին է վկայում: Մեր բոլորի աչքի առաջ գումարների մսխում եղավ կորոնավիրուսի շրջանում, սակայն այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իրենք արդյունավետ կերպով համավարակի դեմ են պայքարում, բայց հիմա պարզվեց, որ եղել են կոռուպցիոն սկանդալներ: Պատճառն այն է, որ Արսեն Թորոսյանն ինչ-որ բան է արել, որի մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացված չի եղել: Իսկ Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ ես կարող եմ ասել, որ որեւէ լումա առանց նրա իմացության եթե տեղից շարժվի, դա շատ ծանր կարող է լինել լուման տեղից շարժողի համար: Արսեն Թորոսյանը, որպես կորոնավիրուսային էպոպեա, պետք է պատրաստ լինի շատ հարցերին պատասխաններ տալու:

- Առաջիկայում մայրաքաղաքում ընտրություններ են: Իշխանությունների միակ ու անփոխարինելի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, իսկ ահա ընդդիմությունը ոչինչ դեռեւս չի հստակեցրել: Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը` ըստ Ձեզ:

- Շատ հստակ պատասխանեմ: Եթե ընդդիմությունը` ամեն մեկն իր հերթին գրկի իր թեկնածուին եւ ընտրություններին մասնակցի, դրանով իսկ հերթական անգամ լեգիտիմացնելու են Նիկոլի կազմակերպած ընտրությունները, թե Տիգրան Ավինյանը կդառնա քաղաքապետ, թե Նիկոլը կփոխի իր որոշումը, դա չեմ կարող ասել: Ընդդիմությունն ունի մեկ քայլի հնարավորություն՝ ընտրություններին մասնակցել մեկ միասնական թեկնածուով եւ հասկանալ, որ սա կանալիզացիայի եւ աղբահանության ընտրություն չէ, սա քաղաքապետի ընտրություն է` Երեւանը վերցնելով՝ փրկելով Հայաստանի մի մասը: Եթե սա չհասկացավ ընդդիմությունը, ապա ես իրավունք կունենամ կասկածելու, որ իրենք առանձին-առանձին պայմանավորվածություն ունեն իշխանությունների հետ՝ Տիգրան Ավինյանի թեկնածությունը սղղացնելու համար: