Երեւանի քաղաքապետարանը վերջնական որոշում չունի`պոլիկլինիկաների շենքերի տեղափոխման վերաբերյալ

Երեւանի քաղաքապետարանը վերջնական որոշում չունի`պոլիկլինիկաների շենքերի տեղափոխման վերաբերյալ

Երեւանի քաղաքապետարանը Լեոյի փողոցում գտնվող թիվ 1 պոլիկլինիկան եւ Արաբկիրի մանկական պոլիկլինիկան միավորում է համապատասխանաբար թիվ 4 պոլիկլինիկային եւ թիվ 11 պոլիկլինիկային։

Քաղաքապետարանից պոլիկլինիկաների աշխատակիցներին վստահեցրել են` հաստիքների կրճատում չի լինելու, բայց շենքը փոխելը նրանց սրտով չէ. նախեւառաջ քաղաքապետարանի այս որոշումը խնդիրներ է առաջացնելու տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար. նրանք ամենաշատն են օգտվում պոլիկլնիկաներից եւ շենքը փոխելու դեպքում դժվարությամբ են հասնելու իրենց պոլիկլինիկայի նոր շենք։ 

Թիվ 1 (Լեոյի) պոլիկլինիկայի տնօրեն Նունե Դավթյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ  նախատեսված է շենքային փոփոխություն, բայց այս պահին իրենց ոչ ոք չի ասել շենքից դուրս գալու մասին. «Իմ կարծիքն եմ ասում, որ, եթե մեզ մոտակա ինչ-որ տեղ շենք տան, լավ սարքած, վերանորոգված, մենք բարելավումներին դեմ չենք, բայց այս պահին խոսք չի գնում տեղափոխման մասին։ Նախատեսված նոր շենքում դեռ շատ աշխատանքներ պետք է կատարվեն, որ մենք կարողանանք այնտեղ տեղափոխվել, մոտակա մի քանի ամիսը մենք մեր շենքում ենք լինելու։ Ավագանու նիստում օպտիմալացման մասին է որոշում ընդունվել, տեղափոխման մասին որոշում ընդունված չէ։ Հաստատ մի քանի ամիս մենք մեր տեղում ենք լինելու»։

Դավթյանի խոսքով` մոտ 13 հազար քաղաքացի է իրենց պոլիկլինիկայում գրանցված, հիմնականում օգտվում են տարեցները. «Բնականաբար շենքային փոփոխությունը իրենց համար դժվարություն է ստեղծելու»։

Դավթյանը նաեւ նշեց, որ Երեւանի փոխքաղաքապետն այցելել է իրենց, զրուցել եւ վստահեցրել` «օպտիմալացում» ասելով նկատի չունեն հաստիքների կրճատում, ընդհակառակը` բարձրանալու են նրանց աշխատավարձերը. «Փոխքաղաքապետը խոսք է տվել, որ աշխատատեղերը կպահպանվեն»։

Իսկ թե ո՞վ է լինելու վերամիավորված պոլիկլինիկայի տնօրենն․ ասաց, որ չգիտեն, այդ հարցն իրենց էլ է հետաքրքրում։

Երեւանի քաղաքապետարանից էլ մեզ փոխանցեցին, որ պոլիկլինիկաների շենքերը շարունակում են գործել, դեռեւս նման խնդիր չունեն։

«Այն ծառայությունները, որոնք ծայրամասային պոլիկլինիկաներում չեն մատուցվել , կմատուցվեն հարակից ավելի մեծ պոլիկլինիկաներում»,-փոխանցեցին քաղաքապետարանից։ 

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն էլ շենքային փոփոխման մասին հարցին պատասխանեց` վերջնական որոշում դեռ չկա։