Գերտերություններից ամենամոտիկը մեզ եւ շահերի համընկնումով ամենատրամաբանականը Ռուսաստանն է

Գերտերություններից ամենամոտիկը մեզ եւ շահերի համընկնումով ամենատրամաբանականը Ռուսաստանն է

Հարցազրույց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանի հետ

- Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիներ առաջ խոսում էր այն մասին եւ 2017-ին էլ վերահաստատեց իր համոզմունքը, որ այն, ինչ մեզ հիմա տալիս են արժանապատվորեն, տարիներ անց մուրալու ենք, ուստի պետք է կարգավորել հարցը, ոչ թե այն թողնել ապագային։ Փորձենք այս հայտարարությանը նայել նրա բանակցային կետից 25 տարի անց՝ այս պատերազմի ֆոնին․ ժամանակն ու կյանքն ի՞նչ ապացուցեցին կամ հերքեցին հայտնի դիրքորոշումներում։

- Վերջերս նայում էի Սոլովյովի հայտնի հաղորդումը, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչը, որը ՏԱՍՍ-ում էր աշխատում, տիկին էր, մեջբերումներ էր անում Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածից, որ ժամանակին եթե լսեիք Տեր-Պետրոսյանին, էսպես չէր լինի, էս պատերազմը չէր լինի։ Ցավոք, մեր ընդդիմախոսները մեջբերումներն անում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածից։ Սրանով ամեն ինչ ասված է։ Եթե նրանք ասում են, որ ճշմարտությունը դա է, նշանակում է՝ դա չէ։ Եվ կյանքը ցույց տվեց, որ 30 տարի Արցախը խաղաղ գոյատեւել է, բարգավաճել եւ էլի խաղաղ կբարգավաճի, եթե այս արհավիրքը մենք հաջողությամբ հաղթահարենք եւ հաջողությամբ հաղթահարելու ենք։ Կապիտուլյացիան միշտ էլ կա։ Պարտությունը միշտ էլ կա։

- Ասում էր՝ մի օր գալու է այս օրը։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ասում էր՝ մեզ առաջարկում են խաղաղություն՝ տարածքների դիմաց, հիմա ոմանք մեկնաբանում են՝ հրադադար՝ տարածքների դիմաց, իսկ նախկինում՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց։ Այսինքն՝ գնալով մեր պահանջների պլանկան իջել է, իսկ Ադրբեջանի ախորժակը՝ մեծացել։

- Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան․․․ հիմա մենք Ադրբեջանի մասին խոսելով՝ անպայման պետք է նաեւ Թուրքիայի մասին խոսենք, որովհետեւ Թուրքիան փաստացի հակամարտող կողմ է։ Նրանք պահանջում են կապիտուլյացիա։ Ասում են՝ հողերը հանձնեք, մենք կորոշենք ինչ անել Արցախի ժողովրդի հետ։ Իհարկե, էդ դեպքում Արցախի ժողովուրդը չի էլ մնալու, որպեսզի իրենք որոշեն, թե ինչ անեն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ էդ ամեն ինչը սուտ խոստումներ են։ Եվ պարտվողական քաղաքականությունն այսօր մեզ համար անընդունելի է, ոչ միայն Դաշնակցության, եւ կարծում եմ՝ ողջ քաղաքական դաշտի։

- Բայց չէ որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրները, այդ թվում նաեւ Ռուսաստանը, մեջբերում են փաստաթղթերը, որոնցում ամրագրված է նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքը։

- Բայց նաեւ ինքնորոշման իրավունքը։ Եթե հակառակորդը, միջազգային կառույցներն այսօր խոսում են 5 շրջան+2 եւ այլն, չգիտեմ ինչու, մենք մոռանում ենք Շահումյանի, Գետաշենի մասին, որը բռնազավթված է ադրբեջանցիների կողմից, եւ Արծվաշենի մասին։ Ինչո՞ւ մենք բանակցությունների սեղանին էս հարցը չենք դնում։ Սա էլ 3 շրջան եղավ։ Զարմանում եմ, որ էդ մասին չի խոսվում։ Շատ հպանցիկ մեր արտաքին գերատեսչական մարմինն ակնարկել է։ Վաղը, մյուս օրը, միեւնույն է, բանակցություններ լինելու են, չէ՞, պատերազմն անվերջ չի կարող շարունակվել։ Անպայման էս խնդիրը պետք է դրվի։ Նաեւ՝ Մարտակերտի հյուսիսը, որ էլի բռնազավթված է, գտնվում է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ, եւ Արծվաշենը, որն ընդհանրապես Հայաստանի վարչական տարածք է։ Այնպես որ, մեզ համար ինչպես առաջ, այսօր էլ մերժելի է մոտեցումը, դա, ըստ էության, մեզ առաջարկված կապիտուլյացիա է, որը թվացյալ ապահովում է Արցախի ժողովրդի խաղաղ գոյատեւումը, բայց ո՛չ անվտանգ ու ո՛չ էլ մոտ ապագայի համար երաշխիք է տալիս, որ նրանք կարող են ապրել այդ հողերի վրա։ Չեն կարող։ Ադրբեջանի կազմում Արցախը դատապարտված է չգոյության։

- Բայց կարող էինք, չէ՞, 30 տարի առաջ մեր մտքում ունենալ նաեւ այս սցենարը, որ Թուրքիան, որը նախկինում ավելի չեզոք էր, կարող է մի օր էլ ռազմական առումով միջամտել՝ ելնելով իր կայսրապաշտական նկրտումներից։

- Թուրքիան միշտ է եղել Ադրբեջանի քաղաքական հովանավորը, այսօր արդեն՝ ռազմական։ Մի քանի տարի է, որ շրջանառության մեջ է մտել «մեկ ազգ՝ 2 պետություն» սկզբունքը։ Ի դեպ, այդ կարգախոսը միշտ ընդլայնվում է, հիմա էլ ասում են՝ 1 ազգ՝ 5 պետություն, 6 պետություն։ Ինչքան թուրքալեզու պետություններ կան, ներգրավվում են Թուրքիայի ազդեցության տակ։ Սա մեկ բառով կոչվում է պանթուրքիզմ։ Սա հատկապես երեւում է Էրդողանի կողմից Թուրքիայի լիազորությունների ընդլայնման առումով։ Էրդողանին այսօր նույնիսկ համեմատում են Հիտլերի հետ եւ չեն սխալվում, մենք գիտենք, թե դա ինչով է վերջանում, վստահ եմ՝ Էրդողանի համար նույն ողբերգական ավարտն են ունենալու այս ծավալապաշտական նկրտումները։ Աշխարհը սա չի հանդուրժելու։ Աշխարհը չի հանդուրժելու միջազային ահաբեկչության ներգրավումը նմանատիպ հակամարտությունների մեջ, որովհետեւ դրանք, ի վերջո, այդ հակամարտության շրջանակներից դուրս են գալու եւ հարեւան պետությունների համար գլխացավանք են դառնալու՝ հենց նույն Ադրբեջանի համար։ Այսօր, ցավոք սրտի, որոշ ռուսաստանցի գործիչներ խոսում են այն մասին, թե «Ադրբեջանը չկորցնենք մեր ազդեցության գոտուց, հանուն Հայաստանի»։ Ադրբեջանն իրենք վաղուց կորցրել են։ Խնդիրն այն է, որ գոնե Հայաստանը պահպանի իրենց ազդեցության շրջանակները։ Եվ վստահ եմ, որ էդպես էլ կլինի, որովհետեւ մենք փոքր երկիր ենք, չենք կարող առանց  գերտերությունների հետ դաշնակցելու գոյատեւել։ Իսկ գերտերություններից ամենամոտիկը մեզ եւ շահերի համընկնումով ամենատրամաբանականը Ռուսաստանն է։

- Երկար տարիներ Սանկտ Պետերբուրգում եղել եք ՀՀ գլխավոր հյուպատոս։ Հիմա մենք բողոքում ենք ռուսական «ոխերիմ բարեկամությունից», նրանք՝ մեզնից, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են, եւ այս դեպքերը երեւակեցին, որ Ռուսաստանում կան հակահայկական լոբբիստական խմբեր ու հակաադրբեջանական։ Նախկինում՝ Ձեր պաշտոնավարման ժամանակ, այս պրոցեսները կայի՞ն, եւ ի՞նչ էր անում հայկական դիվանագիտությունը՝ ռուսական քաղաքական էլիտայի ու հասարակայնության հետ աշխատելու համար։

- Կարող եմ անդրադառնալ հենց իմ աշխատելու տարիներին եղած արդյունքներին, որովհետեւ ամեն ինչի մասին կարելի է դատել արդյունքներով։ Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Պետերբուրգի կենտրոնում անհատույց հատկացրեց տարածք։ Եվ 75 դիվանագիտական ներկայացուցչություններից միակը Հայաստանն էր, որ հսկայական անհատույց տարածք ուներ, որը համայնքի միջոցներով վերանորոգվեց եւ այսօր ամենաներկայանալի ներկայացուցչություններից է։ Սա ի՞նչ էր, բարի կամքի դրսեւորում էր, չէ՞։ Կոմիտասի արձանի բարձրացումը, կրկին՝ քաղաքի կենտրոնում։ Գիտեք՝ Սանկտ Պետերբուրգում արձան դնելը հսկայական դժվարությունների հետ է կապված, բայց դա արեցինք։ Ռուսաստանում 9 նահանգներ այսօր Հայաստանի մարզերի հետ համագործակցում են։ Եվ նահանգներից 7-ը՝ եվրոպական շրջանի, բոլորն էլ տնտեսական, քաղաքական կապերի մեջ էին Հայաստանի հետ եւ հիմա էլ։ Սա խոսում է այն մասին, որ ռուսները համագործակցության առումով որեւէ խնդիր չեն տեսնում, էլ չեմ ասում ԵԱՏՄ շրջանակներում, ՀԱՊԿ-ում։ Առհասարակ, Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական քարոզչության հետեւանքն է, որ այսօր Հայաստանի քաղաքականությունը ներկայացվում է ոչ ռուսամետ։ Այդ բառը ես չեմ սիրում, մեր ազգային եւ ՌԴ ազգային շահերի համընկնման պատճառով է, որ այդ համագործակցությունը կայանում է։ Միայն եւ միայն։ Իհարկե, նաեւ պատմական կապեր կան, բայց առաջին հերթին մեր շահերն են համընկնում։ Եվ միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում, Հայաստանը միշտ կողմ է եղել հօգուտ Ռուսաստանի քվեարկության, ի տարբերություն Ադրբեջանի։ Հիմա, երբ խոսում են մեր, իբր, ռուսների դեմ քաղաքականության մասին, ապացույցը ո՞րն է․ էդ  քվեարկությունները չե՞ն։ Դե թող Ադրբեջանն էլ այդպես քվեարկեր՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։