Պետք է վակցինա խնդրել ՌԴ-ից՝ առաջնագիծ մեկնողների համար

Պետք է վակցինա խնդրել ՌԴ-ից՝ առաջնագիծ մեկնողների համար

Քովիդի թվերն աճում են գրեթե երկրաչափական պրոգրեսիայով: Առաջին ալիքի գագաթնակետի՝ հունիսի համեմատ օրական միջինը երկու-երեք անգամ շատ մարդ է վարակվում: 
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, անհավանական աճ գրանցվեց՝ մեկ օրում 2 հազար 306 նոր դեպք: «Միայն երեկ 20 մահ ենք ունեցել»,- հայտնում են առողջապահության նախարարությունից: Օրական 4-5 հազար թեստ է արվում: Հոկտեմբերի 21-ին, ըստ առողջապահության նախարարության տվյալների, կատարվել է 5 հազար 189 թեստավորում: 

Թե որքան կծավալվի ու ուր կհասնի կորոնավիրուսի երկրորդ ալիքը, հայտնի չէ: «Կանխատեսումների համար դեռ վաղ է»,- ասում է նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը: «Հրապարակի» հետ զրույցում նա նաեւ հայտնեց, որ հիվանդանոցների տեղերն այս պահին բավականացնում են միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների համար: «Մյուսները գտնվում են տանը` պոլիկլինիկայի հսկողության տակ»: 

Կարծիք է տարածված, թե կորոնավիրուսային հիվանդության թվերի աճը կապված է մոբիլիզացիայի հետ, որ բանակ մեկնողներին պարտադիր թեստավորում են: Հնարավո՞ր է, որ ավելացումը դրանով է պայմանավորված: Թորոսյանի խոսնակը խորհուրդ տվեց այս հարցով դիմել ՊՆ՝ միաժամանակ նշելով, որ հիվանդության աճի պատճառները շատ են: «Ավելացման պատճառները շատ են. ընդհանուր ակտիվ շփումներն ու շարժը, կանոններ չպահելը»: 
ՊՆ-ից մեզ հետաքրքրող հարցին չպատասխանեցին: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հարցին՝ Արցախ մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստը պարտադիր է, թե ոչ, ասաց՝ չգիտեմ:
Համաճարակաբան, նախկին պաշտոնյա, «Բեկում» նախաձեռնության ղեկավար Արմեն Վարդանյանը կորոնավիրուսի աճը համարում է անխուսափելի: «Այդպես էլ պետք է լիներ: Այն ժամանակվա թվերն իրական չէին, դրանց իրական տրամաբանությանը մենք չենք տիրապետել: Հուլիսի վերջին թվերը սկսեցին նվազել, որովհետեւ դրսում ջերմաստիճանը բարձր էր, օդի խոնավություն էլ չկար: Հիմա վիրուսի համար պայմանները բարենպաստ են, ժողովուրդն ընկած է վշտով, կորոնավիրուսի ու դրա հետեւանքների մասին չի էլ մտածում, պետությունն էլ էլի ձեռքերը լվացել է: Բնականաբար, վիրուսը պետք է շատանա»: 

Արմեն Վարդանյանը միշտ եւ հիմա էլ՝ հիվանդության այս երկրորդ ալիքի օրերին, համոզված է, որ քանի դեռ բնակչության 50-60 տոկոսը բնական վարակվածություն չունի, աճը լինելու է: 
Այսօր մենք արտակարգ իրավիճակում ենք․ ի՞նչ պետք է անենք՝ քովիդի տարածումը բանակում կանխելու համար: «Առաջնահերթ մենք պետք է խնդրենք Ռուսաստանին, որ վակցինա տրամադրի, եւ կամավորականներին, ռազմաճակատ մեկնողներին պատվաստեն, նոր ուղարկեն դիրքեր: Սա ազգային անվտանգության խնդիր է: Ռուսաստանը երկու վակցինա ունի, բոլոր զորակոչվածներին եւ կամավորներին պետք է պատվաստեն, նոր մի 5-7 օրից ուղարկեն ռազմաճակատ»: 

Արմեն Վարդանյանը կարծում է, որ երկրորդ սեգմենտը, որն առաջնահերթ պետք է վակցինացվի, բժիշկներն են: Նրանք ամենաշատն են ռիսկի տակ: «Կամ էլ այն վեց ամիսների մասկի-շոուն պետք է դադարեցնեին, որ մարդիկ մեծ տեմպով վարակվեին, ու հիմա մենք կունենայինք 5 ամսվա իմունիտետ, որը համարվում է լարված իմունիտետ»: