Ինչո՞ւ չենք օգտագործում «Իսկանդերը»

Ինչո՞ւ չենք օգտագործում «Իսկանդերը»

«Հրապարակի» հարցազրույցը ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոմչիխինի հետ

- Որպես ռազմական վերլուծաբան՝ ի՞նչ կարող եք ասել՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ ադրբեջանական բանակը մոտեցել էր Մեղրիին։

- Իր մոտ առավել լավ է ստացվում հարավում առաջխաղացումը, ինչը լրիվ կանխատեսելի էր, եւ հասել էր Մեղրու սահմաններին։ Հիմա ակնհայտ է, որ կշրջվի դեպի հյուսիս՝ Ստեփանակերտի ուղղությամբ։ Նրանք արդեն իսկ Ղարաբաղը կտրել են Իրանից, որի մասին չի կարելի ասել, որ լրիվ բարեկամական է, բայց իրոք  բավականաչափ չեզոք դիրքորոշում ունի։ Քանի որ նրանց մոտ թիկունքն ապահովված է, եւ նրանք շարունակելու են առաջ շարժվել։ Եվ այն, որ առաջնագծի այլ հատվածներ Ղարաբաղը պահում է, արդեն այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ թիկունքից փորձելու են հարվածն ուղղել Ստեփանակերտին, Շուշիին եւ Լաչինին։ Եթե սրանք կորցնեք, ուրեմն՝ վերջ, սրանով ամեն ինչ ավարտվում է, էլ պահելու բան չկա։

- Դուք այս գործողությունների մեջ պանթուրքիստական հայտնի ծրագրի իրականացմանն ուղղված ջանքեր չե՞ք տեսնում՝ որ Նախիջեւանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միացման ճանապարհին խրված հայկական սեպն են փորձում չեզոքացնել։

- Հնարավոր է, որ Ադրբեջանի մոտ ինչ-որ էյֆորիա լինի, եւ Նախիջեւանում միջանցք բացելու փորձ անեն, բայց, այնուամենայնիվ, սա ինձ շատ իրատեսական չի թվում, որովհետեւ այստեղ արդեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշվելու հեռանկարն է։

- Այսինքն՝ Ռուսաստանը դեմ է, որ հայկական սեպը ջարդվի։

- Սա արդեն ՀՀ տարածք է, եւ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ տարբեր բաներ են Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի տարածքը։

- Բայց մեր Սյունիքի մարզպետը, քաղաքապետերն արդեն սյունեցիներին ինքնապաշտպանության կոչեր են անում։

- Հայաստանը պարտավոր է արձագանքել յուրաքանչյուր սպառնալիքի, եւ դրա համար էլ զինված ուժերը գոյություն ունեն։ Արձագանքել յուրաքանչյուր սպառնալիքի, այդ թվում՝ սահմանին իրապես մոտեցած։ 

- Ռուսաստանյան քաղաքական շրջանակներն ավելի ու ավելի ակտիվ են սկսել խոսել Ղարաբաղում ոչ թռիչքային գոտու՝ ոչ թռիչքային երկնքի մասին։ Եթե սա տեղի ունենա, ակնհայտ է, որ հայկական կողմը կհայտնվի ավելի բարենպաստ պայմաններում՝ պաշտպանված լինելով վերեւից եկող ԱԹՍ-ներից։ Իսկ հետեւակային, հրաձգային կռվում մերոնք ավելի ուժեղ են։

- Այդ ոչ թռիչքային գոտին բացարձակ ֆանտաստիկա է։ Ես անգամ չգիտեմ, թե ինչու են նման բաներ ասում։

- Ասողները պատահական մարդիկ չեն, օրինակ՝ պարոն Եվսեեւը։

- Լավ ճանաչելով նրան՝ զարմանում եմ, որ նա կարող էր նման բան ասել, որովհետեւ «ոչ թռիչքային» ոչ մի գոտու մասին խոսք չի կարող լինել։ Ես անգամ չգիտեմ՝ որտեղից են նման բան հորինել։

- Երեկ կողմերը հանդիպեցին Մոսկվայում՝ երրորդ անգամ պայմանավորվելու հրադադարի շուրջ։ Սակայն քիչ անց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին դիվանագիտական լուծում չկա, բանակցությունների մասին խոսք չի կարող լինել։

- Զինադադարի մասին համաձայնություն հնարավոր կլինի այն պարագայում, եթե ադրբեջանական առաջխաղացումն իրապես կանգնեցվի, եւ Ադրբեջանը համարի, որ հետագա առաջանցումը չափացանց թանկ է, ու այդ պատճառով այլեւս նպատակահարմար չէ, ու պետք է բավարարվել նրանով, ինչ գրավել են։ Քանի դեռ հաջողությամբ շարունակում է, նա զինադադար կնքելու որեւէ շահ չունի։ Առավել եւս, որ նրան դա թույլ չի տա անել Թուրքիան։

- Եթե այն վիճակն է, ինչ Դուք եք ներկայացնում, ինչո՞ւ բանը չի հասնում «իսկանդերներին», որոնք Հայաստանն ունի, եւ որով այս տարիներին մենք հպարտանում էինք, բայց որոնք այդպես էլ չեն կիրառվում։

- Ավելի լավ կլիներ, որ այս հարցն ուղղեիք ձեր ռազմաքաղաքական  իշխանությանը, որովհետեւ իր «իսկանդերներն» են, բայց ես կարող եմ ենթադրել։ Նախ, «իսկանդերները» Հայաստանինն են եւ ներգրավված չեն Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։ Եթե կիրառվի «Իսկանդերը», սա նշանակում է, որ արդեն Հայաստանն է պատերազմում, ընդ որում, առաջինն է հարձակվել Ադրբեջանի վրա։ Սա քաղաքական հարց է, իսկ բուն ռազմական իմաստով, որքան հասկանում եմ՝ այդ ահավոր թանկ հրթիռները շատ չեն, եւ դրանք կարելի է օգտագործել միմիայն ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ որեւէ այլ ելք չկա։

- Բայց չէ՞ որ այլ սպառազինություններ Ադրբեջանն օգտագործում է։

- Գոյություն ունի Արցախի պաշտպանության բանակ, որն ունի նույն սպառազինությունը, ինչ Հայաստանը, որոշ զինատեսակների դեպքում՝ ավելի նոր սերնդի: Այս զենքը տարբերակել, տարորոշել անհնար է, այն կարող է լինել թե՛ ղարաբաղյան, թե՛ հայաստանյան։ Բայց «Իսկանդերը» կարող է լինել միայն հայաստանյան, որովհետեւ Հայաստանն ունի այս զինատեսակը։ Եվ, հետեւաբար, այս դեպքում դե յուրե եւս արձանագրվում է, որ Հայաստանը մասնակցում է պատերազմին։