ՀՅԴ Երեւանի կառույցի «թաքուն» ժողովը բուռն է անցել. Ընդհանուր ժողովը՝ ապրիլի 17-18-ին

ՀՅԴ Երեւանի կառույցի «թաքուն» ժողովը բուռն է անցել. Ընդհանուր ժողովը՝ ապրիլի 17-18-ին

ՀՅԴ-ականների համար ակտիվ շրջան է սկսվել: Մարզային կառույցների ժողովներ են հրավիրվում, մոտեցումներ ու տեսլական են ձեւավորվում ընդհանուր հարցերի շուրջ: Գերագույն մարմնի՝ հայաստանյան ղեկավար կառույցի յուրաքանչյուր անդամ՝ որպես ԳՄ ներկայացուցիչ, կցված է կառույցներից մեկին: 

Ապրիլի 9-11-ը տեղի է ունեցել ՀՅԴ Երեւանի կառույցի ժողովը, իսկ այս շաբաթվա վերջում՝ ապրիլի 17-18-ին, կկայանա ՀՅԴ համահայաստանյան՝ գերագույն ժողովը, որի ընթացքում կքննարկվեն ՀՅԴ ամբողջ երկու տարվա գործունեությունը, կազմակերպության վիճակը, քաղաքական օրակարգերը՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ կրթական: Ժողովի առանցքային հարցը, բնականաբար, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են ու Դաշնակցության մասնակցության հարցն այդ ընտրություններին: Որոշվելու է՝ արդյոք ՀՅԴ-ն դաշինքո՞վ է մասնակցելու ընտրություններին, թե՞ առանձին: 

«Այս պահին դեռ վերջնական որոշումներ չկան»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը: Նա ներկայացրել է ԳՄ-ն Կոտայքի մարզային կառույցի ժողովի ժամանակ: Անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ է, որ դաշնակցականների շրջանում կա տարաձայնություն՝ գնալ առանձին, թե դաշինքով, ի դեպ՝ խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին է, Լիլիթ Գալստյանն ասաց. «Դրանք բամբասանքներ են: Մենք իսկապես դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով, շաբաթ-կիրակի նստելու ենք, քննարկելու ենք, նոր վերջնական որոշման գանք: Հակասական տեսակետներ կարող են լինել, բայց եթե 100 հոգուց 80-ը որոշում է ընդունում, մյուսները համաձայնում են: Բա ինչո՞ւ է Դաշնակցությունը Դաշնակցություն: Հենց կարգապահությամբ: Մեծամասնության կարծիքը դառնում է վարքագիծ եւ քաղաքական կուրսի դրվածք»: 

Հիմա կա՞ն վեճեր, բախումներ, թե՞ ոչ: «Երբ որ կգան բոլոր կառույցներից, կնստենք, կքննարկենք, գուցե տեսակետների բախում էլ լինի, ու հետո կհաղթի մեծամասնության տեսակետը: Բայց կառույցը խաղաղ աշխատում է: Բախումներ չկան, դա չափազանցված է»,- ասաց ԳՄ անդամը՝ հրաժարվելով հարցազրույցից: 

Նրան խնդրեցինք նաեւ հիշեցնել, թե արդյոք անցյալ տարի ՀՅԴ-ն մի բանաձեւ, որոշում կամ հայտարարությո՞ւն է ընդունել, որտեղ ամրագրված է, որ Դաշնակցությունը մշտապես միայնակ պետք է մասնակցի ընտրություններին: 

«Այդպիսի որոշում չեմ կարողանում մտաբերել, բայց եղել են որոշումներ՝ լինելու ընդդիմադիր, քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ստանձնելու, որովհետեւ Նիկոլն արդեն բացահայտվել էր իր ամբողջ հմայքով, եւ հստակ էր մեր կոորդինատը, որ մենք ընդդիմադիր ենք ու նրա հետ գնալու տեղ չունենք: Ձեզ, հավանաբար, մոլորեցնում է այն հանգամանքը, որ պատմականորեն մենք 30 տարիների ընթացքում երբեք դաշինքով չենք գնացել ընտրությունների եւ առաջին հանրապետության շրջանում էլ դաշինք չենք ունեցել»: Ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ իր անձնական կարծիքը Լիլիթ Գալստյանը չցանկացավ հայտնել՝ պատճառաբանելով. «Չեմ կարող, քանի որ, լինելով ԳՄ անդամ, կառույցի տրամադրության վրա կազդեմ»: 

Մեր տեղեկություններով, սակայն, դաշնակցականները բաժանվել են երկու հակամարտող թեւերի, եւ նրանց միջեւ լուրջ կռիվ է ընկել: Մի մասը համոզված պնդում է, որ ՀՅԴ-ն պետք է մենակ մասնակցի ընտրություններին, ինչպես անցյալում են արել, մյուսներն ասում են, որ իրավիճակ է փոխվել, եւ պետք է դաշինքով մասնակցել՝ իմքայլականների վերարտադրությունը կանխելու համար: Մասնավորապես, ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է առանձին գնալու կողմնակից: ՀՅԴ Երեւանի կառույցի ժողովի ժամանակ նա ելույթ է ունեցել՝ հիմնավորելով իր տեսակետը: Հրանտ Մարգարյանը բարձրացրե՞լ է նման հարց իր ելույթում: Հարցն ուղղեցինք ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ղեկավար Սարգիս Կարապետյանին: «Դուք հիմա ինձանից մի բան եք ուզում լսել, որի իրավասությունը չունեք լսելու, եւ ես էլ իրավասություն չունեմ Ձեզ ասելու: Ասեկոսների՞ եք հավատում: Դրանք ես չեմ մեկնաբանելու»,- բարկացած արձագանքեց նա: 

Մեր ռեպլիկին, որ ինֆորմացիոն դարում պետք է փոխվել ու աշխատել բաց լինել հասարակության համար, նա հակադարձեց. «Ի՞նչ եք կարծում, մեր ժողովի ժամանակ ինչ խոսակցություն որ եղել է, ես պետք է պատմե՞մ: Ժողովը կլինի, ԳՄ-ն հայտարարություն կանի, ըստ այդմ՝ բոլորը կիմանան մեր մասնակցության ձեւաչափի մասին: Հիմա, այս պահին ինչ որ ասել է ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ուժի մեջ է: Քանի գերագույն ժողով չի եղել, մեր մասնակցության ձեւաչափեր ու մոդելներ չենք քննարկում: Մենք չենք գնում ընտրությունների, քանի դեռ չկան այդ ընտրությունները»: Չկա՞ն կարծիքներ, որ լավ է առանձին մասնակցել, ոչ թե դաշինքով: 

«Ես չեմ մեկնաբանելու մեր ժողովում հնչեցված կարծիքները: Ժողովը դրա համար է ժողով, որտեղ հնչեցվում են տարբեր կարծիքներ, որոնք մեկնաբանվում են, դառնում են մի ընդհանուր կարծիք եւ ներկայացվում են Գերագույն մարմնին: ԳՄ-ն ժողովից հետո հայտարարություն կանի, ըստ այդմ կդիմեք ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, նա կպարզաբանի Ձեր հարցերը: Երեւանի ժողովն անցել է բուռն քննարկումներով, տեւել է 3-4 օր»: