Իմ անմեղության կանխավարկածը գետնով են տվել, ասֆալտին ցփնել

Իմ անմեղության կանխավարկածը գետնով են տվել, ասֆալտին ցփնել

Նախօրեին փոխեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի խափանման միջոցը։ Մենք  զրուցեցինք Արա Վարդանյանի հետ, ով խոստացել էր ճաղերի հետեւից դուրս գալուց հետո խոսել վերջին դրամահավաքի մասին։

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքին մոտ 10 միլիոն դոլար պակաս հավաքվեց, քան 2018-ին եւ շատ ավելի ցածր, քան մյուս տարիներին։ Ունե՞ք բացատրություն, թե ինչու այդքան հավաքվեց։

- Հիմնադրամի ցանկացած հաջողության համար ուրախ եմ եւ տխրում եմ անհաջողության համար, եւ հիմա ասել, որ գումարը շատ քիչ է, ես չեմ կարող, որովհետեւ, ի վերջո, դրամահավաքը ստատիկ պրոցես չէ, կոնստանտ պրոցես է, որի ընթացքում անընդհատ աշխատում ես բարերարների հետ։ Բայց կա մի բան, որ ես այս տարի նկատեցի՝ այս տարի գրանցվեց շատ խոշոր բարերարների շատ կտրուկ նվազում։ Այսինքն՝ 25 հազար եւ ավելի նվիրատվությունների կտրուկ նվազում, որը, ըստ ամենայնի, պայմանավորված է նրանով, որ չի կատարվել ճիշտ աշխատանք այդ բարերարների հետ։ Միջին եւ մանր նվիրատուները, ես չեմ կարող չհավատալ հայտարարված թվերին, ունեցել են աճ, ինչը շատ լավ է։ Բայց, ցավոք, հիմնադրամն առանց խոշոր նվիրատուների չի կարող գոյատեւել։ Գիտեք ինչ՝ բոլորի մոտ կա կարծիք, որ, այ, եթե ամեն մի հայ տա մի դոլար, ապա մենք կունենանք այսքան․․․ Դա չի լինի երբեք։ Դա լավ ցանկություն է, լավ կենաց, բայց դա իրողություն չէ։ Այսինքն՝ եթե ունես նպատակ, որին երբեւիցե չես հասնի, ապա այդ ճանապարհի բոլոր էտապներում տապալվելու ես։ Եվ ունենալով մեջքիս հետեւում այդ կառույցի ղեկավարման 10 տարվա եւ սփյուռքի հետ աշխատելու 15 տարվա փորձ, միանշանակ կարող եմ պնդել, որ այդ օրը չի գա, երբ ողջ հայությունը կսատարի հիմնադրամին։ Նախ՝ առաջին պատճառ, որովհետեւ հիմնադրամը միակը չէ, կան բազում այլ բարեգործական կազմակերպություններ՝ ՀԲԸՄ կամ ՀՕՄ, եւ ակնհայտ է, որ նվիրատուներն իրար մեջ համակարգում են, որ մեկը տալիս է հիմնադրամին, մեկը՝ մեկ այլ կառույցի, մեկը՝ ՀՕՄ-ին, մյուսը՝ ՀՕԽ-ին։ Այլ հարց է, որ ամենը պետք է արվի, որ հիմնադրամին նվիրատվությունը դիտարկվի որպես ազգային տուրք։ Երբ հիմնադրամը նոր էր ստեղծվում, նման գաղափար կար, որ յուրաքանչյուր հայ պետք է կատարի իր պարտքը հայրենիքի նկատմամբ։ Դա, իհարկե, կոնստանտ պրոցես է, որի համար պետք է աշխատել, բայց միայն դրա վրա կենտրոնանալը, համոզված եմ, կտանի դեպի լուծարում։ Պետք է շարունակել աշխատել խոշոր բարերարների հետ, փորձել գտնել նոր խոշոր բարերարներ։ Իհարկե, ունենք ավանդական բարերարներ, որոնք հիմնադրամին ստեղծման պահից օգնում են։

- Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանին համարում եք ավանդական բարերար։

- Այո, եւ այս տարի էլ հիմնադրամին 1․5 միլիոնի նվիրատվություն արեց։ Եվ ընդհանրապես, ես Սամվել Կարապետյանին համարում եմ մերօրյա Մանթաշովը։ Համեմատությունն իրոք տեղին է, քանի որ անձամբ ես գոնե չգիտեմ Կարապետյանի ընտանիքի պես որեւէ ընտանիք, որը նման ձեւով սատար է կանգնում Հայաստանին ու Արցախին։ Սա իրողություն է, որը պետք է թե՛ իշխանությունները, թե՛ հիմնադրամի ղեկավարությունն ընդունեն եւ փորձեն ամեն ինչում կանգնել այդ ընտանիքի կողքին։ Ես միայն մի բան կարող եմ ավելացնել, որ հիանում եմ իր հայեցի լինելով ու կարող եմ արձանագրել, որ նա մի մարդ է, որին միշտ պետք է օրինակ բերել դրամահավաքի մասին խոսելիս։ Բացի բարեգործական ծրագրերը, նա խոշոր ներդրումներ է անում նաեւ Հայաստանում եւ Արցախում։ Այսինքն՝ նման մարդկանց պետք է փայփայել, մեծարել, եւ կարծում եմ, որ հիմնադրամի տնօրենը մի սխալ թույլ տվեց։ Ես սա որպես խորհուրդ եմ ասում․ նա նշել է մի քանի հոգու անուն, որոնք չեն փոխանցել գումարները։ Դա սխալ տակտիկա է, ես քաջ հասկանում եմ, թե ինչի համար է նշում՝ որ, այ, անունը տանք, հեսա փողը կտա։ Ցավոք, դրամահավաքն այդպես չի աշխատում, եթե մեկի անունը տալիս ես ու ասում, որ նա գումարը դեռ չի փոխանցել, նա այլեւս երբեք այդ գումարը չի տա։ Որովհետեւ դու, փաստորեն, վատաբանում ես մի մարդու, ով ուզում էր քեզ տալ 1, 2 կամ 3 միլիոն դոլար։ Նման մարդկանց հետ տարվում է ամենօրյա աշխատանք՝ նաեւ անձնական շփումների մակարդակում, եւ այդ մարդանց անվան հետ խաղալը կործանարար է թե՛ հիմնադրամի, թե՛ երկրի ու Արցախի համար։ Եվ եթե մի քիչ ուշացնում է․․․ մենք այնքան հեշտ ենք ասում՝ 1 միլիոն դոլար, բայց դա ահռելի գումար է, եւ եթե մարդն ուշացնում է, երեւի թե ունի պատճառներ։ Ավելի ճիշտ է մարդու հետ բանակցել, հասկանալ՝ երբ եւ ինչպես կարող է տալ։ Մնացածում, գիտեք, ամեն ինչը կապված է սպասումների հետ։ Սպասումները մեծ էին, քանի որ դրանք ստեղծել էին իշխանություններն իրենց կողմից հռչակված «հեղափոխություն» բառի հիման վրա։ Բայց դրամահավաքը մի գիտություն է, որում դու պետք է բոլոր կանոնները պահպանես, եւ հեղափոխությունը որեւէ կերպ դրական ազդեցություն չի կարող ունենալ դրամահավաքի վրա։ Եթե նկատում եք, ես չեմ ասում՝ այ, սա էր սփյուռքի պատասխանը Նիկոլ Փաշինյանին, կամ՝ սա ապտակ էր։ Սա իրողություն էր, որ ինչպես իշխանությունները ներկայացնում են, որ ամբողջ սփյուռքը մեզ հետ է, դա այդպես չէ։ Ընդհանրապես, դրամահավաքի քաղաքականացումն ամենակոպիտ սխալն է, որ իշխանությունները կարող են թույլ տալ հիմնադրամի հետ կապված։ Ես 10 տարի եղել եմ հիմնադրամի տնօրեն, երբեւէ որեւէ քաղաքական հայտարարություն ու միջնորդություն չեմ արել եւ քաջ հասկացել եմ, որ հիմնադրամը քաղաքական կառույց չէ, եւ հիմնադրամին գումար կարող է փոխանցել ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարողը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանին կամ Փաշինյանին։ Այսինքն՝ սա ոչ քաղաքական կառույց է, եւ եթե հիմքում դնում ես՝ հեղափոխություն, ապա միանգամից մի մեծ զանգված մարդկանց, որոնք դեմ են այդ հեղափոխությանը կամ կողմ, դուրս ես դնում։ Դու իրենց բառացի ասում ես՝ մեզ գումար չտաս, դու մեզ հետաքրքիր չես։ Եվ հիմա էլ պետք է անել ամենը, որ հիմնադրամը մնա ապաքաղաքական կառույց, որի նպատակը ոչ թե նախընտրական կամ հետընտրական խոստումներ կատարելն է, այլ ուղղակի գումարների հավաքագրումը եւ այդ գումարներով ծրագրերի իրականացումը։

- Իսկ չելենջի գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում։

- Վատ գաղափար չէ, իհարկե, կլինի մարդ, որ կասի՝ ինչո՞ւ 20 դոլար, տենց մարդիկ էլ կան։ Ինքս անձնապես, 10 տարի լինելով հիմնադրամի տնօրեն, յուրաքանչյուր ամիս 100 դոլար նվիրատվություն եմ արել 10 տարի շարունակ։ Եվ, առհասարակ, հիմնադրամի բոլոր աշխատակիցները՝ ամեն մեկն իր կարեցածի չափով։ Եվ թեպետ չելենջի գաղափարը վատը չէ, բայց նորից ելնելով իմ փորձից՝ ուզում եմ ասել, որ այն չի ստանա այն արձագանքը, որն ուզում են տեսնել։

- Շեր, Թանկյան․ նման հայտնի դեմքեր են ներգրավվել։

- Այդ հայտնի դեմքերի մեծ մասը նախկինում եւս հիմնադրամի հետ աշխատել է։ Թող դա չլինի չելենջի տեսքով, թող լինի ուղիղ նվիրատվության։

- Բանտում էիք, այս տարի նվիրատվություն արե՞լ եք։

- Այո, 100 դոլար նվիրատվություն արել եմ։

- Երեկ ազատ արձակվեցիք՝ ինչպե՞ս անցկացրիք ազատության առաջին օրը։ 

- Ընկերների, ընտանիքի հետ։ Տեսեք՝ իմ խնդիրը պետք չէ անձնավորել որպես Արա Վարդանյանի։ Սա մի մեծ պատկերում շատ փոքր մասնիկ է։ Թեեւ իմ անմեղության կանխավարկածը մեր վարչապետի սիրած բառերով ասած՝ գետնով են տվել, ցփնել են ասֆալտին ու եսիմինչ են արել, ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում, քանի որ ինքս մասնագիտությամբ քաղաքագետ եմ, եւ բոլոր քայլերը՝ թե՛ կատարվող, թե՛ ապագայում կատարվելիք, շատ լավ հասկանում եմ եւ հաշվարկում։ Եվ նախկինում էլ հասկանում էի, թե ինչ է տեղի ունենալու, այն, ինչ հիմա է տեղի ունենում, եւ համոզված եմ, որ դատական ատյաններում, երբ դատն արդեն սկսվի, հանրությունը կտեսնի, որ որեւէ մեղք չունեմ, որեւէ յուրացում չեմ արել, որեւէ յուրացման հետ կապ չունեմ։ Եվ ինքս էլ ասում եմ, որ եթե եղել են յուրացումներ, պետք է միանշանակ պատասխան տան։

-Իսկ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելուն ինչպե՞ս եք վերաբերվում։ «Սերժ Սարգսյան՝ քաղբանտարկյալ» բառակապահցությունը հեգնում են՝ ասելով, որ ստատուսներ են գրում, որ հետո քրեական մեղադրանք առաջադրվի, ասեն՝ մենք քաղբանտարկյալ ենք։

- Իմ ֆեյսբուքյան էջում դեռեւս ամիսներ առաջ՝ 2-րդ նախագահի կալանավորումից հետո, կանխատեսել էի, եւ ինձ համար այլեւս որեւէ հարց չկար, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Եվ այդ ամբողջ պատկերի վրա ուղղակի կարելի է մեծ տառերով գրել՝ Արցախ։ Մի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում, որ, ցավոք, մեր իշխանությունն այնքան է տարված Ռուսաստանին հաճոյախոսելով, որ շատ լուրջ խնդիրներ ունեն աշխարհի այլ գերտերությունների հետ՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ։ Եվ այս ամենը եղել է մի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառով։ Այսինքն՝ իրենք փորձեցին ցույց տալ, որ մենք ի՜նչ ուժեղ տղաներ ենք, եւ դրա համար երկիրը պատանդ են դրել։

- Արցախը՝ ի՞նչ, 2-րդ եւ 3-րդ նախագահներն ինչ-որ բան պե՞տք է անեին Արցախում։

- Իմ գնահատականը շատ պարզ է․ մենք նպատակուղղված գնում ենք դեպի լավրովյան պլանի իրագործում։ Արցախի նախագահն ու Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները, ունենալով իրենց ազդեցությունը քաղաքականության մեջ եւ իրենց աջակիցների քանակը, որովհետեւ որքան էլ Ֆեյսբուքում գրեն, որ նրանք աջակիցներ չունեն, դա ակնհայտ սուտ է, նրանք ունեն աջակիցների շատ մեծ բանակ, եւ տարբերությունը ներկա իշխանությունների աջակիցների հետ այն է, որ նրանք պատրաստ են ամեն ինչի հանուն Արցախի։ Արժեքային խնդիր կա։ Եվ խոսելով լավրովյան պլանի մասին՝ ես կարող եմ ասել, որ ես այսօր տեսնում եմ, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը տարածվում է միմիայն Հայաստանի վրա։