Աննա Ախմատովա․ բանաստեղծություններ

Աննա Ախմատովա․ բանաստեղծություններ

***

Անծիր է ոսկե լույսն իրիկնային,
Ապրիլյան զովը` քնքուշ ու խաղաղ:
Ուշացել ես դու ձիգ տարիներով,
Բայց, այնուհանդերձ, գոհ եմ, որ եկար:

Նստի՛ր իմ կողքին, մոտի՛կ ավելի,
Նայիր մտերիմ, ուրախ աչքերով:
Ահա կապտավուն այս տետրակը` լի
Մանկական իմ պարզ թոթովանքներով:

Ների՛ր, որ կյանքս մատնել եմ վշտին
Ու արեգակով շատ քիչ եմ արբել:
Ների՛ր ինձ, ների՜ր, որ կյանքիս ճամփին
Ես շատերին եմ քո տեղը դրել:

***

Սառնամանիքից ու քամուց հետո
Ջեռ կրակի մոտ հաճելի էր շատ.
Սիրտս աչքաթող արի ես այնտեղ,
Ու այն գողացան ինձնից աննկատ:

Ձգվում է շռայլ տոնն ամանորյա,
Թաց են նոր տարվա շքեղ վարդերը:
Իսկ կրծքիս ներքո հիմա էլ չկան
Ճպուռի ծանոթ այն թրթիռները:

Ախ, հեչ դժվար չէ գուշակել գողին,
Իսկույն մատնում են աչքերը նրա:
Լոկ դողում եմ, որ ուր որ է շուտո՛վ,
Իր ավարը հենց ինքը ետ կտա:                     

***
Արքայա՛զն իմ, չէ, ես նա՛ չեմ,
Ում տենչում ես, իմ մեջ փնտրում,
Շուրթերը իմ վաղուց արդեն
Գուշակում, էլ չե՛ն համբուրում:

Մի՛ կարծիր, թե տենդի մուժում
Կամ տրտմության մեջ մի լռին,
Դժբախտություն եմ ես գուժում.
Դա ընդամենը արհեստն է իմ:

Ես կարող եմ սովորեցնել`
Ոնց երազն կոչել կյանքի,
Ինչպես ընդմիշտ ընտելացնել`
Ինչ սիրվել է թեթեւակի:

Փա՞ռք ես ուզում` ինձնից վստահ
Խորհուրդ հարցրու, չե՛ս փոշմանի:
Բայց, հավատա, ծուղակ է դա,
Ուր խինդ ու լույս քեզ չե՛ն գտնի:

Դե, իսկ հիմա դու տուն գնա,
Այն, ինչ եղավ՝ տո՛ւր մոռացման,
Մեղքիդ համար, հանգի՛ստ, Տիրոջն
Ինքս կտամ մի պատասխան:

***                 
Թաղի՛ր, դո՛ւ թաղիր ինձ, քամի՛,
Հարազատները իմ չեկան,
Իմ վրա մեղմ շունչն է հողի
Ու երեկոն թափառական:

Քեզ պես ես էլ ազատ էի,
Բայց երեւի թե չափն անցա,
Ահա անշունչ ու պաղ իմ դին.
Նայիր` կողքիս ոչ ոք չկա:

Ծածկիր դու սեւ իմ վերքն այս մութ՝
Շղարշով  լուռ, մեղմ իրիկվա,
Հրաման տուր` մուժն այս կապույտ
Նոր սաղմոսներ վրաս կարդա:

Որպեսզի ես թեթեւ ու հեշտ
Հանձնվեմ իմ քնին վերջին,-
Սեզերի հետ դու աղմկի՛ր
Գարնան, խե՛նթ իմ գարնան մասին:


***
Քսանմեկն է: Գիշեր: Օրը` երկուշաբթի:
Քաղաքի գծերը ջնջվել են մուժում:
Ո՞ր անբանն էր` մի օր իրենից հորինեց,
Թե աշխարհում նաեւ սեր է լինում:

Ու ձանձրույթից գուցե եւ կամ ծուլությունից
Ամենքն հավատացին ու ապրում են այդպես.
Հանդիպումներ տենչում, դողում բաժանումից
Եվ սիրային երգեր երգում կարոտակեզ:

Բացվում է գաղտնիքը, սակայն, ոմանց համար,
Ու պաղ լռություն է իջնում նրանց  վրա…
Մի օր դա հասկացա ես շատ պատահաբար
Եվ հիվանդ եմ կարծես մինչեւ հիմա:

***
Չգիտեմ` ողջ ես, թե արդեն չկաս,
Որոնե՞լ, կանչե՞լ քեզ այս աշխարհում,
Թե՞ լոկ որպես թանկ մեռյալի սգալ
Իրիկնային իմ տրտում հուշերում:

Քե՛զ` ցերեկվա իմ աղոթքները լուռ,
Իմ անքնության կրակը անկեզ,
Աչքերիս կապույտ հրդեհը մաքուր,
Երգերիս ճերմակ երամը անտես:

Ո՛չ ոք ինձ թանկ չէ քեզնից ավելի,
Ո՛չ ոք չի տվել ինձ այսպիսի ցավ:
Ո՛չ նա, ով մատնեց մութ տառապանքի,
Ո՛չ նա, ով սիրեց ու շուտ մոռացավ: 

***
Դու կարծում էիր, թե ե՛ս էլ նա եմ,
Ում կարող են հեշտ մոռացության տալ.
Որ լաց-աղերսով ես կթափառեմ
Աշխետ նժույգիդ սմբակների տակ:

Կամ հեքիմներից կսկսեմ խնդրել
Արմտիքներ ու ջուր հմայական,
Որ քեզ ուղարկեմ ահարկու նվեր`
Անուշ թաշկինակն իմ նվիրական:

Անիծվա՛ծ լինես: Չէ, ո՛չ հառաչով,
Ո՛չ հայացքով չեմ դիպչի պիղծ հոգուդ:

Երդվում եմ, սակայն, եդեմյան այգով,
Երդվում եմ Տիրոջ պատկերով զորեղ,
Վառ գիշերների վկա մեր որդով-
Չե՛մ վերադառնա քեզ մոտ էլ երբեք: 

***
Մարեցինք մեր մեջ կրակը ճղճիմ,
Մենք կարողացանք մի կերպ բաժանվել,
Քեզ հարկավոր է, իմ հի՜ն ոխերիմ,
Մեկին իսկապե՛ս սիրել սովորել:

Ինձ համար հեշտ է, ամեն բան` վայելք.
Միշտ մուսայի հետ գիշերս կանցնի,
Իսկ առավոտյան պատուհանիս տակ
Փառքն իր զանգակը կծլնգացնի:

Անգամ աղոթել չարժե ինձ համար,
Ոչ էլ գնալիս` մի պահ ետ նայել…
Քամին ինձ անդորր կբերի խաղաղ,
Տերեւաթափը` ոսկե տեսիլներ:

Բաժանումն իբրեւ ընծա կընդունեմ,
Մոռացումն`ինչպես վայելք մի վերին,
Բայց, խոստովանիր, կհամարձակվե՞ս
Դու ինձ պես տանջել եւ ուրիշ մեկին:

Վերջին կենացը 

Ես խմում եմ քանդված իմ տան,
Ձախողակ իմ բախտի համար,
Համատեղ մեր այս մենության
Եվ իհարկե հենց քե՛զ համար:

Ինձ դաված պաղ, չոր շուրթերի
Ու աչքերի համար մեռյալ.
Նրա համար, որ ցավերիս
Տերն այդպես էլ ճար չգտավ:

Թարգմանությունը՝ Լեւոն ԲԼԲՈՒԼՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ