Ինչո՞ւ պետք է նախաձեռնեինք մի բան, որին ինքներս դեմ ենք

Ինչո՞ւ պետք է նախաձեռնեինք մի բան, որին ինքներս դեմ ենք

Հարցազրույց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Վարդան Պետրոսյանի հետ

- Պարոն Պետրոսյան, միայն Հայ բանասիրության ֆակուլտետում 4 ամբիոն է միավորվել, այդ թվում՝ ձերը։ Ի՞նչ հիմնավորում է ներկայացվել, ինչքանո՞վ է նպատակահարմար ու արդարացված ամբիոնների միավորման գործընթացը։

- Բանավոր մակարդակում ներկայացվել է, որ ֆինանսատնտեսական առումով փոքր ամբիոններն իրենց չեն արդարացնում։ Մեզ ասվել է, որ համալսարանի ղեկավարությունը կատարել է այդպիսի ուսումնասիրություն, որոնք ցույց են տվել, որ փոքր հաստիքներ ունեցող ամբիոնների գոյությունը ֆինանսական եւ տնտեսական տեսանկյունից արդարացված չէ։ Ես, իհարկե, չեմ ուզում այս հիմնավորումը հարցականի տակ դնել, գուցեեւ իրականում այդպես է, բայց կարծում եմ՝ դա չպետք է լինի ամբիոնները, ըստ էության, փակելու միակ չափանիշը։ Հասկանալի է, որ որպես այդպիսին, ամբիոն չի փակվում, 2 փոքր հաստիքաչափ ունեցող ամբիոններ միավորվում են մեկում կամ, ինչպես պաշտոնապես ձեւակերպված է՝ միաձուլվում են մեկում, եւ վերակազմավորվում է նոր ամբիոն։ Առայժմ մեզ հայտնի տվյալներով՝ առարկաների կորուստ պետք է որ չունենանք, թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց կան յուրահատուկ ուղղվածություն ունեցող գիտաճյուղեր, որոնք ներկայացված են ամբիոններով, դրանցից մեկը հենց մեր ամբիոնն է։ Սա յուրահատուկ ուղղվածություն ունեցող գիտաճյուղ է, որի ինքնուրույն գոյությունը բովանդակային տեսանկյունից եւ հենց հայրենագիտության զարգացման հեռանկարի տեսանկյունից շատ անհրաժեշտ էր։ Գուցե առաջիկայում մենք մեր բոլոր դասընթացները պահպանենք, բայց դա՝ միայն առաջիկայում։ Ես չեմ կարող վստահ լինել, որ մենք այդ հիմնական դասընթացները գոնե կկարողանանք պահպանել 10 տարի հետո։ Բացի այդ, միայն դասընթացների խնդիրը չէ, ամբիոնները մասնագետներով են ամբիոն, ես ունեմ լուրջ մտավախություն եւ դա ներկայացրել եմ նաեւ մեր գիտխորհրդի 2 նիստերի ժամանակ, որ այս ամբիոնի ինքնուրույն գոյության դադարեցումը՝ որպես ինքնուրույն միավորի, ժամանակի ընթացքում կհանգեցնի նրան, որ մենք չենք ունենա նոր կադրեր։ Այսօրվա կադրերը տարիքային առումով կսպառվեն, կգա նոր կադրերի ժամանակը, բայց առկա փոքր ժամաքանակները հնարավորություն չեն տա կադրեր պատրաստել վաղվա համար, եւ այդ ժամանակ իսկապես իրական կդառնա գիտաճյուղի կորուստը։

- Համալսարանը տնտեսական, ֆինանսական ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել, որ արդարացնում է 1925-ից գործող ամբիոնի միաձուլումը։   

- Մասնագիտական առումով՝ մեր ամբիոնի գործունեությունը, միանշանակ, արդյունավետ է, հետո՝ մեր ամբիոնը միշտ ունեցել է փոքր կազմ, նույնիսկ խորհրդային տարիներին, ինքը փոքր հաստիքաչափով եւ քիչ դասախոսական կազմով ամբիոն է եղել, բայց շատ արդյունավետ։ Այս ամբիոնի հիմքում կանգնած են եղել Գրիգոր Ղափանցյանը, Էդվարդ Աղայանը, Գեւորգ Ջահուկյանը, Էդմոն Ավետյանը եւ այլ անվանի լեզվաբաններ։ Այս անունների շարքը եւ նրանց ստեղծած աշխատություններն արդեն իսկ արդարացնում են այս ամբիոնի գոյությունը։ Ես չեմ կարող ֆինանսատնտեսական հաշվարկների մասին խոսել, որովհետեւ, որքանով հասկանում եմ, ամբիոնների միավորումով կրճատվում է ամբիոնի վարիչի 1 հաստիք, որը մոտ 20 հազար դրամի հարց է, եւ մեկ լաբորանտի հաստիք։ Ճիշտ է, հաստիքային առումով լաբորանտինը կրճատվում է, բայց անձերի առումով գուցե կրճատման չբերի, հաստիքը կիսվի երկուսի միջեւ, որն ավելի տրամաբանական է։ Վերջերս մեր ամբիոնին վերաբերող հարցով հանդիպել եմ ռեկտորի հետ, եւ նա ասաց, որ ողջ համալսարանում միայն 2-3 ֆակուլտետ են, որ դրական են աշխատում ֆինանսական տեսանկյունից, մյուս բոլոր ֆակուլտետները մինուսով են աշխատում, այդ թվում՝ մեր ֆակուլտետը։  
- Ինչո՞վ է դա պայմանավորված։

- Պետք է ընդունենք, որ հատկապես վերջին տարիներին, ինչպես ամբողջ համալսարանում, այնպես էլ մեր ֆակուլտետում ուսանողական հոսքը կրճատվելու միտում ունի։

- Չե՞ք կարծում, որ, անկախ ամեն ինչից, պետության համար հայագիտական առարկաները ռազմավարական նշանակություն պետք է ունենան, եւ այդ ուղղությամբ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի։

-  Հայագիտությունը խոսքով հռչակված է ռազմավարական ուղղություն, բայց այդ ուղղությամբ գործնականում ոչինչ չեմ տեսնում։ Հայրենագիտության համար ռազմավարական նշանակության այս ամբիոնն անցած տասնամյակների ընթացքում եղել է հայրենագիտության շոգեքարշը, որն իր հետեւից տարել է հայրենագիտությունը՝ հասցնելով միջազգային զարգացման աստիճանների։ Եթե մենք հանենք հայ լեզվաբանությունից իմ նշած անունները, ապա հայ լեզվաբանությունը կլինի զուտ տեղական՝ ինքն իրենով պարփակված մի գիտություն։

- Չնայած համալսարանն ասում է, որ տնտեսապես որոշ ամբիոններ չեն արդարացնում իրենց, դրա համար են միավորվում, բայց փաստացի գրեթե բոլոր հաստիքները պահպանվում են։ Գուցե դրա տակ ա՞յլ նպատակ ու ծրագիր կա։

- Այս առումով դժվարանում եմ որոշակի բան ասել։ Հիշում եք՝ 2018 թ․ վերջին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծ դրվեց շրջանառության մեջ, որի առաջին եւ հետեւողական ընդդիմացողներից մեկը եղել է Հայ բանասիրության ֆակուլտետը, այդ թվում՝ ես։ Ու չնայած ԱԺ-ն ընդունեց, բայց ՍԴ-ով դեռ կասեցված է օրենքի գործունեությունը՝ մի շարք դրույթների հետ կապված․ երբ, օրինակ, հայերենի ուսուցումը բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող օրենքով պարտադիր է, բայց այդ նախագծով դառնում է կամընտրական։ Իմանալով նաեւ մյուս ֆակուլտետների տրամադրությունները՝ վստահորեն կարող եմ ասել, որ ֆակուլտետների 70 տոկոսը, եթե ոչ ավելին, հայերենը չի ընտրի կամընտրականների ցուցակում, այսինքն՝ այլեւս չի դառնա ուսումնասիրվող առարկա։ Ես չգիտեմ՝ հայերենի բացը որ մակարդակում եւ ինչպես է լրացվելու։ Սրանք, անշուշտ, մտահոգիչ են, բայց չեմ ուզում միանգամից համալսարանի ղեկավարության հետ կապված այդպիսի հոռետեսական տրամադրություններ զարգացնել, որ կան ծրագրեր, որոնք քողարկված են։ Ես չեմ ուզում հավատալ դրան։ Ամբիոնների միավորման մասին զրույցն ունի 5-6 տարվա պատմություն, դեռեւս Արամ Սիմոնյանի ժամանակներում այդ զրույցները սկսվեցին։

- Իսկ ինչո՞ւ հանկարծ հիմա ընթացք տրվեց այդ միավորման գործընթացին։

- Դժվար է պատասխանել այդ հարցին, գուցե քաղաքական պրոցեսները, որ հաջորդեցին դրան, հետաձգեցին։ Եթե դեռ այն ժամանակ այդ խոսակցությունները կային եւ գալիս էին համալսարանական ղեկավարությունից, հավանաբար, նույնիսկ իշխանափոխություն չլինելու դեպքում ինչ-որ ձեւով դա գործնական տեսք կստանար։ Ես չեմ ուզում դա անպայման կապել համալսարանի այսօրվա ղեկավարության հետ։ Մյուս հանգամանքն այն է, որ եթե ամբիոնների միավորման նախաձեռնությունն ամբիոններից լիներ, ավելի շուտ կլիներ։ Ինչո՞ւ պետք է նախաձեռնեինք մի բան, որին ինքներս դեմ ենք, բնականաբար՝ նախաձեռնությունը տեղերից չի գնացել, այլ եղել է վերեւից։ Իսկ վերեւներն էլ ունեն իրենց հիմնավորումը, բայց մի բանում ես համոզված եմ․ եթե բանասիրականի գիտխորհուրդը կամք դրսեւորեր՝ Ընդհանուր լեզվաբանության ամբիոնը պահելու, իսկ այս գիտաճյուղն իսկապես կարեւոր էր, ես չեմ բացառում, որ համալսարանի ղեկավարությունը կարող էր բացառություն անել։

- Ինչո՞ւ ֆակուլտետի գիտխորհուրդն այդ «կամքը» չի դրսեւորել։

- Դա բարդ հարց է եւ միանշանակ չէ։ Ես ավելի շատ սուբյեկտիվ հանգամանքներ եմ տեսնում այստեղ։ Կար մի ընդհանուր այսպիսի ձեւակերպում, որ եթե հիմա մենք դիմադրենք, կարող է ընդհանրապես դնեն 2 ամբիոն ստեղծելու հարց, այսինքն՝ ոչ թե 4 ամբիոն միավորեն, այլ 6 ամբիոնները միավորեն, եւ լինի մեկ գրականագիտական եւ մեկ լեզվաբանական ամբիոն։ Այսպիսի մի հիմնավորում կար, որին ես շատ չեմ հավատում։ Ինձ թվում է՝ դա ուղղակի ոմանց կողմից շրջանառության մեջ դրված թեզ էր՝ տրամադրությունների վրա ազդելու նպատակով, դա միանգամից հնարավոր չէր։ Այստեղ անպայմանորեն եղել են նաեւ սուբյեկտիվ հաշվարկներ։ Գաղտնիք չէ, որ մենք հաճախ մեր ես-ին առնչվող հարցերն ավելի ենք կարեւորում, քան գիտության եւ ընդհանրապես՝ պետականության խնդիրները ու ամեն ինչ պտտեցնում ենք մեր չնչին ես-ի շուրջը, եւ այդ պատճառով շատ կարեւոր ռազմավարական հարցեր դառնում են երկրորդական։

- Հիմա փաստացի ձեր ամբիոնում քանի՞ հոգի է աշխատում, եւ միավորման արդյունքում ի՞նչ եք կորցնելու։

- Մեր ամբիոնում կա երեքուկես հաստիք, 4 աշխատակից, 4 դասախոս եւ մեկ լաբորանտ, որն ունի նաեւ 0.25 հաստիք եւ դասախոսական աշխատանք է կատարում։ Միավորման արդյունքում մենք փաստականորեն կորցնելու ենք վարիչի հաստիքի համար տրվող մոտ 20 հազար դրամը եւ լաբորանտի կես հաստիքը, որն էլ մի 40 հազարի խնդիր է։ Սա է ամբողջ հարցը։ Իրականում այս միավորումը կլինի 2 ամբիոնների դասախոսական կազմի եւ հաստիքների մեխանիկական միավորում, թե մի քանի տարի հետո՝ իրավիճակով պայմանավորված, ինչեր կարող են տեղի ունենալ, այսօրվանից չեմ կարող ասել, բայց առաջիկա 2-3 տարվա համար սա լինելու է զուտ մեխանիկական միավորում։