Արտախորհրդարանական խմորումներ. կձևավորվի՞ նոր բևեռ

Արտախորհրդարանական խմորումներ. կձևավորվի՞ նոր բևեռ

Մեկ տարի, կարելի է ասել, առանց ընդդիմության մնացած Հայաստանում սկսվել է նոր ընդդիմադիր կոնսոլիդացիաների, բեւեռների ձեւավորման գործընթաց։ Թավշյա իրադարձություններին աջակցած ուժերից ոմանք զբաղեցրել են խորհրդարանական ընդդիմության տեղը, բայց մեծ հաշվով՝ ընդդիմության դաշտը թափուր է։ Մեկ տարի առաջ թվում էր, թե հասարակությունը հրաժեշտ տվեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քսանամյա իշխանավարման շրջափուլին, նախկին իշխանությունների վերադարձի սպառնալիքները հոգեվարքի մեջ գտնվող մարդու վերջին թպրտոցն էին հիշեցնում, սակայն, որքան էլ զարմանալի է, այսօր ամենաակտիվ խմորումներն ընթանում են հենց այդ դաշտում։ Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, դեռեւս բանտից Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հզոր ընդդիմադիր ուժերը միավորվում են՝ մարտահրավեր նետելու ՀՀ նոր իշխանություններին: Քոչարյանը հույս է հայտնել, որ ինքն այդ ուժերի թվում կլինի։ Իսկ թե որոնք են լինելու այդ ուժերը, եւ կոնկրետ ինչպիսին կլինի Քոչարյանի մասնակցությունը՝ չի հստակեցրել։ 

Բանտից դուրս գալուց հետո՝ մինչեւ ՍԴ-ն որոշում կկայացնի, Քոչարյանը քաղաքականությամբ զբաղվելու մեծ հնարավորություն ունի։ Ասում են՝ նա ակտիվ հանդիպումների մեջ է քաղաքական ուժերի հետ եւ որոշել է զբաղվել այդ բեւեռի ձեւավորմամբ՝ հենց իր շուրջը։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նույնպես քաղաքական ակումբ է ստեղծել, որտեղ հավաքվում են գործող իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներ եւ քննարկում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն ու դրանից դուրս գալու ուղիները: Ակումբի հիմնական հաճախորդներից են Դավիթ Շահնազարյանը եւ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ այլք։ ՀՀԿ-ի թեւում եւս պասիվ չեն՝ շարունակ քննադատում են իշխանություններին, Սերժ Սարգսյանը մշտապես լինում է ՀՀԿ գրասենյակում եւ իր հսկողության տակ պահում իրավիճակը։ Քողարկված քաղաքական հավակնություններ ունի նաեւ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, նրա անվան հետ է կապվում Արթուր Ղազինյանի նորաթուխ կուսակցությունը։ Նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանն է վերջին օրերին Արմեն Սարգսյանի հրապարակային պաշտպանությամբ զբաղված։ 

Տեսնո՞ւմ են արդյոք արտախորհրդարանական բեւեռի ձեւավորման հնարավորություն՝ հետաքրքրվեցինք քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներից։ Հանրապետական  կուսակցությունը, Վահրամ Բաղդասարյանի տեղեկացմամբ, առայժմ ուշի-ուշով հետեւում է իրադարձությունների զարգացմանը, դեռեւս ներգրավված չէ որեւէ բեւեռի ձեւավորման գործընթացում, բանակցություններ չի վարում նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն պատրաստ է համագործակցության․ «Մենք ամենօրյա ուշադրությամբ հետեւում ենք զարգացումներին եւ մեր ձեռքը պահում պուլսի վրա։ Մենք պատրաստվում ենք հաջորդ համապետական ընտրություններին եւ դեռեւս իշխանության ժամանակ էլ համագործակցել ենք ցանկացած քաղաքական ուժի հետ, հիմա էլ ենք պատրաստ համագործակցելու բոլոր ուժերի հետ․ երբ կգտնենք, որ կա նման անհրաժեշտություն, հայտարարություն կանենք։ Մենք ոչ մեկի հետ, այդ թվում՝ Քոչարյանի, հանդիպումներ չենք ունենում, առայժմ անհանգստացած ենք երկրում տեղի ունեցող տհաճ երեւույթների համար, որոնք ազդում են երկրի իմիջի վրա»։

Քաղաքական բարդ ճանապարհ անցած, իր առանցքային գործիչների հիմնական մասին տարիների ընթացքում կորցրած «Ժառանգության» վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ցավով է արձանագրում, որ այժմ ձեւավորվում է նախկինների բեւեռ․ «Իշխանությունների այլընտրանք է ձեւավորվում հենց իշխանությունների քաղաքական դալտոնիզմի արդյունքում, դա նախկինների բեւեռն է, այն ուժերի, որոնք լեգիտիմացրել են Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Այստեղ «Ժառանգությունը» չկա։ Դրա վկայությունն է կուսակցության վերջին համագումարի բանաձեւը, որով անցյալին վերադարձը վտանգավոր է համարվում երկրի հետագա զարգացման համար»։ Այն ուժերը, որոնք տասնյակ տարիներ պայքարել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի «ապօրինի վարչակարգի» դեմ, այս  պահին, Գրիգորյանի համոզմամբ, համախմբվելու իմպերատիվի առջեւ են կանգնած․ «Որովհետեւ գործող իշխանությունները փայլունս օգտվում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի  քաղաքական ուրվականներից եւ անընդհատ նրանց ներկայացնելով իրենց այլընտրանք՝ մանեւրում են այդ դաշտում․ դա ոչ մի տեղ չտանող եւ երկրի համար վտանգավոր ճանապարհ է»։  

Առայժմ «Ժառանգությունը»  բանակցությունների մեջ է որոշ ուժերի հետ, որոնց անունները Գրիգորյանը նպատակահարմար չի գտնում հրապարակել․ «Եթե անկեղծ լինենք, առաջիկա կոնսոլիդացիա ձեւավորելու համար գաղափարական եւ քաղաքական կողմնորոշումների, մոտեցումների համընկնումը խիստ կարեւոր է լինելու։ Ես ուզում եմ ասել նաեւ, որ այն քաղաքական ուժերը, որոնք դոմինանտ չեն եղել նախկին իշխանության հետ, եթե կընդունեն իրենց մեղքի բաժինը, կմասնակցեն նոր քաղաքական օրակարգի ձեւավորմանը, որում կբացառվի նախկինների վերադարձը, այդ դեպքում հնարավոր է հասկանալ, քննարկել եւ համագործակցել նրանց հետ»։ Գրիգորյանը պարզաբանեց, որ «նախկիններ» ասելով՝ նկատի ունի Հայաստանի երեք նախագահներին։ Նա հերքեց մամուլում տարածված տեղեկությունը, թե նախկին ժառանգական, հոգով դաշնակցական Ռուբիկ Հակոբյանը, ով քոչարյանական թիմի հետ ակտիվ շփումների մեջ է, փորձել է «Ժառանգությանը» տանել երկրորդ նախագահի բեւեռ։ «Ես Ռուբիկ Հակոբյանի հետ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ էլ նման թեմա հեռախոսով ենք քննարկել»։ 

Քաղաքագետ Սարո Սարոյանը ընդդիմադիր արտախորհրդարանական բեւեռի հնարավորություն չի տեսնում։ «Իսկ ընդհանրապես, նախկինների հետ կապված՝ աբսուրդի ժանրից է, իրենք պիտի հանրային աջակցություն ունենան, չունեն եւ չեն էլ ունենա»,- վստահ է քաղաքագետը․ «Նրանց աջակցությունն ուրիշ տեղից է գալիս, եւ իրենց միայն թվում է, որ դա ինչ-որ նշանակություն կարող է ունենալ։ Եթե մտածում են, որ  ֆինանսական կարողությունները կամ արտաքին ազդեցությունը կարող են ինչ-որ բան փոխել, աբսուրդի ժանրից է, առանց հանրային աջակցության հնարավոր չէ երկրում բան փոխել, մենակ կարող են երկրին վատություն անել, դրանով ընդամենը խաղալու են իրենց կյանքի ու առողջության հետ»։ Նախկինների հետ կապ չունեցողները, Սարոյանի կարծիքով, կարող են, բայց հենց այս պահին նման հնարավորություն չկա․ «Թե՛ մասնագիտական կարողությունները՝ հիմք չեմ տեսնում, թե՛ համախմբման լայն դաշտը եւ իրենց հակվածությունը՝ կարողանալ համախմբվել, նկատելի չէ»։

Քոչարյանի նախագահության ժամանակ վերջինիս խորհրդական աշխատած, այժմ Արցախի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը հարցին հարցով է պատասխանում․ «Ինչու ընդդիմություն կա՞ երկրում, որ ընդդիմադիր բեւեռ ձեւավորվի։ Այստեղ մարդիկ են՝ Սահմանադրությունը շրջանցած, որոնք երկիրը տանում են կործանման՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ»։ Նա տեղյակ չէ՝ երկրորդ նախագահն արդյոք բանակցո՞ւմ է որեւէ ուժի հետ, բայց կոչ է անում բոլոր «հայրենասեր ուժերին ու մարդկանց»՝ միավորվել նրա շուրջ։ «Բոլոր այն ուժերը, մարդիկ, որոնք գնահատում են Արցախը, հայրենիքը, հայ մարդը՝ որպես արժեք, տեսնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության քայլերը, անհնար է, որ չմիավորվեն ու դուրս չգան այդ ամեն ինչի դեմ պայքարի»,- ասում է նա։ Անդրադառնալով այն տեսակետներին, որ պետք է մերժել, հեռու մնալ նախկիններից, Իսագուլյանն ասաց․ «Ըտենց ասողներին խորհուրդ եմ տալիս մերժեն իրանց հայրերին, մայրերին, պապերին ու տատերին, իրանց հայրենիքը․ ի՞նչ է նշանակում մերժել նախկիններին։ Ինչի՞ եք ազգը արհեստականորեն պառակտում»։

Առաջիկայում կներկայացնենք նաեւ ընդդիմադիր այլ ուժերի կարծիքներն այս հարցի շուրջ։