Իրավական գնահատականը տրված է. ի՞նչ որոշում կընդունի Արցախի Գերագույն դատարանը

Իրավական գնահատականը տրված է. ի՞նչ որոշում կընդունի Արցախի Գերագույն դատարանը

Սահմանադրական փոփոխությունների հարցով Արցախում նախաձեռնված ստորագրահավաքի ժամկետն սպառվում է: Հայտնի չէ՝ ընտրելու իրավունք ունեցող քանի՞ քաղաքացի է միացել ստորագրահավաքին:

Ըստ որոշ աղբյուրների՝ ստորագրողների թիվը չի անցնում 15 հազարից, ինչը վկայում է, որ քաղաքական իմաստով գործընթացը հիմնովին ձախողված է: Այդուհանդերձ, սահմանադրությամբ սահմանված նվազագույն՝ ընտրողների տասը տոկոսի շեմը հաղթահարված է: Դա նշանակում է,  որ նախաձեռնողները կանեն հաջորդ քայլը՝ ստորագրությունները կներկայացնեն ԿԸՀ՝ դրանց վավերականությունն ստուգելու համար: Դրանից հետո հարցը պետք է ներկայացվի Ազգային ժողով, որն էլ իր հերթին եզրակացության համար պետք է դիմի Գերագույն դատարանին՝ պարզելու փոփոխությունների առաջարկվող փաթեթի սահմանադրականությունը:

Ավելի վաղ Արցախի արդարադատության նախարարը հանրային հեռուստատեսության եթերում մտահոգություն էր հայտնել, որ առաջարկվող փոփոխությունները հակասում են սահմանադրության առաջին հոդվածում, շոշափում են ԱՀ անկախությունը եւ ինքնիշխանությունը: Հուլիսի 14-ին ՀՀ եւ ԱՀ ԱԺ  պետաիրավական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստից հետո հարցին անդրադարձել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նրա ձեւակերպմամբ՝ «Նախատեսել և բավարարվել միայն պասիվ ընտրական իրավունքով, ինչպես առաջարկվում է նախաձեռնող խմբի կողմից, նշանակում է ընդհանրապես իրավագիտության դեմ ինչ-որ արշավ սկսել և պասիվ ընտրական իրավունք վերապահելու դեպքում՝ այդ թեկնածուն հնարավորություն չի ունենալու իր օգտին քվեարկելու: Իրավական տեսանկյունից այսպիսի մոտեցումն անթույլատրելի է»:

Կարելի է ասել, որ հարցի զուտ իրավական գնահատականն արդեն իսկ տրված է: Ինչ խոսք, դրա համար չարժեր սպասել, որ տեղի ունենա երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների նիստ, եւ Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը տեսակետ հնչեցներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Արցախի խորհրդարանն, ըստ երեւույթին, խնդրի ծանրության տակ մտնելու եւ հստակ իրավական գնահատական տալու համարձակություն չի ունեցել, սպասել է Երեւանի արձագանքին: Բայց տվյալ դեպքում առավել հետաքրքրական է, թե ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Արցախի Գերագույն դատարանը: Նախաձեռնող խումբն արդեն իսկ սպառնալիքներ է հնչեցնում, որ հարցի քննարկման ընթացքում դիմելու է փողոցային պայքարի օգնությանը: Այլ կերպ ասած՝ ճնշում է գործադրելու պատկան մարմինների վրա, որպեսզի կայացվեն իր համար ցանկալի որոշումներ: Արցախի Գերագույն դատարանը պատրա՞ստ է տուրք չտալ այդ ճնշումներին, գործել բացառապես սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Եթե ամեն ինչ ընթանա սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված ընթացակարգով, ապա Գերագույն դատարանը պետք է կայացնի փոփոխությունները սահմանադրությանը չհամապատասխանելու մասին որոշում, եւ հարցը դուրս կգա շրջանառությունից: