Հայաստանը տուգա՞նք կվճարի «Եվրատեսիլին» չմասնակցելու համար

 Հայաստանը տուգա՞նք կվճարի «Եվրատեսիլին» չմասնակցելու համար

Մայիսի 18-ին, 20-ին և 22-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայանալու է «Եվրատեսիլ» երգի մրցույթը։ Օրերս պարզ դարձավ, որ Հայաստանն այս տարի չի մասնակցելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել Հանրային հեռուստաընկերությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է համապարփակ քննարկումներից և բանակցություններից» հետո։

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Առաջին ալիքի PR պատասխանատուներից փորձեցինք հետաքրքրվել՝ որոնք են այն օբյեկտիվ հանգամանքները, որոնց մասին նշված է հաղորդագրության մեջ։ 2012 թվականին մենք մասնակցությունից հրաժարվեցինք մարտի 7-ին, ինչի պատճառով տուգանք վճարեցինք։ Այս տարի տուգանք վճարելու՞ ենք։ Եթե այո, ինչքա՞ն։ Ինչու՞ չմասնակցելու մասին հայտարվեց հիմա, այլ ոչ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ հետպատերազմական շրջանում։ Այս ընթացքում  մասնակցելու մտադրություն կա՞ր, թե ոչ։

Հիշեցնենք՝ 2012 թվականին «Եվրատեսիլը» կայանում էր Ադրբեջանում։ Մերոնք սկզբում հաստատել էին, որ ցանկանում են մասնակցել մրցույթին, հետո փոխել էին որոշումը, հրաժարվել։ Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել էր Հայաստանին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար։

Առաջին ալիքից մեր դիտարկումներին արձագանքել են. «Նախ և առաջ, պատերազմական իրավիճակը և արդյունքում ստեղծված մարտահրավերներն են ընկած որոշման հիմքում: Հանրային հեռուստաընկերությունը չի ավարտել բանակցությունները Եվրոպական հեռարձակողների միության հետ տուգանքի հետ կապված։

Հանրային հեռուստաընկերությունն առաջնորդվում է Եվրոպական հեռարձակողների միության կողմից սահմանված ժամանակացույցով: Ըստ այդմ՝ մասնակցության համար անհրաժեշտ նյութերի հանձման վերջնաժամկետը մարտի 9-ն էր։
Քննարկումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են, որ մրցույթին ներկայանալի մասնակցությունն անհնար է»։

Զարմանալիորեն ստացվում է,  որ Առաջին ալիքը «Եվրատեսիլին» պատրաստվելու ժամանակ ու հնարավորություն չուներ , բայց միևնույն ժամանակ վերջերս անցկացնում էր «Մեդիա ակադեմիայի» միջոցառումներ։

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերությունը վերջերս  հայտարարել էր լրագրողների, հեռուստալրագրողների և հաղորդավարների ընդունելություն Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում: