Նոր զելանդացի ահաբեկիչը այցելել է Թուրքիա․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Նոր զելանդացի ահաբեկիչը այցելել է Թուրքիա․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նոր Զելանդիայի ահաբեկչության հիմնական կասկածյալ Բրենտոն Տարանտը երկու անգամ այցելել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Էրդողանը Թեքիրդաղում ունեցած իր ելույթի ընթացքում ասել է, որ առաջին անգամ Տարանտը Թուրքիայում մնացել է երեք օր, երկրորդ անգամ՝ 40 օր։ «Ներկայումս քննություն է անցկացվում, պարզելու համար, թե ինչ կապեր նա ունի Թուրքիայում։ Սակայն մենք ուզում ենք, որ Նոր Զելանդիան եւս նրան պատասխանատվության ենթարկի եւ նա մնա կալանքի տակ»,- մանրամասնել է Էրդողանը, հավելելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես «աշխարհի մյուս ծայրում բնակվող մարդը կարող է նման ատելություն ունենալ մուսուլմանների եւ թուրքերի հանդեպ»։ Իր խոսքում Էրդողանը շեշտել է, որ տեղի ունեցածը զանգվածային սպանություն է։