Շրջայց Հին Երևանով

Շրջայց Հին Երևանով

2018 թվականին Երևանը նշեց իր հիմնադրման հոբելյանական՝ 2800 տարեդարձ: Առաջին հայացքից սա այնքան գրավիչ փաստ է զբոսաշրջային հարթակներում Երևանը ճիշտ բրենդավորման համար: Սակայն միայն տարեթվերը չեն, որ գրավում են զբոսաշրջիկներին:
Իհարկե, Էրեբունի ամրոցը, Երևանում տեղակայված կարևոր նշանակության թանգարաններն իսկական զարդ են հարավում մշակութային տուրիզմի սիրահարների համար: Սակայն, իմ կարծիքով զբոսաշրջիկների մեծ մասն այցելում է տարբեր երկրներ` հիմնականում տվյալ երկրի ճարտարապետությունը բացահայտելու համար:

Մի պահ եկեք պատկերացնենք, թե ինչ հակասական պատկերացումներ կկազմեն նրանք՝ մերօրյա Երևանը տեսնելով.

Գրեթե բոլոր երկրներում ժամանակակից շինությունները կառուցում են քաղաքի կենտրոնից դուրս՝ փորձելով չփչացնել քաղաքի պատմական տեսքը: Չէ՞ որ զբոսաշրջիկներին Հին քաղաքի գաղափարն է, որ գրավում է՝ իր նեղլիկ փողոցներով, տներով, սրճարաններով: Օրինակ, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում պահպանվել է քաղաքի ամենահին Ռեստորանը` Griechenbeisl-ը, որը գործում է 1447 թվականից: Ռեստորանի պատերին կարելի է տեսնել բոլոր այն հայտնի մարդկանց ստորագրությունները, ովքեր այցելել են այնտեղ՝ Մոցարտ, Բեթհովեն, Մարկ Տվեն: Եվ իրականում ոչ մեկը չի էլ փորձում ապացուցել, թե դրանք իրական են թե ոչ, քանի որ  զբոսաշրջիկներին դա այդքան էլ չի հետաքրքրում: Կարևորն այն է, որ մարդիկ կտրվում են առօրյա հոգսերից, իրենց զգում են միջնադարյան մի վայրում և ավելի հաճելի է հավատալ այդ ստորագրությունների իրական լինելուն, քան ոչ:

Իսկ Երևանը չունի մշակութային հին քաղաք: Երևանի կենտրոնում կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջանի շինություններ՝ 19-րդ դարից մինչ 21-րդ դարի:

Երևանի ամենահին փողոցը՝ Աբովյանը, մինչ Աստաֆյան կոչվելը, ունեցել է այլ անվանում՝ Կրեպոստնայա,  քանի որ ձգվել է դեպի Երևանի բերդ: Մինչդեռ քչերը գիտեն, որ  Երևանի քաղաքապաետարանի ներկայիս տարածքում՝ մինչեւ Հրազդանի կիրճ, ժամանակին եղել է Երևանի Բերդը և միայն 1920 -ական թվականներին է այն քանդվել: Այս ամենը հիանալի տարբերակ է  Երևանը որպես հնադարյան քաղաք բրենդավորելու համար: Եվ, եթե տեղական տուրօպերտատորները զբոսաշրջիկներին ներկայացնեն Աբովյանը որպես Կրեպոստնայա փողոց և բացահայտեն Աբովյանի հին շենքերը, դա գործի սկիզբը կլինի:    

1837 թվականին առաջին անգամ կազմվել է Երևանի հատակագիծը և առաջինը որ ստացել է փողոցի կարգավիճակ՝ Աբովյանն էր: Դրա համար մարդիկ սկսեցին անվանել այն «Պլան»: Այստեղից էլ առաջացել է Աբովյան պուրակի «պլանի գլուխ» անունը, այսինքն՝ պլանի վերևում, կամ պլանի գլխին: 

1856 թվականի պլանով սկսվեց Երևանի համատարած կառուցապատումը և քաղաքի առանցքը դարձավ հենց Աբովյան փողոցը: Ազնվականներ, նշանավոր մարդիկ իրենց տները սկսեցին կառուցել այստեղ և այն դարձավ քաղաքի ամենաբանուկ հատվածը: Այդ ժամանակաշրջանը ճարտարապետության առումով անցումային կարելի է համարել Երևանի համար, քանի որ արևելյան ոճից անցում կատարվեց դեպի ռուսականի և արևմտյանի, ներկայիս պահպանված շենքերը հանդիսանում են ռուսական, արևմտյան, դասական և ավանդական հայկական ճարտարապետության համադրություն:

Աբովյան 3 հասցում գտնվող այս գեղեցիկ շենքը պատկանել է Երևանի նահանգում վիրաբուժության հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին (կառուցվել է 1914-1917թթ.) և ծառայել է որպես բուժարան: 

Նրանից ներքև է գտնվող շենքը պատկանել է Եգոր Խանզադյանցին և ծառայել է որպես կտորեղենի և գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութ:
Աբովյան 2 հասցեում գտնվող Առնո Բաբաջանյանի անվան Հայաստանի Պետական Ֆիլարմոնիայի շենքը կառուցվել է որպես Արական Գիմնազիայի շենք: Գիմնազիա տերմինը առաջացել է հունարենից, դրանք ծառայել են որպես միջկրթական ուսումնական հաստատություններ: Դրանք Հին Երևանում երեքն են եղել:

Արամի փողոցը ժամանակին կոչվել է Ցարսկայա և եղել է Հին Երևանի  ամենակարևոր և բանուկ հատվածներից մեկը: Արամի անվանումը ստացել է ի պատիվ առաջին հանրապետության ամենահայտնի գործիչներից  մեկի՝ Արամ Մանուկյանի, որի տունը անմխիթար վիճակում գտնվում է հենց այս փողոցի վրա: 

Ներկայիս Սայաթ Նովա փողոցը ժամանակին կոչվել է եկեղեցական, քանի որ այստեղ են գտնվել Երևանի  գլխավոր եկեղեցիներից մի քանիսը:
Կաթողիկե Աստվածածին եկեղեցին, որ հիմա տեղակայված է Աբովյան - Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում համարվում է Երևանի պահպանված ամենահին եկեղեցին: Կառուցել է 11-13 դարերում: Սակայն մինչ խորհրդային կարգերի հաստատումը այսքան փոքր չէր՝ Երևանի ամենաընդարձակ սրահ ունեցող եկեղեցիներից մեկն էր:

Հին Երևանի ամենախորհրդավոր պատմություններից մեկը կապված է Գեթսեմանի Մատուռ անունը կրող եկեղեցու հետ, որը տեղակայված է եղել ներկայիս Օպերայի և Բալետի ազգային թատրոնի տարածքում: Ասում են, Ալեքսանդր Թամանյանը համարակալել է եկեղեցու քարերը՝ այն ուրիշ տեղում վերակառուցելու նպատակով, սակայն մահվան պատճառով գործը կիսատ է մնացել: