Ի՞նչ են տոնում

Ի՞նչ են տոնում

Հունիսի 26-ը պաշտոնապես հայտարարված է Ադրբեջանի զինված ուժերի օր: Այդ մասին հրամանագիր ընդունել է Հեյդար Ալիեւը՝ 1998թվականին: Թե ինչու անկախություն հռչակած Ադրբեջանը գրեթե մեկ տասնամյակ մոռացության է մատնել «ազգային բանակի» օրը, պարզ է դառնում, երբ անգամ թռուցիկ հայացք ենք նետում հարցի նախապատմությանը: 1917թ. Անդրկովկասյան Սեյմի որոշմամբ պետք է ստեղծվեին հայկական, վրացական եւ մուսուլմանական կորպուսներ՝ փոխարինելու ռուս-թուրքական ճակատը լքող ռուսական զորքերին: Թուրքիայի հետ համերաշխ եւ Անդրկովկաս նրա մուտքին անհանբեր սպասող կովկասյան թաթարները, բնականաբար, Սեյմի որոշումը գործնականում չկատարեցին, իսկ արդեն 1918թ. մայիսի 26-ին, ի կատարում Օսմանյան կառավարության հրամանի, Իրանի հյուսիսից Գյանջա մտավ թուրքական էքսպեդիցիոն կորպուսը՝ Նուրի փաշայի հրամանատարությամբ:

Ադրբեջանի հռչակումը փաստացի պայմանավորված էր այդ զորախմբի ներկայությունն օրինականացնելու անհրաժեշտությամբ: Մեկ ամիս անց, 1918 թ. հունիսի 26-ին Ադրբեջանի «կառավարության նախագահ» Խոյսկին, որ Թուրքիայի հետ հարաբերություններում անկախական նկրտումներ ուներ, կայացնում է ազգային բանակ հիմնելու որոշում եւ ստանձնում ռազմական նախարարի պաշտոնը: Տառացիորեն մի քանի օր Նուրի փաշան չեղյալ է հայտարարում Խոյսկու որոշումը, ցրում նրա գլխավորած «կառավարությունը» եւ հռչակում Կովկասի իսլամական բանակի ստեղծումը՝ Թուրքիայից տեղ հասած Չանախկալեի դիվիզիայի եւ տեղական կամավորական խմբերի ներգրավմամբ: Փաստացի Բաքուն գրավել է Կովկասի իսլամական բանակը, որ մինչեւ վերջ հանդիսացել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ուժային հենարանը:

Առաջին համաշխարհային պատերազմում պարտվելով՝ Թուրքիան պարտադրված էր հեռացնել զորքերն Անդրկովկասից, բայց Կովկասի իսլամական բանակի սպաներն ու շարքային զինվորները հրաժարվեցին ենթարկվել հրամանին, երդում տվեցին ԱԴՀ-ին եւ շարունակեցին ծառայությունը՝ որպես արդեն Ադրբեջանի «ազգային բանակ»: Սա է պատմական իրողությունը, որն իր արտացոլումն է գտել Բաքվում թուրք «ազատարար զինվորի» հուշարձանի կանգնեցումով: Մի քանի տարի առաջ Բաքու այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ ենթատեքստային հայտարարություն արեց, թե հույս ունի, որ Ադրբեջանում «հարգում են Բաքվի ազատագրման ժամանակ հեղված արյունը»: Դա թափանցիկ ակնարկ էր, որ ադրբեջանական անկախությունը հռչակվել է թուրքական սվիններով: Հունիսի 26-ը խորհրդանշում է ինքնիշխան որոշումներ կայացնելու Ադրբեջանի անիրավազորությունը: Դա ազգային նվաստացման օր է: