Մեր պատմությունը գրում են թերուսները

Մեր պատմությունը գրում են թերուսները

Աստղագետ, ֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանն իր էսսեներից մեկում գրում է, որ Օգոստոս Օկտավիանոս կայսեր օրոք Հռոմեական պետության իշխանական բուրգում պետական պաշտոնյաներից կարեւորագույն դերակատարում ուներ մեկը, ով տնօրինում էր․․․ պետական ողջամտության հարցերը։ (Թերահավատների համար՝ Գրիգոր Գուրզադյան, Տեսանելի պատկերը տիեզերքի, «Կաքավաբերդի առեղծվածը», 1998)։ «Այդ «պոստը» զբաղեցնելու պատիվը օգոստոսափառը տվել էր իր ժամանակի նշանավոր քաղաքական, պետական գործիչ Մարկուս Ագրիպպասին, որը գիտակ էր ինչպես պետական կառավարման, այնպես էլ ռազմական գործերում։ Ագրիպպասը, իհարկե, պետականորեն այնքան «ողջամիտ» էր, որ հետո ամուսնացավ Օկտավիանոսի այրիացած դստեր հետ եւ դարձավ թագի ժառանգորդ․․․ Բայց մեզ այս պատմության շարունակությունը չէ, որ հետաքրքրում է։

Օկտավիանոսը թեեւ ուներ հսկայական լեգիտիմություն եւ մեր խորհրդարանից առավել խամաճիկ՝ ձեռքի մի շարժումով կառավարվող սենատ (ինչպես Ն․ Փաշինյանը), բայց չտրվեց պետական կարեւորագույն գործերը միանձնյա վճռելու գայթակղությանը․ նա կարիք ուներ եւ լսում էր պետական ո ղ ջ ա մ տ ու թ յ ա ն սթափեցնող ձայնը։ Օկտավիանոսն ուներ այն գիտակցումը, որ պետական կառավարումը գիտություն է եւ արվեստ, որի հիմքում ընկած է, նախեւառաջ, ողջամտությունը։ Հատկանշական է, որ, ըստ Գ․ Գուրզադյանի, այդ պետական բարձր պաշտոնը միտված էր կառավարման գործերում պ ե տ ա կ ա ն ողջամտության պահպանմանը։ Այսինքն՝ խոսքը ոչ թե անձնախնդիր, այլ դրանից էապես տարբեր եւ նշանակալիությամբ համընդհանուր ողջամտության մասին է, որից պետությունը պիտի շահեր, եթե նույնիսկ դրանից տուժելու էր պաշտոնյան։

Պատմությունը, ավաղ, չի պահպանել վկայություններ, թե պաշտոնավարման ընթացքում ի՛նչ ողջամիտ որոշումներ է ընդունել Օկտավիանոս կայսեր վերոնշյալ պաշտոնյան, բայց մի բան ակնհայտ է․

Մարկուս Ագրիպպասը հաստատ թույլ չէր տա տիրակալին՝ դեղնակտուց մի նորելուկի վստահել, օրինակ, տերության անվտանգության ոլորտը, որովհետեւ հենց ա՛յդ հանգամանքի (դեղնակտուցության) մեջ արդեն պետությանն սպառնացող վտանգ ու սպառնալիք կտեսներ։ 
Մարկուսը հաստա՛տ կտարհամոզեր տիրակալին, որ իր տերության արդարադատության ոլորտը չի կարելի վստահել մեկ ուրիշ դեռահասի՝ վերոնշյալ հիմնավորմամբ։ 

Մարկուսը խելքը հացի հետ չէր կերել, որ տիրակալին թույլ տար մի ամբողջ պրովինցիայի պրեֆեկտ նշանակել, օրինակ, Գ․ Սարգսյանի որակներով մեկին՝ նույնիսկ հեռավոր նեղոսամերձ պրովինցիաներում։ 

Եվ ոչ մի տարակույս չկա, որ Մարկուսը տիրակալին անպայման կհամոզեր, որ հանրային մթնոլորտի բարենպաստության առումով չի կարելի Ս․ Սաֆարյանի նման մեկին (այն ժամանակ էլ եղած կլիներ մի սաֆարյան․ դրանք միշտ լինում են) ՊԽ (պլեբսի խորհրդի) տրիբունի պաշտոն տալ՝ հաստատ կթունավորեր․․․

Օգոստոս Օկտավիանոսի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ համեմատությունները, բնականաբար, տեղին չեն․ վերջինիս համար անհամարժեք շոյիչ են, բայցեւ վիրավորական՝ հռոմեական պատմության համար։ Սակայն մի բան, այնուամենայնիվ, երկուսի մոտ ընդհանուր է՝ պետական ողջամտության կ ա ր ի ք ը։ Միայն թե, եթե այդ կարիքն իմաստնաբար գիտակցված էր Օգոստոսի կողմից, մեզանում փոքր-ինչ այլ է։ Մեր «Օգոստոսի» պարագայում այդ կարիքը թեեւ ամենասկզբից էլ ցցուն կերպով եղել է, կա, հիմա արդեն արտահայտվում է աստծու ամեն օր եւ, ցավոք, գնալով կործանարար դրսեւորումներ է ստանում։

Իսկ մենք Մարկուս Ագրիպպաս չունենք․․․
Պատմությունն այնուհետ հուշում է․ «Օկտավիանոսի կառավարումը նշանավորվեց հռոմեական քաղաքականության վրա սենատի ազդեցության կրճատմամբ եւ կայսեր պաշտամունքի սկզբնավորմամբ (վերջինիս արտահայտման ձեւերից է ամիսներից մեկը օ
գոստոս վերանվանելը)»։ Ակնհայտ է, որ գրեթե նույն իրավիճակն է մեզ մոտ՝ Նիկոլի կառավարումը նշանավորվում է Ազգային ժողովի անվերադարձ խամաճիկացմամբ եւ վարչապետի պաշտամունքի սկզբնավորմամբ։ 

Հետեւաբար չի բացառվում, որ Ազգային ժողովն առաջիկայում մի արտահերթ նիստ էլ կանցկացնի, որտեղ Ազգային ժողովի «Իմ քայլի» դեկանատից իրավաբանի դիպլոմ ստացած Վահագն Հովակիմյանը կերկերուն (երջանիկ հուզմունքից) ձայնով կզեկուցի նոր օրենսդրական նախաձեռնության մասին՝ հայկական հին տոմարի ահեկան ամիսը (որ հետո, չգիտես ինչու, վերանվանվել է ապրիլ) վերանվանել․․․ նիկոլոս։ 

Օգոստոս ամսանունի համաբանությամբ՝ լավ էլ «հնչում» է․ 2021 թվականի նիկոլոս ամսի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրը․․․

ՀԳ․ Մենք, իհարկե, ընդամենը փորձում ենք կանխատեսել պատմությունը, բայց այն գրում է ժամանակը, եւ, դժբախտաբար, գրում են պետական ողջամտության աղետալի դեֆիցիտով մեր թերուսները։